«Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:
Անուն: Արմինե
Հարց: Ի՞նչ կարող եմ տալ յոթ ամսական երեխայիս: Արդյոք կարո՞ղ եմ յոգուրտ տալ:
«Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:
Անուն: Արմինե
Հարց: Ի՞նչ կարող եմ տալ յոթ ամսական երեխայիս: Արդյոք կարո՞ղ եմ յոգուրտ տալ:
Պատասխան։ Հարգելի Արմինե, սկսեք Ձեր երեխային տալ բանջարեղենի պյուրե, հնդկացորենի, սպիտակաձավարի կամ եգիպտացորենի թանձր շիլա՝ կաթով և կարագով կամ բուսական յուղով պատրաստված։ Սպիտակուցային սնունդ՝ ձու, կաթնաշոռ, եփած անյուղ միս կամ ձկնեղեն` քերիչով անցկացրած վիճակում։ Կաթնաթթվային մթերք՝ կեֆիր, մածուն, թան։ Բազմազան մրգեր։ Ընտանեկան սեղանից լապշա, հաց և այլ մակարոնեղեն։ Կարող եք փոքրիկին տալ նաև մրգային հյութեր և կամպոտներ։ Սկսեք քիչ քանակներից (2-3 թ/գ) աստիճանաբար ավելացնելով մինչև 250 գ։
Անուն: Անի
Հարց: Բարև Ձեզ , փոքրիկս հինգուկես ամսական է, քաշը՝ 10 կգ, գլուխը շատ թույլ է պահում, միշտ կամ ուսերի աջ մասում է , կամ՝ ձախ: Ի՞նչ խորհուրդ կտաք:
Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Անի, խորհուրդ կտամ Ձեզ դիմել մանկական նյարդաբանի և զարգացման մանկաբուժի։
Անուն: Էլեն
Հարց: Բարև Ձեզ: Իմ փոքրիկը վեցուկես ամսական: Ամբողջ մարմնի վրա մանր, կարմիր գույնի ցաներ են հայտնվել: Հնարավո՞ր է, որ դա առաջացած լինի ծիրանի ու սալորի խառնուրդից պատրաստած հյութից: Ի՞նչ անեմ, որպեսզի անհետանան: Կանխավ շնորհակալություն :
Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Էլեն, իհարկե ծիրանից ու սալորից ալերգիկ ռեակցիան հնարավոր է։ Կարծում եմ մինչ իմ` Ձեր հարցին պատասխանելը և այն վեբ կայքում տեղադրելը, Դուք խնդիրը ինչ-որ կերպ լուծած կլինեք, ուստի ապագայի համար խորհուրդ կտամ Ձեզ նման դեպքերում դիմել բժշկի, այլ ոչ թե հարցը գրել կայքում և սպասել պատասխանի, քանի որ նման խնդիրները պետք է լուծել արագ։
Անուն: Անի
Հարց:Հարգելի բժիշկ, ինչո՞վ է պայմանավորված մեկ ամսական փոքրիկի խորխային հազը: Բժիշկը լսել է թոքերը, որոնք կոշտացած չեն: Փոքրիկս անհանգիստ չէ և տաքություն չունի: Կանխավ շնորհակալություն:
Պատասխան։ Հարգելի Անի, կդժվարանամ Ձեզ օգնել շփման այս ֆորմատով, քանի որ ես ո՛չ զննել եմ Ձեր փոքրիկին, ո՛չ էլ որևէ տեղեկություն ունեմ նրա անալիզների և առողջության մասին։
Անուն:Թամարա
Հարց:Բարև Ձեզ: Բալիկս մեկ տարեկան վեց ամսական է: Ոտքերի եղունգները շերտավորվում են և շուտ կոտրվում: Նշեմ, որ բալիկս ուտելու հետ որևէ խնդիր չունի, մանկաբույժն ասաց, որ վիտամինի պակասից է լինում, բայց որևէ նշանակում չարեց: Դուք ի՞նչ խորհուրդ կտաք:
Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Թամարա, խորհուրդ կտամ Ձեզ կալցիումով, ֆոսֆորով և երկաթով հարուստ սնունդը շատացնել երեխայի ռացիոնում և չմոռանալ վիտամին Դ-ի մասին։
Անուն: Մարինե
Հարց: Բարև Ձեզ: Ինչպե՞ս բարձրացնել երեխաների իմունիտետը ծով տանելուց առաջ: Ի՞նչ դեղորայք տանել մեզ հետ: Երեխաները երեք և հինգ տարեկան են: Շնորհակալություն:
Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Մարինե, եթե երեխան ծով գնալուց առաջ առողջ է, ապա պետք է ենթադրել, որ նրա իմունիտետի հետ ամեն ինչ կարգին է և պետք չէ միջոցներ ձեռնարկել այն ավելի բարձրացնելու համար։ Եթե երեք և հինգ տարեկան երեխաները գնում են ծով, դա դեռ չի նշանակում, որ վերադառնալիս նրանք պետք է հիվանդ լինեն։ Այնուամենայնիվ, խորհուրդ կտամ Ձեզ հետ ունենալ ջերմիջեցնող միջոց և դեղորայք լուծի դեմ` որպես առաջին օգնության միջոցներ։
Անուն: Սոֆի
Հարց: Բարև Ձեզ: Իմ աղջիկը երկու տարեկան հինգ ամսական է, արդեն ութ ամսականից նա տարօրինակ շարժում էր անում հետույքի հատվածով: Բժշկի դիմել եմ, շատ տարօրինակ բուժումներ են նշանակել, նույնիսկ մի անգամ հոգեմետ դեղ էին նշանակել, բայց վախեցա ու չտվեցի: Հետո կարծում էի տակդիրներից է: Բայց հիմա չի հագնում ու շարունակում է էլի անել, ու թվում է, որ բոլոր մկանները ձգված են, ու ինքը շատ նյարդային է: Մի խորհուրդ տվեք, ես շատ եմ անհանգստանում , երբ այդպես է անում: Նախապես շատ շնորհակալություն:
Պատասխան։Բարև ձեզ հարգելի Սոֆի, ցավում եմ, բայց ոչնչով չեմ կարող օգնել, քանի որ դուք չպարզաբանեցիք, թե ինչ շարժումների մասին է խոսքը։ Ես չկարողացա հասկանալ խնդրի էությունը:
Անուն:Թերեզա
Հարց: Իմ բալիկը մեկ կիլոգրամ նիհարեց 20 օրում: Ի՞նչ կարող եմ կերակրել, որ քաշը ավելանա:
Պատասխան։ Հարգելի Թերեզա, նախ պարզեք նիհարելու պատճառը, որպեսզի որևէ հիվանդություն բաց չթողնեք: Եթե ամեն ինչ կարգին կլինի, կարող եք երեխայի ռացիոնում ավելացնել սպիտակուցներով և ճարպերով հարուստ սննդամթերքը։
Անուն:Հեղինե
Հարց: Հարգելի բժիշկ , չգիտեմ հարցս ճիշտ մասնագետի եմ ուղղում, թե ոչ, բայց խնդրում եմ խորհուրդ տաք: Ինչպե՞ս անեմ, որ տղաս սկսի միրգ ուտել: Նա արդեն երկու տարեկան է: Շնորհակալություն:
Պատասխան։ Հարգելի Հեղինե, կարող եք մրգերը տալ հարիչով (բլենդեր) հարած վիճակում կամ պյուրեների տեսքով, պաղպաղակի մեջ կտրատած և այլն։
Անուն: Թերեզա
Հարց: Բարև Ձեզ, իմ բալիկը վեց ամսական է: Արդեն կարո՞ղ եմ բանան և կաթնաշոռ տալ նրան:
Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Թերեզա, իհարկե, կարող եք տալ։ 6-12 ամսական փոքրիկին կարող եք տալ նաև բանջարեղենի պյուրե, հնդկացորենի, սպիտակաձավարի կամ եգիպտացորենի թանձր շիլա՝ կաթով և կարագով կամ բուսական յուղով պատրաստված։ Սպիտակուցային սնունդ՝ ձու, կաթնաշոռ, եփած անյուղ միս կամ ձկնեղեն` քերիչով անցկացրած վիճակում։ Կաթնաթթվային մթերք՝ կեֆիր, մածուն, թան։ Բազմազան մրգեր։ Ընտանեկան սեղանից լապշա, հաց և այլ մակարոնեղեն։ Մրգային հյութեր և կամպոտներ։ Սկսեք քիչ քանակներից (2-3 թ/գ), աստիճանաբար ավելացնելով մինչև 250գ։