«Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:
Անուն: Կիմա
Հարց: Բարև Ձեզ: Կասեք` քանի՞ ամսականից է կարելի երեխային քայլասայլակ նստեցնել և գիշերանոթի սովորեցնել:
Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Կիմա: Քայլասայլակ օգտագործեք, երբ երեխան կանի իր քայլքի փորձերը. սովորաբար դա 7-8 ամսական հասակն է։ Իսկ գիշերանոթի պետք է սովորեցնել, երբ երեխան սկսում է գիտակցված կառավարել իր բնական պահանջները. սովորաբար դա 1,5-2 տարեկան հասակն է։
Անուն: Ալլա
Հարց: Բարև Ձեզ, խնդրում եմ, ինձ մի խորհուրդ տվեք: Փոքրիկս 1.5 ամսական է, արդեն հինգերորդ օրն է` աղիքները չեն գործել: Արդյո՞ք դա նորմալ է. փոքրիկս սնվում է միայն կրծքի կաթով:
Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Ալլա: Բացառապես կրծքով սնվող երեխան կարող է մինչև 2-3 օր չկեղտոտել, սակայն 5 օրը չափազանց երկար է, փորձեք գլիցերինի մոմիկով խթանել դեֆեկացիան և հետևեք ձեր ռացիոնին, օգտագործեք ավելի շատ բուսական սնունդ։
Անուն: Մարի
Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ: Փոքրիկս 3 տարեկան 6 ամսական է, ծնված օրվանից ունի շատ մեծ նշիկներ: Ամիսը մի քանի անգամ հիվանդանում է ու ստանում պարտադիր դեղորայքային բուժում: Այժմ լազերի միջոցով մասնագետը փորձում է փոքրացնել նշիկները և կանխել արդեն իսկ չափսերով մեծ ադենոիդի ավելի մեծանալը: Խնդրում եմ, ասեք`արդյունավե՞տ է, արդյոք, այս ամենը և վնաս չէ՞, արդյոք, երեխայիս: Կա՞ ավելի արդյունավետ միջոց, թե՞ ոչ: Նախապես շնորհակալ եմ:
Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Մարի։ Լազերը վնասակար չէ: Եթե ԼՈՌ մասնագետը որոշել է այդ բուժումը կիրառել, ապա վստահեք նրան։
Անուն: Մարգարիտա
Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ: Իմ փոքրիկն արդեն 6 ամսական է, ունի ատամ, ես նրան կրծքով չեմ կերակրում, տալիս եմ արհեստական կաթ, բացի այդ նաև հավելյալ սնունդ, կովի կաթ: Կարելի՞ է կովի կաթ, եթե նա դիաթեզ ունի, որը միշտ չի արտահայտվում: Կանխավ շնորհակալություն:
Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Մարգարիտա: Կովի կաթը խորհուրդ չի տրվում 1,5 տարեկանից փոքր երեխաներին, իսկ դիաթեզը կարող է առաջանալ հենց կովի կաթի պատճառով։
Անուն: Անուշ
Հարց: Բարև Ձեզ, իմ երեխան շուտով կլինի 40 օրական, սնվում է կրծքի կաթով, բայց ուտում է մոտ 10 րոպե կամ ավելի քիչ: Շատ ժամանակ կթում եմ կաթը և տալիս. չի բռնում կուրծքս: Սկզբի 15 օրը նաև արհեստական կաթ ենք տվել, որը բժիշկն էր նշանակել: Հիմա նրա մոտ դիսբակտերիոզ է, և աղիքային ցուպիկի դեղեր են նշանակել: Դա ինչի՞ց է առաջանում, վտանգավո՞ր է, պե՞տք է կտրել երեխային կաթից, թե՞ ոչ, նորմա՞լ է, որ քիչ է ուտում:
Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Անուշ, եթե ձեզ մոտ առատ կաթնարտադրություն է, երեխան կարող է հագենալ նաև 10 րոպեի ընթացքում։ Արտահայտված դիսբակտերիոզի ժամանակ կարելի է կիրառել պրոբիոտիկներ։
Անուն: Նելլի
Հարց: Հարգելի բժիշկ, երեխաս 6 ամսական է, ուզում եմ կաթից կտրել, քանի որ, նախ, շատ քիչ է կաթս և հետո երեխան չի ուտում, կթում եմ հետո տալիս: Ի՞նչ դեղ խմեմ, որ կաթս կտրվի:
Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Նելլի, եթե չունեք կաթնարտադրությունն ընկճելու լուրջ պատճառ, պետք չէ երեխային զրկել նույնիսկ քիչ քանակի կաթից։ Ավելացրեք նրա ռացիոնում հավելյալ սնունդը։ Օգտագործեք պտուկի սիլիկոնի կամ լատեքսի վերդիրներ, եթե երեխան չի հարմարվում ձեր պտուկին։
Անուն: Անի
Հարց: Բարև Ձեզ, երեխաս ծնվել է հուլիսի 3-ին, D վիտամին սկսել եմ տալ նոյեմբեր ամսից: Հունվարի կեսից գլուխը սկսել է քրտնել քնած ժամանակ, անհանգիստ շարժել քնի մեջ, գիշերները վատ քնել: Ասեմ նաև, որ ատամ դեռ չունի: Նման դրսեւորումը D վիտամինի պակասի՞ց է, թե՞ ատամների խնդիր է: Շնորհակալություն:
Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Անի: D վիտամին հարկավոր է տալ ամբողջ տարին, անկախ տարվա եղանակից, մինչև 3 տարեկան հասակը։ Միայն այդպես կարելի է կանխարգելել մանկական ռախիտ հիվանդությունը։ Որպեսզի հերքեք կամ հաստատեք երեխայի մոտ ռախիտը, խորհուրդ կտամ ստուգել երեխայի մեզը և արյան մեջ կալցիումը։
Անուն: Անի
Հարց: Բարև Ձեզ, աղջիկս 9 ամսական է, դեռ կերակրում եմ կրծքով: Հավելյալ սննդի անցել ենք 6 ամսականից, սակայն, կարելի է ասել, գրեթե չի ուտում. հազվադեպ է ուտում, այն էլ մրգեր: Ինչպե՞ս վարվեմ, դա ինչո՞վ է պայմանավորված:
Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Անի: Երեխայի ուտելիքի հանդեպ ճաշակը ձևավորվում է այս շրջանում և շատ կարևոր է, որ նրան առաջարկվող ուտելիքը լինի համեղ: Եթե դուք պատրաստում եք նրա ուտելիքը՝ առաջնորդվելով ոչ թե համով, այլ օգտակարությամբ կամ «չվնասակարությամբ», ապա դա կարող է լինել անհամ կամ անալի: Մի վախեցեք ուտելիքի մեջ ավելացնել աղ կամ շաքար, և երեխան անպայման կհավանի դա, չէ՞ որ նա ունի իր նախասիրությունները՝ կապված ուտելիքի քաղցր կամ աղի լինելու հետ։
Անուն Կարինե
Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ, աղջիկս 1 տարեկան 6 ամսական է, չի խոսում: Անհանգստանալու կարիք կա՞: Նախապես շնորհակալություն:
Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Կարինե: Երեխաների խոսքը չի զարգանում երկու հիմնական դեպքերում՝ երբ երեխայի հետ քիչ են շփվում (օրինակ` նա շատ ժամանակ է անցկացնում հեռուստացույցի կամ համակարգչի առջև) և երբ երեխան պարզապես խոսելու կարիք չունի (օրինակ` ծնողներն ամեն ինչ հասկանում են նրա ժեստերով, և կարիք չկա որևէ բան խոսքով բացատրելու): Դժվարություններ առաջանում են նաև բազմալեզու ընտանիքներում։ Ձեր երեխան իր տարիքում կարող է մեկ-երկու բառանի պարզ նախադասություններ ասել, բայց անգամ եթե դա էլ դեռ չկա, այդ տարիքում անհանգստանալու պատճառ չունեք։
Անուն: Հռիփսիմե
Հարց: Բարև Ձեզ, տղաս 1 տարեկան է, ալերգիա ունի շոկոլադից, ձվից, ցիտրուսներից: Ի՞նչ անել՝ այն վերացնելու համար: Ինչպես նաեւ տղայիս պուպուլիկը ոչ ամբողջապես է կպել, ի՞նչ խորհուրդ կտաք անել՝ հեշտ բացելու համար: Նախապես շնորհակալություն:
Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Հռիփսիմե: Ձեզ պարզապես պետք է չտալ երեխային այն սնունդը, որից առաջանում է ալերգիկ ռեակցիա։ Իսկ պուպուլիկի խնդրի լուծման համար դիմեք մանկական ուրոլոգի։