«Փոքրիկս շատ քչակեր է, ցերեկներն անգամ կրծքից է հրաժարվում: Ի՞նչ խորհուրդ կտաք». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Աստղիկ

Հարց. Ծնված օրվանից տղայիս ջերմությունը չափում եմ հետանցքից, սխա՞լ է արդյոք դա: Այժմ նա երկու տարեկան է: Վերջերս նրա  ջերմությունը տատանվում է 37-37,7 սահմաններում, բայց առավոտյան ժամերին չի ունենում: Պե՞տք է անհանգստանալ:

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Աստղիկ

Հարց. Ծնված օրվանից տղայիս ջերմությունը չափում եմ հետանցքից, սխա՞լ է արդյոք դա: Այժմ նա երկու տարեկան է: Վերջերս նրա  ջերմությունը տատանվում է 37-37,7 սահմաններում, բայց առավոտյան ժամերին չի ունենում: Պե՞տք է անհանգստանալ:

Պատասխան. Նախ և առաջ  Ձեզ խորհուրդ կտամ այլևս զերծ մնալ ռեկտալ ջերմաչափումից: Երկու տարեկան տղային դա դժվար թե հաճելի լինի: Մարդու մարմնի ջերմաստիճանը փոփոխվում է կապված օրվա ժամից, երեկոյան ժամերին ջերմությունն  ավելի բարձր է, քան առավոտյան: Ռեկտալ ջերմությունն ավելի բարձր է, քան անութափոսինը, իսկ պարբերական  ջերմաչափումները ձեր ուշադրությունը կշեղեն  երեխայի ընդհանուր վիճակից դեպի չոր թվերը, և  մոռանալով, որ երեխան իրեն լավ է զգում և առողջ է,  կսկսեք բուժել այն թվերը, որոնք կստանաք ջերմաչափումից:

 

Աննա

Հարց. Աղջիկս 6 ամսական է, շատ քչակեր է: Մտածում էինք մի փոքր մեծանալուց հետո ավելի շատ կուտի, սակայն գնալով ավելի քչակեր է դառնում:  4 ամսականից նրան սկսեցինք հավելյալ սնունդ տալ, բայց ամեն ինչ ստիպելով է ուտում:  Ցերեկներն անգամ կրծքից է հրաժարվում: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Պատասխան. Հարգելի Աննա, երեխային առհասարակ պետք չէ  ստիպել ուտել, դա նրա մոտ կառաջացնի զզվանք ուտելու հանդեպ: Երեխայի կրծքից հրաժարվելու պատճառներից մեկը կաթի համի փոփոխությունն է, որը կախված է մոր բիոռիթմերից և կերած կերակուրներից: Սուր համով ուտելիքը սրում է նաև կաթի համը (օրինակ սխտոր, կծու, թթու և այլն): Եթե երեխան մեկ օր քիչ ուտի,  նրա հետ ոչ մի բան չի պատահի, սպասեք մինչև նա ինքը կպահանջի:

Արև

Հարց. Տղաս 5 տարեկան է,նա շատ վատ ախորժակ ունի, գրեթե ոչինչ չի ուտում,երբեմն աչքերի տակ կապույտ փոսեր են հայտնվում ու վերանում: Առավոտյան բերանից տհաճ հոտ է գալիս, հաճախ լեզվի վրա սպիտակ փառ է նկատվում։ Խնդրում եմ ասեքՙ մոտավորապես ինչի՞ց կարող է դա լինել: Նախապես շնորհակալություն

Պատասխան. Հարգելի Արև, խնդիրը հավանաբար կապված է ստամոքսի հետ, դիմեք մանկական գաստրոէնտերոլոգի:

Հայկուհի

Հարց. Երեխաս 1 տարեկան է:  6 ամսականում նրա  մոտ ստաֆիլակոկ էր, անդադար փսխում էր: Այդ ընթացքում ատամ ծկթեց: Այժմ դարձյալ փսխումներ ունի, որից տհաճ հոտ է գալիս:  Հնարավո՞ր է նորից ատամ է հանում, թե՞ ստաֆիլակոկի նշան է:

Պատասխան. Հարգելի Հայկուհի, Ձեր նշած ախտանշանները  չի կարելի կապել ատամների հետ, դա կարող է  աղիքային ինֆեկցիայի և ստամոքսի խնդրի հետ կապված լինել: Դիմեք մանկական գաստրոէնտերոլոգի, որպեսզի պարզեք պատճառը:

Հայկուհի

Հարց. Բալիկս  1 տարեկան է:  Ծնվել է 2 կգ 900գ քաշով,  հիմա կշռում է 7.5 կգ:  Շատ կամակոր է, քիչ է ուտում:  Ի՞նչ խորհուրդ կտաք:

Պատասխան. Հարգելի Հայկուհի, երեխայի սննդացանկում  շատացրեք սպիտակուցային և ճարպային սնունդը, հիմնականում կենդանական ծագման:

Սոնա

Հարց. Տղաս 6 ամսական է, և նրա բժիշկը հավաստում է, որ տղայիս սեռական օրգանի արտաքին մաշկը չի առանձնանում ներքին մասից, գլխիկն  ամբողջովին չի բացվում: Ինչի հետևանքով վիրահատական միջամտություն է հարկավոր: Ի՞նչ կարող եմ անել:

Պատասխան. Հարգելի Սոնա, տղա երեխաների մոտ գոյություն ունի ֆիզիոլոգիական ֆիմոզ հասկացություն, այսինքն առնանդամի ծայրային մաշկը (թլիպը) ամբողջությամբ չի իջնում և մերկացնում նրա գլխիկը: Եթե չկան բորբոքման նշաններ (ուռածություն, կարմրություն, ցավ), ապա պետք չէ  ձեռք տալ և փորձել բացել գլխիկը: Անհանգստության դեպքում դիմեք մանկական ուրոլոգի:

Հերմինե

Հարց. Տղաս 3,8 տարեկան է,հազում էր,  3 Ցեֆտրիակսոն ենք ներարկել:  Ի՞նչ հետևանք կարող է դա ունենալ: Շնորհակալություն:

Պատասխան. Հարգելի Հերմինե, Ցեֆտրիակսոնը  հակաբիոտիկ է, բավականին ուժեղ: Իմ խորին համոզմամբ հակաբիոտիկի կարիք չկա, եթե բակտերիալ ինֆեկցիայի նշաններ առկա չեն, քանի որ հակաբիոտիկն  ազդում է միայն բակտերիայի վրա, այլ ոչ վիրուսի: Իսկ երեք օրվա  հակաբակտերիալ թերապիան կճնշի, բայց չի վերացնի բակտերիալ ինֆեկցիան օրգանիզմից, և հետագայում իսկապես հակաբակտերիալ թերապիա պահանջող հիվանդության ժամանակ բուժումը տվյալ հակաբիոտիկով կարող է դժվարանալ այդ հակաբիոտիկի նկատմամբ կայունություն ձեռք բերած բակտերիաների պատճառով:

Մարինա

Հարց. Ինչպե՞ս կարող եմ իմանալ` կշտանում է արդյոք երեխան կրծքի կաթից:

Պատասխան: Հարգելի Մարինե, երեխան կշտանում է, թե ոչ,  կարող եք հասկանալ նրա վարքագծից: Սոված երեխան ավելի գրգռված է, հաճախակի է ուտել ուզում (կերակրումների միջակայքը  2-3 ժամից կարճ): Կարող եք նաև կշռել երեխային, որպեսզի հետևեք քաշի դինամիկային

Արմինե

Հարց: Աղջկաս դեմքին կար 1 կամ 2 խալ,բայց դրանք շատացել են:Կցանկանայի իմանալ` արդյո՞ք դա կապված է որևէ առողջական խնդրի հետ, թե՞ նորմալ է:Աղջիկս 5 տարեկան է:

Պատասխան. Հարգելի Արմինե, խալերի շատ չնչին տոկոսն է բնածին ծագման, մնացածը առաջանում են հիմնականում մինչև 25 տարեկան հասակը: Խալերի առաջացման մեջ իհարկե մեծ դեր ունի ժառանգականությունը, սակայն գոյություն ունեն մի շարք արտաքին գործոններ, որոնք ազդում են խալերի առաջացման վրա. օրինակ` երկար ժամանակ  արևի տակ գտնվելը, դեռահասության շրջանը: Ամեն  դեպքում դիմեք մաշկաբանի:

Հերմինե

Հարց. Տղաս 3,8 տարեկան է: Ատամը պլոմբել են քիմիական պլոմբով:  Արդյո՞ք վտանգավոր է դա:

Պատասխան. Հարգելի Հերմինե,  ներայիս պլոմբանյութերը բավականին անվտանգ  են, բացի այդ,  կոտրված կամ վնասված ատամն  ինֆեկցիայի մուտքի դուռ է և իրենից պոտենցիալ վտանգ է ներկայացնում: Իմ կարծիքով ձեր որոշումը միանգամայն ճիշտ և արդարացված:

Մերինե

Հարց. Աղջիկս  հինգ տարեկան է: Գիշերամիզություն չունի, սակայն երբ ծիծաղում է,  չի կարողանում զսպել և միզում է: Օրինակ, եթե 10 րոպե առաջ միզած  լինի, միևնույն է,  ծիծաղելիս  էլի միզում է: Երկու տարի է ինչ այդպես է: Ի՞նչ կարող եմ անել:

Պատասխան: Հարգելի Մերինե, դա բավականին լուրջ խնդիր է, որը հետագայում երեխայի կյանքի որակը զգալի կվատացնի: Դիմեք մանկական ուրոլոգի և զբաղվեք դրանով:

Արուսիկ

Հարց. 9 ամսականում հանձնել ենք արյան անալիզ, աղջկաս հեմոգլոբինը եղել է 108: Տեղամասային մանկաբույժն ասաց, որ նորմայի սահմանում է:Վերջերս այլ մանկաբույժից տեղեկացա, որ դա համարվում է ցածր ցուցանիշ: Աղջիկս հիմա 1 տարեկան 1 ամսական է: Կերակրացանկի մեջ ավելացրել եմ երկաթ պարունակող սննդի քանակը: Խնդրում եմ ասել` իրո՞ք ցածր ցուցանիշ է, և կարիք կա դեղեր ընդունելու: Կանխավ շնորհակալ եմ:

Պատասխան: Հարգելի Արուսիկ, Ձեր աղջկա մոտ  հեմոգլոբինի ցուցանիշը տարիքային նորմայի ստորին սահմանում է, սակայն դա պատճառ չէ, որպեսզի սկսեք դեղորայքային բուժում: Եթե երեխան պրակտիկորեն առողջ է,  կարիք չկա անհանգստանալու և  թվերին ուշադրություն դարձնելու: Եթե երեխային թեյ եք տալիս, ապա դադարեցրեք, քանի որ թեյը դժվարացնում է երկաթի ներծծումն  աղիներում: