«Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:
Նառա
Հարց: Իմ փոքրիկը 1,3 տարեկան է, նրա ոտքերը քրտնում են: Ի՞նչ կարող եմ անել և ի՞նչն է դրա
«Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:
Նառա
Հարց: Իմ փոքրիկը 1,3 տարեկան է, նրա ոտքերը քրտնում են: Ի՞նչ կարող եմ անել և ի՞նչն է դրա պատճառը:
Պատասխան: Հարգելի Նառա, մինչև 1 տարեկան երեխաների մոտ դա կարող է դիտարկվել որպես նորմայի տարբերակ: Ժամանակի ընթացքում երեխայի ջերմակարգավորման ֆունկցիան բարելավվում է, և այդ երևույթը վերանում է: Սակայն քրտնող ոտքերը ավելի մեծ տարիքում կարող են լինել ավելի լուրջ հիվանդության նշաններից մեկը, օրինակ` ռախիտ, անոթային դիստոնիա, ճիճվակրություն, էնդոկրին խանգարումներ կամ ուղակի անհարմար կոշիկներ:
Ռոզա
Հարց: Տղաս 8,5 ամսական է, երբ փորձում եմ օգնել նրան քայլել, նա սկսում է լացել և ոտքերը ձգում է: Նաև խադունոկ չի մտնում: Անհանգստանւմ եմ: Ինչպե՞ս օգնեմ նրան: Նշեմ որ ծնվել է 2.900կգ քաշով, 49սմ հասակով:
Պատասխան: Հարգելի Ռոզա, 8,5 ամսական երեխան կարող է ինքնուրույն նստել, շուռ գալ փորիկի վրա, կարող է նույնիսկ չոչ անել, բայց քայլելու համար դեռ շուտ է: Խթանեք նրան, որ չոչ անի, իսկ քայլելը մի քիչ հետաձգեք:
Գոհար
Հարց: Երեխաս 5 ամսական է ու անընդհատ լեզուն դուրս է հանում , անընդհատ մատները բերանն է մտցնում, փորձում է քորել լնդերը, դրանք ինչի՞ նշան կարող են լինել:
Պատասխան: Հարգելի Գոհար, այդ տարիքի երեխայի համար նորմալ է ձեռքը բերանը տանելը: Վաղ հասակում աշխարհի հետ ծանոթանում են նաև համտեսի միջոցով, իսկ լեզուն դուրս հանելն ինքնին ախտանիշ չի համարվում, եթե իհարկե դրա հետ մեկտեղ այլ նշաններ չկան:
Քրիստինե
Հարց: Իմ երեխայի գլխին 5 ամսականից փոքր հատված կարմիր և ուռած է, հիմա 10 ամսական է, էլի կա նույն ձև: Ի՞նչ անեմ:
Պատասխան: Հարգելի Քրիստինե, ես Ձեզ դժվարանում եմ օգնել, քանի որ չեմ տեսել դա: Խորհուրդ կտամ ցույց տալ բժշկի:
Աննա
Հարց: Իմ փոքրիկը 1 տարեկան 7 ամսական է: 2 շաբաթ կլինի, կովի կաթ էր խմում քնելուց առաջ, դրանից հետո թուշիկները սկսեցին ցանավորվել, հիմա չի խմում,բայց ցանավորումը շարունակական է լինում, երբ քաղցր է ուտում կամ բանան:Եթե չեմ սխալվում, դիաթեզ է: Ի՞նչ քսուկներ կարելի է օգտագործել և ի՞նչ կարելի է անել:
Պատասխան: Հարգելի Աննա, դա կարող է լինել դիաթեզ: Նախ և առաջ մի տվեք երեխային այն ուտելիքները, որոնք առաջացնում են նման վիճակ: Եթե ցանը ինքնուրույն չանհետանա, ապա կարող եք որևէ հակաալերգիկ քսուք օգտագործել:
Մալվինա
Հարց: Բալիկս 3 տարեկան է, ուզում եմ իմանալ ,թե ի՞նչ վիտամին կարելի է տալ:
Պատասխան: Հարգելի Մալվինա, եթե երեխան առողջ է, բավարար սնվում է, հաճախ չի հիվանդանում, ապա ավելորդ վիտամինների կարիք չկա:
Մարիամ
Հարց: Բժիշկ ջան, իմ առաջնեկին ունեցել եմ շատ դժվարությամբ: Պորտալարը 3 անգամ փաթաթվել էր պարանոցին: Իսկ գլխուղեղի վրա այտուց էր առաջացել դժվար ծննդաբերելուց: Բացի այդ, հղիության ընթացքում ես գրիպով եմ հիվանդացել, ու նա թոքաբորբով է ծնվել: Հիմա նա արդեն մեկ ամսական է ու շնչում է արհեստական շնչառության ապարատով: Ի՞նչ կասեք իմ երեխայի հետագայի մասին:
Պատասխան: Հարգելի Մարիամ, ես, լինելով նորածնային ինտենսիվ թերապիայով զբաղվող բժիշկ, այնուամենայնիվ տվյալ պարագայում ինձ կոմպետենտ չեմ համարում խոսել ձեր երեխայի վիճակի և ապագայի մասին, քանի որ ես չունեմ ոչ մի տեղեկություն նրա մասին: Ձեր հարցն ուղղեք նրա բուժող բժշկին:
Սոֆի
Հարց: Բալիկս 5 ամսական է: Վերջերս նկատել եմ, որ ոտքերը (ծնկներից ներքև) սկսել են կորանալ: Ի՞նչ խորհուրդ կտաք:
Պատասխան: Հարգելի Սոֆի, կրծքի հասակի երեխաների մոտ ոտքերի որոշակի կորությունը համարվում ե նորմալ, սակայն եթե դրա հետ մեկտեղ կան ուրիշ նշաններ, որոնք Ձեզ անհանգստացնում են, կարող եք դիմել մանկական ոսկրաբանի:
Քնար
Հարց: Իմ բալիկը 10 ամսական է, 2 շաբաթ առաջ մեր տեղամասի պոլիկլինիկայում արյուն են վերցրել հեմոգլոբինի համար, ու ասել են 72 է ու նորմայի մեջ է: Խնդրում եմ, կասեք` նորմա՞լ է, թե՞ ոչ:
Պատասխան: Հարգելի Քնար, 10 ամսական երեխայի հեմոգլոբինի արժեքը պետք է 100 և ավելի լինի: Պետք է գտնել պատճառը և շտկել անեմիան:
Տաթևիկ
Հարց: Աղջիկս 1,5 տարեկան է, սրատուտ տեսակի ճիճու ունի։ Ուզում էի իմանալ ինչի՞ց է առաջանում և ի՞նչ անել, որպեսզի վերանան։ Տանը շունիկ ունենք։ Հնարավո՞ր է շան հետ շփումից առաջացած լինի ճիճուն։
Պատասխան: Հարգելի Տաթևիկ, շատ հաճախ հենց ընտանի կենդանիներից էլ վարակվում են երեխաները: Շանը հարկավոր է ճիճվաթափ անել, իսկ երեխային հակահելմինթոզ դեղորայք տալ և հետևել անձնական հիգիենային:
Ս.Մ
Հարց: Աղջիկս 8 ամսական է , քաշը 6 կգ 800 գ է, արդյո՞ք նորմալ է նման քաշը 8 ամսական երեխայի համար, նշեմ նաև, որ ծնվել է 3 կգ 600 գ քաշով:
Պատասխան: Հարգելի Ս.Մ, Ձեր բալիկի քաշը մի քիչ հետ է ընկնում նորմայից: Եթե ունեք նրա առողջության անձնագիրը, ապա կարող էք ինքնուրույն հետևել երեխայի քաշի դինամիկային: