«Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:
Իրինա
Հարց: Իմ տղան 12 տարեկան է, սոնոգրաֆիան ցույց տվեց, որ վահանաձև գեղձը նորմայից փոքր է, մարմնի քաշը նույնպես 5
«Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:
Իրինա
Հարց: Իմ տղան 12 տարեկան է, սոնոգրաֆիան ցույց տվեց, որ վահանաձև գեղձը նորմայից փոքր է, մարմնի քաշը նույնպես 5
կգ պակաս է նորմայից (25 կգ): Խնդրում եմ ասեք` ինչքանո՞վ է դա վտանգավոր, ի՞նչ անալիզներ պետք է հանձնենք:
Պատասխան: Հարգելի Իրինա, քանի որ ես չգիտեմ, թե ինչի համար է որոշում կայացվել հետազոտել երեխայի վահանաձև գեղձը, կոնկրետ պատասխան տալ դժվարանում եմ: Սակայն հնարավոր է, կարիք լինի հենց վահանաձև գեղձի հորմոնների անալիզ հանձնել նրա ֆունկցիան ստուգելու նպատակով: Իսկ ինչ վերաբերում է քաշին, ապա կարող է ուղղակի լինել քաշի դեֆիցիտ, առանց որևէ լուրջ պատճառի:
Ասյա
Հարց: Իմ տղան 8 ամսական է, բայց ազատ չի նստում և չոչ էլ չի անում: Մտահոգվելու կարիք կա՞: Եվ մի հարց էլ` քանի՞ մլ կաթնային խառնուրդ պետք է խմի օրվա ընթացքում:
Պատասխան: Հարգելի Ասյա, 8 ամսական երեխան բացի կաթնախառնուրդից պետք է ուտի նաև բազմաթիվ ուտելիքներ ընտանեկան սեղանից` հիմնականում տարբեր թանձր շիլաների տեսքով, պետք է խմի տարբեր հեղուկներ: Այս պարագայում հաշվել, թե օրական քանի մլ հեղուկ ու քանի մգ շիլա կերավ երեխան, մեղմ ասած, դժվար է: Այդ պատճառով ավելի հեշտ է հետևել նրա քաշի դինամիկային: 8 ամսական երեխան 7-9 կգ պետք է լինի: Իսկ ինչ վերաբերում է նստելուն, ապա երեխան կարող է, օրինակ` 9 ամսականում նստել, և դա նորմայից դուրս չի համարվի: Եթե Ձեզ երեխայի առողջության հավաստագրի հետ նաև առողջության անձնագիր են տվել, ապա կարող եք դրանում տեսնել երեխայի վաղ հասակի զարգացման նորմաները:
Արփինե
Հարց: Ես ունեմ երկու հարց: Բարեկամիս բալիկն երկու տարեկան է, սակայն չի խոսում, նույնիսկ բառեր չի ասում, խնդրում եմ ասեք` անհանգստանալու կարիք կա՞, թե՞ ոչ: Իսկ աղջիկս հինգ տարեկան է, քնած ժամանակ ատամները շխշխկացնում է, հնարավո՞ր է, որ ճիճու ունենա:
Պատասխան: Հարգելի Արփինե, 2 տարեկան երեխան պետք է գոնե բառեր արտասանի, այս դեպքում հարկ կա խորհրդակցել զարգացման մանկաբուժի և լոգոպեդի հետ համատեղ: Իսկ քնած ժամանակ ատամները շխշխկացնելը կարող է լինել ճիճվակրության դրսևորում, եթե նկատել էք նաև հետանցքի շրջանում քոր, ավելացած թքարտադրություն կամ որոշ մաշկային երևույթներ, ապա կարիք կա ճիճվակրության անալիզ հանձնել:
Ծովինար
Հարց: Իմ փոքրիկը 46 օրական է: Ես զգում եմ, որ նա հաճախ սոված է մնում: Տեղամասային բժշկուհին ասում է, որ ես հորինում եմ, նման բան չկա: Խնդրում եմ, ասացեք արհեստական ի՞նչ միջոցով կարելի է կաթի քանակն ավելացնել:
Պատասխան: Հարգելի Ծովինար, եթե երեխայի քաշի ավելացումը նորմայի սահմաններում է, ապա կարելի է ենթադրել, որ նա բավարար քանակությամբ սնվում է, իսկ եթե երեխայի մոտ կա քաշի դեֆիցիտ, ապա, իհարկե, պետք է մտածել և մոր կաթն ավելացնելու, և միգուցե արհեստական կերի մասին:
Սյուզաննա
Հարց: Երեխաս 1 տարի 8 ամսական է, 2 ամիս է, արդեն բալիկիս մոտ կա դիաթեզ: Ինչպե՞ս կարելի է դա անցկացնել:
Պատասխան: Հարգելի Սյուզաննա, դիաթեզը օրգանիզմի անոմալ պատասխանն է սննդի անծանոթ սպիտակուցին, որը հիմնականում ալերգիկ ռեակցիայի տեսքով է: Կարելի է քսուք վերցնել ստերոիդ բաղադրիչով, սակայն այս խմբի քսուքները երկարատև օգտագործել չի կարելի: Եվ իհարկե, պետք է բարելավել աղիների միկրոֆլորան պրոբիոտիկների միջոցով, և քչացնել աղիներում ալերգենների քանակը էնտերոսորբենտների միջոցով:
Սոնա
Հարց: Որդիս նորածին էր, երբ նրա մոտ ախտորոշեցին սիմոս: 7 -8 ամսականում դիմեցինք վիրահատական միջամտման: Հիմա նա 3 տարեկան է, ունենք կպումներ, խնդրում եմ ասեք ի՞նչ անեմ: Դիմել եմ մեր շրջանի պոլիկլինիկա, ասում են ավելի մեծ տարիքում ամեն ինչ տղան կուղղի (որին ես չեմ հավատում): Խնդրում եմ ասեք ի՞նչ անեմ:
Պատասխան: Հարգելի Սոնա, խոսքը հավանաբար ֆիմոզի մասին է, երբ հնարավոր չէ բացել առնանդամի գլխիկը: Երբ խախտվում է տեղային հիգիենան և բորբոքվում են առնանդամի գլխիկի մաշկն ու թլիպի ներքին թերթիկը, առաջանում է ֆիմոզ: Սա նեղ մասնագիտական խնդիր է, որով զբաղվում են մանկական ուրոլոգները: Ես ձեզ խորհուրդ կտամ դիմեք նրանց:
Շողիկ
Հարց: Իմ տղան 5,5 տարեկան է, ինձ անհանգստացնում է, որ նա գիշերները միզում է տակը: Ի՞նչ կարող եմ անել:
Պատասխան: Հարգելի Շողիկ, այս խնդիրը Ձեզ դեռ ավելի վաղ պետք է անհանգստացներ: Այս դեպքում Ձեզ մանկական նյարդաբանի խորհրդատվություն պետք կլինի, իսկ որպես օգնող և որոշ դեպքերում նաև խնդիրը լուծող միջոց կարող է լինել գիշերը երեխային արթնացնելը, որպեսզի նա ինքնուրույն գնա զուգարան: Հնարավոր է որոշ ժամանակ անց նրա մոտ դա սովորություն դառնա:
Արփինե
Հարց: Հարգելի բժիշկ, տղաս վեց ամսական է,տալիս եմ կովի կաթ, կաթին ավելացնում եմ նաև ջուր 1:1, սակայն դժվարությամբ է դուրս գալիս ու քիչ ,կղանքն էլ պինդ է: Հնարավո՞ր է, որ կովի կաթ չի ընդունում: Կարո՞ղ եմ արդեն ճաշեր տալ և կովի կաթ չտալ:
Պատասխան: Հարգելի Արփինե, կովի կաթը, այն էլ ջրով նոսրացրած, հակացուցված է երեխաներին մինչև 1-1,5 տարեկան մի շարք պատճառներով: Կովի կաթի անբավարար երկաթը կարող է բերել երեխայի մոտ անեմիայի (սակավարյունության) զարգացման, որն իր հերթին կբերի ուրիշ խանգարումների, իմուն համակարգի թուլացման: Կովի կաթի մեջ մեծ քանակությամբ հանքային նյութեր կան, որոնց ավելցուկը մեծահասակի երիկամները դուրս են բերում, իսկ փոքրիկի երիկամները չեն կարող այդ քանակությամբ դուրս բերել օրգանիզմից և արդյունքում վերջիններս կուտակվում են: Կովի կաթը պարունակում է մեծ քանակությամբ կազեին (սպիտակուց), որը երեխայի օրգանիզմը չի կարողանում ճեղքել: Կովի կաթը չի պարունակում բավարար քանակի ածխաջրեր, վիտամիններ, յոդ, ցինկ և պղինձ: Եվ վերջապես Դուք այդ ամենը նոսրացնում եք երկու անգամ: Մայրական կաթի փոխարինող կարող է լինել միայն ու միայն արհեստական կաթնախառնուրդը, որն իր բաղադրությամբ մաքսիմալ մոտեցված է մայրական կաթին:
Դուք արդեն կարող եք սկսել տալ երեխային մրգեր, հյութեր և շիլաներ, սակայն դա պետք է անել քիչ-քիչ: Կաթը դեռ պետք է լինի գերակշռող, իսկ անցումը դեպի ընտանեկան սննդի աստիճանաբար: