«Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:
Գոհար
Հարց. Հարգելի բժիշկ, երեխաս 1 ամսական է: Լացելու ընթացքում ձեռքը դողում է: Բացի այդ, լացելու ժամանակ մեկ աչքը փակվում է և փառակալվում: Տեղամասի բիշկը նշանակել է Պանտոգամ, Ցիննարիզին, Ուրսոսան, Տետրացիկլին: Պե՞տք է, արդյոք, անհանգստանալ:
Պատասխան. Բարև ձեզ, հարգելի Գոհար: Միանգամից ասեմ Ձեզ, որ նման դեղորայքային կազմը մեկ ամսական երեխային նշանակելու համար լուրջ պատճառ է պետք: Եթե ձեր նկարագրած դողը երկկողմանի է և երբեմն ընդգրկում է նաև կզակը, ապա դա կոչվում է տրեմոր, որը վաղ հասակի երեխաների մոտ հաճախ է հանդիպում, և որեւէ բուժման կարիք չկա, բավական է ընդամենը երեխային գրկել այդ ժամանակ, և այն կանցնի:
Անի
Հարց. Տղաս 2 տարեկան է և բավական երկար ժամանակ է արդեն (յոթ ամիս) երեկոյան՝ քնելուց առաջ, վարսակի շիլա է ուտում: Վնասակար չէ՞, արդյոք, նրա առողջությանը: Պարզապես նա շատ վատ է ուտում օրվա ընթացքում, և մտածում եմª վարսակը կուշտ կպահի գիշերը:
Պատասխան. Հարգելի Անի, վարսակը շատ բալանսավորված սնունդ է և ունի բազմաթիվ առողջարար հատկություններ: Դուք անհանգստանալու պատճառ չունեք:
Զինա
Հարց. Հարգելի բժիշկ, աղջիկս ծնվել է 8 ամսականում՝ 46 սմ հասակով: Այժմ 1 տարեկան 8 ամսական է, հասակը 77 սմ է: Տղաս ծնվել է 49 սմ հասակով, այժմ երեք տարեկան է, բայց հասակը 91 սմ է: Սնվում են շատ լավ: Նախընտրում են բուսական սնունդը կենդանականից: Ինչը՞ է կարող է դանդաղ աճի պատճառ լինել:
Պատասխան. Բարև ձեզ, հարգելի Զինա, ձեր երկու երեխաների մոտ էլ հասակի դինամիկան փոքր-ինչ հետ է ընկնում նորմայից, աղջկա մոտ ավելի շատ, քան տղայի: Եթե դուք և ձեր ամուսինը բարձրահասակ չեք, ապա երեխաների հասակի դանդաղ դինամիկան կարող է որոշ չափով կոնստիտուցիոնալ լինել, սակայն խորհուրդ կտամ ձեզ դիմել մանկաբուժի և զարգացման մանկաբուժի, որպեսզի պարզեք՝ կա խնդիր, թե ոչ:
Նառա
Հարց. Հարգելի բժիշկ, երեխաս 1.5 տարեկան է, նրա հեմոգլոբինը արյան մեջ 109 է, 6 ամիս առաջ եղել է 139: Կա՞, արդյոք, անհանգստանալու կարիք: Եթե այո, ապա ի՞նչ կարող եմ անել: Նշեմ, որ երեխայիս նշանակել են Ֆերում լեկ և C վիտամին: Կանխավ շնորհակալ եմ:
Պատասխան. Հարգելի Նառա, 109 հեմոգլոբինը մոտ է տարիքային նորմայի ստորին սահմանին: Խորհուրդ կտամ ձեզ կրկնել արյան ընդհանուր քննությունը մեկ այլ լաբորատոր ախտորոշիչ կենտրոնում: Եթե նույն պատասխանը ստանաք, ապա շարունակեք օգտագործել նշանակված դեղորայքը և երեխայի սննդացանկում ավելացրեք մսամթերքը՝ առավելապես տավարի մսի տեսքով:
Մարի
Հարց. Աղջիկս 5 ամսական է: Նրա կղանքի մեջ լորձ կա: Տալիս եմ երիցուկի թեյ: Կօգնի՞ , արդյոք, դա:
Պատասխան. Հարգելի Մարի, ես խորհուրդ կտամ Ձեզ խուսափել թեյերից մինչ 1-1,5 տարեկան հասակը, քանի որ այն խոչընդոտում է կաթից միկրոէլեմենտների ներծծումը: Պետք է հետազոտել և հասկանալ խնդրի պատճառը՝ լուծելով այն:
Զինա
Հարց. Ի՞նչ վիտամիններ կառաջարկեք երեխաներիս հասակի ավելացման համար:
Պատասխան. Հարգելի Զինա, եթե երեխան առողջ է և ադեկվատ սնվում է, ապա կարիք չկա որևէ վիտամինային հավելումների: Բացի այդ տարբեր տարիքային խմբերում տարբեր վիտամիններ են խորհուրդ տրվում:
Անուշիկ
Հարց. Հարգելի բժիշկ, աղջիկս 3 ամսական է: Կցանկանայի իմանալ՝ ի՞նչ կերակրեմ, որպեսզի գազեր չունենա:
Պատասխան. Հարգելի Անուշիկ, գազերի խնդիրը երեխաների մոտ հիմնականում մինչև 3-4 ամսականն է լինում, այնուհետև խնդիրն ինքնուրույն լուծվում է: Կերակրող մոր համար որևէ ուտելիքի առումով սահմանափակում չկա, եթե, իհարկե, այն երեխայի մոտ ալերգիկ ռեակցիա չի առաջացնում: Բացի այդ, կան նաև բազմաթիվ դեղորայքներ՝ գազերի դեմ: Փորձեք և կգտնեք որևէ մեկը, որը կօգնի երեխային:
Լուսինե
Հարց. Աղջիկս 5 ամսական է: Վերջերս նկատեցի, որ պարանոցի վրա՝ ականջի ետևի մասում, երկու ճարպագունդ կա, որոնք շարժվում են ցանկացած կողմ: Չեն մեծանում, սակայն շատ անհանգիստ եմ: Դիմել եմ բժշկի, ասացին՝ ժամանակի ընթացքում կանցնի: Ի՞նչ խորհուրդ կտաք:
Պատասխան. Հարգելի Լուսինե, դուք պետք է դիմեք մանկական վիրաբուժի: Հնարավոր է իսկապես որեւէ վտանգավոր բան չլինի, սակայն պետք է համոզվել դրանում:
Էսթեր
Հարց. Փոքրիկս 5 ամսական է և արդեն կշռում է 9 կգ: Ծնվել է 3.3 կգ: Նշեմ, որ նա միայն մեկ երիկամ ունի: Կարո՞ղ է դա լինել քաշի ավելացման պատճառը:
Պատասխան. Հարգելի Էսթեր, մարդ կարող է ապրել ամբողջ կյանքը մեկ երիկամով՝ առանց որևէ խնդրի: Սակայն եթե որևէ խնդիր լինի միակ երիկամի հետ, կարող են զարգանալ մի շարք բարդություններ և, իհարկե, այտուցներ: Եթե դուք կասկած ունեք, որ ձեր երեխայի հավաքած քաշն առողջ քաշ չէ, ապա խորհուրդ կտամ Ձեզ դիմել մանկական նեֆրոլոգի և հերքել երիկամային խնդիրը:
Անի
Հարց. Երեխաս 6 ամսական է: Ի՞նչ հավելյալ սնունդ խորհուրդ կտաք և որքա՞ն չափաքանակով:
Պատասխան. 6-12 ամսեկանում սկսեք բանջարեղենի պյուրե տալ՝ դդմով, կարտոֆիլով, գազարով կամ ճակնդեղով: Թանձր հնդկացորենի, սպիտակաձավարի կամ եգիպտացորենի շիլա՝ կաթով և կարագով կամ բուսական յուղով պատրաստված: Սպիտակուցներով հարուստ սննդամթերք՝ ձու, կաթնաշոռ, եփած անյուղ միս կամ ձկնեղեն քերիչով անցկացրած: Ուտելիք ընտանեկան սեղանից՝ լափշա, հաց, այլ մակարոնեղեն: Բազմազան մրգեր՝ խնձոր, տանձ, դեղձ, ծիրան, խաղող, նարինջ կամ մանդարին: Կաթնաթթվային մթերք՝ մածուն, կեֆիր, նարինե կամ թան: Վաղ հասակի երեխաներին խորհուրդ չի տրվում տալ թեյ, քանի որ թեյը խանգարում է երկաթի յուրացմանը: Եթե երեխան կերակրվում է կրծքով, հավելյալ սնունդը տվեք օրվա ընթացքում երեք անգամ՝ կրծքով կերակրելուց հետո: Եթե երեխան կրծքով չի կերակրվում, հավելյալ սնունդը տվեք օրվա ընթացքում հինգ անգամ: Սկսեք տալ հավելյալ սնունդ օրական 1-2 անգամ` աստիճանաբար 1-2 թեյի գդալից հասցնելով մինչև 250 գ-ի:
Անահիտ
Հարց.Փոքրիկս 10 ամսական է և սնվում է արհեստական կաթով: Մինչև ե՞րբ պետք է շարունակեմ կերակրման նույն ռեժիմը:
Պատասխան. Հարգելի Անահիտ, 10 ամսեկան երեխան պետք է ուտի ընտանեկան սեղանից գրեթե ամեն ինչ, իսկ կաթն աստիճանաբար դառնա երկրորդական:
Անի
Հարց. Հղիությանս 35 շաբաթականում երեխայիս մոտ առկա է եղել ձախակողմյան պիէլեկտազիա՝ 1,2 սմ չափով: Արդեն 3 ամսական է և միզելու հետ որևէ խնդիր չունի: Կարիք կա՞, արդյոք, նկարելու երիկամը: Եթե այո, ապա որտե՞ղ: Բացի դա, տղայիս ամորձին պարկում չի գտնվում, երբեմն հայտնվում է: Ի՞նչ մասնագետի կարող եմ դիմել:
Պատասխան. Ձեզ հարկավոր է դիմել մանկական նեֆրոլոգի և հետազոտել երեխայի երիկամները, որպեսզի համոզվեք, որ հիվանդությունը նահանջել է: Իսկ ամորձու խնդրի համար դիմեք մանկական վիրաբուժի: Նման դեպքերում սովորաբար վարում են սպասողական տակտիկա մինչև 1 տարեկան, և եթե մինչ այդ ամորձին չի ֆիքսվում փոշտում, ապա վիրահատում են:
Ռիտա
Հարց. Ինչպե՞ս կանխեմ 5 տարեկան աղջկաս գիշերամիզությունը: Տարբեր միջոցներ եմ կիրառել, սակայն անարդյունք:
Պատասխան. Հարգելի Ռիտա, խորհուրդ կտամ դիմել մանկական նյարդաբանի: