«Ճի՞շտ է, որ երկար մազերը վնասակար են երեխայի տեսողության համար». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Շենգավիթ բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական  խմբաքանակին:

Նելլի

Հարց: Իմ բալիկը 7 ամսական է, մեկ ամիս է անցել եմ հավելյալ սննդի: Բերանի մոտ մանր ցանավորում է առաջացել, դիմեցի մասնագետի, ասաց ընդամենը

Շենգավիթ բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական  խմբաքանակին:

Նելլի

Հարց: Իմ բալիկը 7 ամսական է, մեկ ամիս է անցել եմ հավելյալ սննդի: Բերանի մոտ մանր ցանավորում է առաջացել, դիմեցի մասնագետի, ասաց ընդամենը

ալերգիկ դիաթեզ է, նշանակեց Լաբբեկ և Գիոկսիզոն կոչվող դեղերը: 20 օր անցել է, բայց փոփոխություն չկա, ընդհակառակը, ավելի է շատացել: Ասեմ, որ գրգռող սնունդ չեմ տալիս (ցիտրուս, թթու, կծու): Կարիք կա՞ դիմելու այլ մասնագետի:

 

Պատասխան: Հարգարժան Նելլի, այլ մասնագետի դիմելու կարիք չկա, պարզապես պետք է հետևել երեխայի սննդակարգին և շարունակել կատարել Ձեր մասնագետի խորհրդատվությունը:

Անուշ

Հարց: Իմ փոքրիկը 10 ամսական է, ծնվել է անհաս` 35 շաբաթականում: Հիմա հեմոգլոբինն նորմայից ցածր է: Դեղամիջոցներից բացի ի՞նչ միջոցով կարելի է հասցնել նորմայի: Նախապես շնորհակալ եմ պատասխանի համար:

Պատասխան: Հարգարժան Անուշ, այդ տարիքի  երեխաների մոտ հեմոգլոբինի ցուցանիշները ցանկալի է կարգավորել մանկական արյունաբանի /հեպատոլոգի/ խորհրդով: Խորհուրդս է՝ դիմել մանկական արյունաբանի:

Նանա

Հարց: Իմ փոքրիկն արդեն 3.5 ամսական է, կրծքով եմ կերակրում: Իր  մոտ  անընդհատ փորկապություն է առաջանում:  Ես եմ իրեն ջերմաչափով օգնում, որ կարողանա կեղտոտի:  Ինձ մի խորհուրդ կտա՞ք,  ի՞նչ անեմ, որ կարողանա ինքնուրույն դուրս գալ:

Պատասխան: Հարգարժան Նանա, այդ խնդիրը կապված է Ձեր կաթի որակի հետ, ընդհանուր առմամբ դա կարող է կրել ժամանակավոր բնույթ: Ձեզ մոտ այն կկարգավորվի, երբ կրծքի կաթի հետ միասին սկսեք օգտագործել հավելյալ կերակրատեսակներ:

Մերի

Հարց: Երեխաս 2.5 ամսական է, սկսել է մատները բերանը տանել և ուտել, խնդրում եմ ասեք` դա նորմա՞լ երևույթ է, թե՞ ոչ: Իսկ եթե ոչ, ինչի՞  հետևանք է  և ինչպե՞ս ազատվենք այդ երևույթից: Կանխավ շնորհակալություն:

Պատասխան: Հարգարժան Մերի, դա հավանաբար լնդերը քոր գալու պատճառով է , բայց դա չի նշանակում, որ ատամները շուտ կծկթեն: Օգտագործեք լնդերի քորը հանգստացնող միջոցներ: Դրանք  բազմազան են:

Ռուզան

Հարց: Բալիկս արդեն մեկ ամիս է ինքնուրույն չի կղում, դիմում եմ մոմիկի օգնությանը: Վերջերս մի քանի անգամ կղանքի մեջ մազ եմ նկատել,ես շատ ուշադիր եմ,մազերս միշտ հավաքում եմ երեխայի մոտ, բայց միևնույն է կղանքի միջից դեռ մազեր են դուրս գալիս: Վտանգավոր է արդյո՞ք ու հնարավո՞ր է ,որ ինքնուրույն դուրս չգալու պատճառը դա է:

Պատասխան: Հարգարժան Ռուզան, դժվար է պատասխանել Ձեր հարցին, որովհետև չեք նշում երեխայի տարիքը , և թե տանը կենդանի պահում եք, թե ոչ: Ամեն դեպքում կղանքի մեջ մազի առկայությունը,  ստամոքս - աղիքային համակարգ մազի ներթափանցումը միշտ վտանգավոր է մարսողական խնդիրներ առաջացնելու առումով: Խորհուրդս է՝ դիմել մասնագետի:

Վարսենիկ

Հարց: Հարգելի մասնագետ, ես ունեմ աղջիկ երեխա,  նա 1 տարեկան 5 ամսական է, բայց դեռ մի քանի բառ է արտասանում: Հնարավո՞ր է, որ դա  խնդիր դառնա,   այսինքն աղջիկս բավականին ուշ խոսի:

Պատասխան: Հարգարժան Վարսենիկ, կարծում եմ, որ վտանգ չկա: Այդ հարցով զբաղվում են մանկական նյարդաբանները կամ լոգոպեդները: Ապահովության համար կարող եք դիմել նրանցից որևէ մեկին:

Տաթևիկ

Հարց:   Սկսած մեկ տարեկանից ի՞նչ բույսեր  կարելի  է օգտագործել թուրմի տեսքով,  օրինակ` կոկորդացավի, անգինայի, փորլուծի դեմ: Եվ կոնկրետ նռան, կաղնու, եղեսպակի եփուկներն արդյո՞ք կարելի են այդ տարիքի երեխային:

Պատասխան: Հարգարժան Տաթև, ես կողմնակից եմ ավանդական բժշկությանը , բայց դա չի նշանակում, որ կարելի է ամեն պատճառով երեխային դեղորայք նշանակել: Իմ կարծիքով նման հիվանդությունների բուժման ժամանակ Ձեր նշած միջոցների հետ խելացի կլինի նշանակել նաև դեղորայքային բուժում:

Նանա

Հարց: Հարգելի բժիշկ, իմ փոքրիկն  արդեն 3,5 ամսական է, սնվում է միայն մայրական կաթով, հավելյալ տալիս եմ խնձոր: Ուրիշ ի՞նչ կողմնակի սնունդ կարող եմ  տալ,  որ հեշտ մարսի:

Պատասխան: Հարգարժան Նանա, ժամանակակից մոտեցումներով մինչև 6 ամսական երեխային խորհուրդ է տրվում կերակրել միայն մայրական կաթով: 6 ամսականից սկսած կարող եք անցնել նաև հավելյալ սննդի:

Հասմիկ

Հարց: Տղաս 6 ամսական է,  շատ է սիրում հեռուստացույց դիտել,  հատկապես մուլտֆիլմ:  Նստեցնում եմ բավական հեռու, դիտում է մոտավորապես 20-25 րոպե, որից հետո քնում է: Խնդրում եմ ասեք` դա բնակա՞ն է,  թե՞ ոչ:

Պատասխան: Հարգարժան Հասմիկ, հավանաբար դա նրան հետաքրքիր է, բայց խորհուրդ չեմ տալիս դրանով տարվել: Երեխայի համար այլ հետաքրքրություններ փնտրեք:

Նարինե

Հարց: Իմ աղջիկն արդեն 10,5 ամսական է, սակայն մինչև հիմա ատամ չունի, լնդերն արդեն 3 ամիս ուռած են, վիտամին 7 ամսականից չեմ տալիս, քանի որ գլխի շրջագիծը նորմային համապատասխան է: Կարող է արդյո՞ք դա որևէ կապ ունենալ: Կերակրում էի կրծքով, սակայն արդեն 15 օր է, կուրծք չեմ տալիս, ուտում է, կարելի է ասել ,ամեն ինչ, ներառյալ կաթնաշոռ բանանով:

Պատասխան: Հարգարժան Նարինե, հանգիստ եղեք, ատամների ծկթման սկիզբը կարող է լինել մինչև մեկ տարեկան, եթե աճն ու զարգացումը նորմալ է ընթանում:

Ալվարդ

Հարց: Փոքրիկս երկու ամսական է, կերակրում եմ բացառապես կրծքի կաթով, սակայն երեխայի աղիքները չեն գործում առանց միջամտության: Խնդրում եմ ասեք, անհանգստանալու կարիք կա՞, և ի՞նչ խորհուրդ կտաք անել: Շնորհակալություն:

Պատասխան: Հարգարժան Ալվարդ, հնարավոր է , որ դա կապված լինի Ձեր կաթի որակի հետ: Ընդհանուր առմամբ դա կարող է կրել ժամանակավոր բնույթ: Ամեն դեպքում լավ կլինի, որ մասնագետը զննի:

Նարինե

Հարց: Իմ աղջիկը 6 ամսական է,  նրա գլխի շրջագիծն  արդեն 46 սմ է։ Քաշը 7600 գ, հասակը 68 սմ։ Որքան գիտեմ 1 տարեկանում գլխի շրջագիծը պետք է լինի մինչև 48 սմ։ Արդյո՞ք պետք է անհանգստանալ, եթե այո, ապա ի՞նչ անել։

Պատասխան: Հարգարժան Նարինե, Դուք չեք նշել, թե ինչ քաշով է ծնվել երեխան: Խորհուրդ կտամ հանգիստ լինել և չափումներ չանել, այլ հետևել երեխայի ընդհանուր աճին ու զարգացմանը:

Աշխեն

Հարց: Իմ բալիկը 3 ամսական է : Ծնվել է 3670 գր քաշով  55սմ հասակով, այժմ 6300 գր և  63 սմ է: Բալիկիս մոտ երբեմն ձախ աչքը աջից մեծ է (հատկապես երբ արթնանում է քնից): Օրվա ընթացքում կարգավորվում է , հետո նորից նույնը : Եվ ընդհանրապես  չի ծալում ձախ ձեռքի ճկույթը: Անընդհատ դուրս է հանում լեզուն (չգիտեմ, որքանով են մեկը մյուսի հետ կապված): Ասացեք խնդրում եմ, սա անցողի՞կ է , թե՞ ոչ, և ինչի՞ հետ է այն պայմանավորված:

Պատասխան: Հարգարժան Աշխեն, եթե Ձեր տեղամասային մանկաբույժն  ուշադրության արժանի չի համարել այդ նշանները, կարծում եմ` կարելի է համարել նորմայի մեջ և չանհանգստանալ:

Նվարդ

Հարց: Աղջիկս 4 տարեկան է , մազերը բավականին երկար են: Երբեք չենք կտրել: Ճի՞շտ է արդյոք տարածված կարծրատիպը , որ երկար մազերը վնասում են երեխայի տեսողությանը կամ առհասարակ առողջությանը: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Հագարժան Նվարդ, առաջին անգամ եմ լսում Ձեր նշած կարծրատիպի մասին, իսկ եթե երեխան գեղեցիկ երկար մազեր ունի, դրանով կարելի է միայն ուրախանալ:

Արփինե

Հարց: Փոքրիկս 3 ամսական է, իր մոտ թույլ է բռնելու ռեֆլեքսը (չի կարողանում որևէ իր բռնել, նաև չի կարողանում մատս ամուր բռնի):Մասնագետը մեզ ուղարկել է վճարովի վարժությունների, իսկ ես հնարավորություն չունեմ գնալու: Կարո՞ղ եք ինձ ասել` ի՞նչ վարժություններ կարող եմ անել տան պայմաններում: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Հարգարժան Արփինե, ընդհանուր առմամբ նմանատիպ խորհուրդներ տալ առանց երեխային տեսնելու իրավասու չեմ,  գուցե՞ դիմեք Ձեր տեղամասի մանկական նյարդաբանին: