«Ի՞նչ սնունդ օգտագործեմ, որպեսզի կրծքով կերակրվող փոքրիկս գազեր չունենա». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Շենգավիթ բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 11-րդ խմբաքանակին:

Գոհար
Հարց: Իմ տղան արդեն 1 տարեկան 4 ամսական է: Նրա  ճաշացանկը բաղկացած է հիմնականում բանջարեղենային սննդից: Մրգեր շատ քիչ է ուտում: Հեղուկներ բավականաչափ խմում է:

Շենգավիթ բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 11-րդ խմբաքանակին:

Գոհար
Հարց: Իմ տղան արդեն 1 տարեկան 4 ամսական է: Նրա  ճաշացանկը բաղկացած է հիմնականում բանջարեղենային սննդից: Մրգեր շատ քիչ է ուտում: Հեղուկներ բավականաչափ խմում է:

Նաև կովի կաթ է խմում: Տղայիս մոտ անընդհատ փորկապություն է լինում: Նկատել եմ, որ  դա պայմանավորված է կաթով: Բայց չեմ ուզում կաթից կտրել երեխային: Հիմա ձկան յուղ եմ խմեցնում փորկապությունից խուսափելու համար, բայց օգուտ չի տալիս: Ի՞նչ խորհուրդ կտաք անել: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Հարգարժան Գոհար, ձկան յուղի օգտագործումը փորկապության դեպքում նշանակություն չունի, այդ տարիքի երեխաներին նպատակահարմար է տալ բազմատեսակ սնունդ, իսկ մրգերի առկայությունը ռացիոնում անհրաժեշտ է որպես բջջանք: Եթե կասկածներ ունեք կաթի վերաբերյալ, փորձեք սահմանափակել այն՝ իրադրությունն ավելի հստակ հասկանալու համար:

Մարիամ
Հարց: Տղաս 26 օրական է, գլխի վրա մի քանի հատ ջրով լցված չամիչի նման բշտիկներ են դուրս եկել, բայց նա հանգիստ է: Ես հղիության ընթացքում հերպեսով չեմ հիվանդացել, հնարավո՞ր է տղայիս գլխինը հերպես լինի:

Պատասխան: Հարգարժան Մարիամ, այդ հիվանդությունը կոչվում է բշտախտ/ пузырьчатка/,  և այն վտանգավոր չէ: Պարզապես մշակեք բշտիկները  բրլիանտին կանաչով  /зеленка/:

Տաթևիկ
Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ: Աղջիկս շուտով 11 ամսական կլինի, որոշեցի ցրտին շատ շոր հագնելուն չսովորեցնել: Բայց  նա  հաճախակի է փռշտում, չնայած գրիպոզ վիճակ չի լինում, իմունիտետը բարձր է: Ինքը սիրում է քնել շունչը ու ձեռքերը վերմակի տակ: Կարո՞ղ է պատահի ինձ չհաջողվի սովորեցնել քիչ շորի: Ինչպե՞ս վարվեմ: Շնորհակալություն

Պատասխան: Հարգարժան Տաթևիկ, եթե դուք նպատակ ունեք մեծացնել Ձեր երեխային որպես սպարտացի, ապա  դա Ձեր գործն է, բայց երեխային պետք է հագցնել և քնեցնել` ելնելով Ձեր սենյակային և արտաքին միջավայրի ջերմաստիճանից:

Արևիկ
Հարց: Երեխաս 11 ամսական է: Հաճախակի  է աչքերը տրորում: Հիգիենային շատ խիստ եմ հետևում: Ինչի՞ հետ կապված կլինի դա: Մի հարց էլ`նրա ախորժակը նորմալ է, կրծքի կաթից զատ  իր տարիքին համապատասխան ամեն ինչ ուտում է: Բայց ուզում եմ աստիճանաբար կտրել կաթից: Ինչպե՞ս հասկանամ, որ երեխաս պատրաստ է: Շնորհակալություն:

Պատասխան: Հարգարժան Արևիկ, աչքերի համար խորհուրդ եմ տալիս դիմել մանկական ակնաբույժին, դա կարող է լինել բացարձակ անվտանգ վիճակից մինչև որևէ ինֆեկցիոն վիճակ: Իսկ կրծքից կտրելու հետ կապված ասեմ, որ ոչ մի երեխա ինքնուրույն պատրաստ չի լինում, պետք է աստիճանաբար նախապատրաստել կրծքից կտրելուն, ցանկալի է մինչև  1 տարի 2 ամսականը: Հետագայում դա դառնում է սովորություն, և կտրելը դառնում է շատ դժվար:

Թամարա

Հարց: Իմ բալիկը 8 ամսական է, կրծքի կաթ է ուտում, արդեն որքան ժամանակ է նկատում եմ, որ միայն մի կուրծքն է ուտում, մյուսից հրաժարվում է: Ի՞նչը կարող է պատճառ լինել և ի՞նչ է հնարավոր անել:

Պատասխան: Հարգարժան Թամարա, դժվարանում եմ պատասխանել, քանի որ 8 ամսականում երեխաների մոտ սկսում են ձևավորվել սովորույթներ: Պետք է փորձել կերակրել 2 կրծքով:

Գոհար
Հարց: Իմ փոքրիկն  արդեն 5 ամսական է, սակայն չի կարողանում նորմալ պահել գլուխը: Նաև բավականին շատ քրտնում է: Ես ունեմ ձեր խորհրդի կարիքը, ինչպե՞ս կարելի է վերացնել նշածս թերությունները: Շնորհակալություն:

Պատասխան: Հարգարժան Գոհար, ընդհանուր առմամբ երեխան 3 ամսականում պետք է կարողանա պահել գլուխը, իսկ եթե չի պահում, ապա  խորհուրդ կտամ դիմել մանկական նյարդաբանի:

Նելլի
Հարց: Փոքրիկս երկու ամսական է, ի՞նչ սնունդ օգտագործեմ, որպեսզի գազեր չունենա:

Պատասխան: Հարգելի Նելլի, երկու ամսական երեխայի համար գազերի առկայությունը սովորական երևույթ է, ապրեք Ձեր սովորական կյանքով և ռեժիմով:

Տաթև
Հարց: Հարգելի բժիշկ, երեխաս 2.6 տարեկան է, թևի մակերեսը պատված է ցանով, աստիճանաբար դեմքն էլ է պատվում ցանով, ինչի՞ց դա կարող է լինել և ի՞նչ խորհուրդ կտաք: Շնորհակալություն:

Պատասխան: Հարգարժան Տաթև, ըստ Ձեր նկարագրության` երևույթը նման է ալերգիկ ցանավորման կամ դիաթեզի: Խորհուրդ կտամ հետևել դիետայի:

Դավիթ
Հարց: Մեր երեխան 4 ամսական է, օրվա ընթացքում բազմիցս  քնում է 20-30 րոպեով: Գիշերը` 24.00-ից մինչև առավոտյան 05.00,  կարելի է ասել ընդհանրապես չի քնում, լացում է շատ և կծկվում, կարծես ինչ-որ տեղը ցավի:  Եթե իրոք ցավեր ունի, ապա ինչո՞ւ այդ ցավերը չեն անհանգստացնում օրվա ընթացքում: Բազմաթիվ մասնագետների ենք դիմել, բայց ապարդյուն:  Խնդրում եմ, կարո՞ղ եք ասել, թե ինչն է խնդիրը և ի՞նչ կարելի է անել:  Կանխավ շնորհակալ եմ:

Պատասխան: Հարգելի Դավիթ, կարծում եմ, որ Ձեր երեխայի մոտ որևէ հիվանդություն չկա, պարզապես կան անհանգիստ երեխաներ, որոնք իրենց քնի ռիթմը իրենք են սահմանում ժամանակի ընթացքում:

Մերի
Հարց: Տղայիս վիզը (2 ամսական) ծննդաբերության ժամանակ բժկական շիպցիներով դուրս բերելիս վնասվել է: Դրա հետևանքով հեմատոմա է առաջացել (Гематома грудино-ключично-сосцевидной мышцы), ինչի պատճառով գլուխը ձախ չի կարողանում պտտել, անընդհատ մի կողմի վրա է քնում, փորիկի վրա պառկելիս վիզը չի կարողանում պահել, գրկած ժամանակ էլ էլի ուղիղ չի պահում ու մի կողմի վրա է: Ապրում ենք Ֆրանսիայում, այստեղ նշանակել են կինեզիթերապիա, որը պետք է ընթանա մինչև երեխան կսկսի քայլել: Դեռ 1 ամիս է`գնում ենք կուրսերի, զգում եմ, որ առաջվա համեմատ սկսել է մի քիչ  պտտել գլուխը, բժիշկներն էլ ասում են, որ համեմատաբար փափկել է, բայց ես շոշափելով  տարբերություն չեմ զգում, այնուամենայնիվ դեռ անհանգստություն կա մեջս, որ երեխայի մոտ հետք կթողնի: Եթե Ձեր պրակտիկայում հանդիպել եք նման երևույթի, կարող եք ասել`կանցնի՞ հեմատոման, հավանակա՞ն է, արդյոք , որ երեխայի վիզը թեքված մնա:

Պատասխան: Հարգելի Մերի, կարող եմ ասել, որ ֆրանսիացի օրթոպեդները բավական մեծ փորձ ունեն նման հիվանդների վերականգնողական կուրսն ապահովելու առումով: Հետևեք բժիշկների խորհրդին:

Սուսաննա
Հարց: 4 ամսական երեխայի հետ կարո՞ղ եմ գնալ Հայաստանից դուրս, օրինակ` Եգիպտոս: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Հարգարժան Սուսաննա, Հայաստանից դուրս կարող եք գնալ նույնիսկ 4 օրական երեխայի հետ, կարևորը ոչ թե հեռավորությունն է, այլ երեխայի ճիշտ խնամքը:

Յասաման
Հարց: Իմ աղջիկը կրծում է եղունգները: Դա հիվանդությո՞ւն է , թե՞ վատ սովորություն:

Պատասխան: Հարգարժան Յասաման, դա կոչվում է կպչուն սովորույթ, դիմեք մանկական նյարդաբանի:

Արաքսյա
Հարց: Բարեւ Ձեզ: Աղջիկս 2 տարեկան է, դեռ չի ցանկանում հրաժարվել ծծակից: Մի փոքր կտրեցի ծայրից,  չկարողացավ բռել, անընդհատ լաց է  լինում ու նորից ուզում: Գնալով ավելի ու ավելի է կապվում ծծակին: Ինչպե՞ս վարվեմ,  որ ճիշտ լինի: Շնորհակալութուն:

Պատասխան: Հարգարժան Արաքսյա, ոչ ոք չգիտի, թե ինչպես կարելի է երեխային կտրել ծծակից: Պետք է անհատական մոտեցում ցուցաբերել, դա ավելի լավ Դուք կհասկանաք, քանի որ Դուք եք անմիջական փոխհարաբերությունների մեջ փոքրիկի հետ:  Նոր մոտեցումներ մտածեք` այն, ինչը կգոհացնի երեխային և կմոռացնի ծծակի գոյության մասին:

Անի
Հարց: Բարև Ձեզ, փոքրիկս 1.10 ամսական է, բայց չեմ կարողանում ռեժիմով քնեցնել: Քնում է կամ մուլտֆիլմ նայելով կամ երաժշտություն եմ միացնում:  Խնդրում եմ ասացեք` դա լա՞վ է, թե՞ ոչ: Ինչպե՞ս ռեժիմի բերեմ:

Պատասխան: Հարգարժան Անժելա, կարծում եմ, որ ինքներդ եք սովորեցրել երեխային նման իրավիճակի, ոչինչ խորհուրդ տալ չեմ կարող, քանի որ դա հիվանդություն չէ, դա կենցաղային վիճակ է:

Անժելա
Հարց: Փոքրիկս արդեն 5 ամսական է, սնվում է արհեստական կաթնախառնուրդով,  հիմա  նաև ապուրներով: Ծնված օրվանից առ այսօր առկա են մեծ քանակությամբ փսխումներ: Հասակի և քաշի խնդիր չի գրանցվել, պարզապես անհանգստացնում են այդ չդադարող փսխումները: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ անել:

Պատասխան: Հարգարժան Անժելա, արհեստական կերով սնվող երեխաների համար դա սովորական վիճակ է. եթե քաշի կորուստ չկա, ապա անհանգստանալու կարիք չկա:

Տաթև
Հարց: Երեխաս ծնված օրվանից ուտելուց անմիջապես հետո կերածը հետ է  տալիս,  ի՞նչ խորհուրդ կտաք:

Պատասխան: Հարգելի Տաթև, խնդրում են նշել, թե ինչով է սնվում երեխան և ինչ տարիքի է:

Անի
Հարց: Աղջիկս երկու տարեկան է, արդեն քանի ամիս է` ոտքերում ցավեր կան,  հաճախ նաև չի կարողանում քայլել,  նշեմ, որ մի քանի ամիս առաջ ոտքը ոլորվել էր: Հնարավո՞ր է` դրա հետևանքն է,  ի՞նչ խորհուրդ կտաք:

Պատասխան: Հարգելի Անի,  պետք է  դիմեք մանկական օրթոպեդի:

Իրինա
Հարց: Տղաս շուտով կլինի 1.3 տարեկան, մինչև հիմա կերակրել եմ կրծքի կաթով (իհարկե, օրվա ընթացքում ընդունում է նաև այլ սնունդ): Որոշել եմ կտրել կրծքի կաթից: Ինձ հետաքրքիր է` այս տարիքում արդեն կարո՞ղ եմ տալ կովի կաթ: Եթե այո, ապա այն պե՞տք է բացել ջրով, թե՞ ոչ,  միջինում մոտավորապես ինչքա՞ն կովի կաթ է անհրաժեշտ օրվա ընթացքում տալ այդ տարիքի երեխային: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Հարգելի Իրինա, այդ տարիքում դժվար կլինի կրծքից կտրել, բայց անհրաժեշտ է: Իսկ կովի կաթը լավ եռացնելու դեպքում նոսրացնելու կարիք չկա, քանակը կսահմանի ինքը երեխան:

Անուշ
Հարց: Ինձ անհանգստացնում է իմ երեխայի քաշը, նա մեկ տարի երեք ամսական է, բայց նրա քաշը ներկա դրությամբ 8,1 կգ է:  Ի՞նչ խորհուրդ կտաք:

Պատասխան: Հարգարժան Անուշ, կարող եմ խորհուրդ տալ այն դեպքում, եթե իմանամ, թե  ինչ քաշով է ծնվել երեխան: Ավելի ստույգ պատասխանի համար  դիմեք տեղամասային պոլիկլինիկայի այն բժշկին, որը պահում է երեխային իր հսկողության տակ:

Նարինե
Հարց: Իմ  երեխան 1 տարեկան 7 ամսական է, առավոտյան բերանից հոտ է գալիս, ի՞նչը կարող է պատճառ լինել:  Շնորհակալութուն:

Պատասխան: Հարգարժան Նարինե, դա մարսողական համակարգի հետ կապված խնդիր է, կարող է կապված լինել կամ ստամոքսի կամ ենթաստամոքսային գեղձի, կամ էլ ճիճվակրության հետ /հավանաբար լամբլիոզ/:

Ավիկ

Հարց: Բարև Ձեզ, տղաս մեկուկես տարեկան է, բայց դեռ ինքնուրույն չի կարողանում քայլել: Ճիշտ է, մեր օգնությամբ նույնիսկ փորձում է վազել, բայց հենց ձեռքը բաց ենք թողնում, նա անմիջապես նստում է գետնին, դրսում չի սիրում հինգ րոպեից ավել քայլել: Ի՞նչ խորհուրդ կտաք: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Հարգարժան Ավիկ, խորհուրդ կտամ ավելի երկար ժամանակ գտնել երեխայի հետ զբաղվելու համար: Հավանաբար որևէ անգամ ընկնելիս վախեցել է:

Սյուզի
Հարց: Իմ փոքրիկ տղան երեք ամսական է, նրա կեղտը մի քանի օր է` դարչնագույն, ջրիկ ու լորձոտ է, իսկ այսօր կարմիր բծեր կային, մի փոքր էլ արյուն: Նրան միայն մայրական կաթ եմ տալիս: Ի՞նչը կարող է լինել պատճառը:

Պատասխան: Հարգարժան Սյուզի, հետևեք երեխայի մարմնի ջերմաստիճանին, հնարավոր է կա աղիքային ինֆեկցիայի վտանգ:

Աստղիկ
Հարց: Բարև Ձեզ: Իմ տղան 1,1 տարեկան է: Մեր տանը կան մեծ ամանով ծաղիկներ, և իմ տղան անընդհատ փորձում է աննկատ այդ կողմ գնալ և ուտել հողը: Խնդրում եմ ասել` ի՞նչ վիտամինի պակաս ունի: Շնորհակալություն:

Պատասխան: Հարգարժան Աստղիկ, Ձեր երեխան ունի ոչ թե վիտամինի, այլ կալցիումի պակասություն, անպայման պետք է նշանակել կալցիում պարունակող պրեպարատներ:

Արտավազդ
Հարց: Երեխաս  մեկ ամսական է, արդեն 3 օր է` գիշերները քիչ է քնում, լացում ու կծկվում է: Արդյո՞ք անհանգստանալու կարիք կա:

Պատասխան: Հարգարժան Արտավազդ, անհանգիստ վիճակը հավանաբար կապված է գազիկների հետ, մինչև 3-4 ամսականը սովորաբար ինքնուրույն կարգավորվում է:

Տաթև
Հարց: Աղջիկս 4 տարեկան է: Վերջին ամիսների ընթացքում նկատել եմ, որ մարմնի ջերմաստիճանը ցածր է 36.6-ից: Երբեմն 36.0 է, երբեմն դրանից էլ ցածր: Արդյո՞ք դա նորմալ է:

Պատասխան: Հարգարժան Տաթև, դա հիմնականում կապված է նյութափոխանակության պրոցեսների,  երեխայի ակտիվ շարժողականության և քրտնարտադրության հետ: Եթե դա իրեն չի անհանգստացնում, ապա անհանգստանալու կարիք չկա:

Լիլիթ
Հարց: Քույրիկիս երեխան 7 ամսական է ծնվել: Ասել են, որ երեխայի թոքերում ջուր կա, դա վտանգավո՞ր է:

Պատասխան: Հարգելի Լիլիթ, խորհուրդ կտամ, որ ձեր քույրը զրուցի բժշկի հետ: Իրավաբանորեն ես իրավունք չունեմ նման տեղեկություն տալ:

Զառա
Հարց: Երեխաս արդեն 1 շաբաթական է, սակայն ծնվել է 35 շաբաթականում: Երեկ ենք դուրս գրվել հիվանդանոցից:  Հիմա ուզում եմ լողացնեմ և իր քսուքներով խնամեմ: Կթվարկե՞ք` ինչե՞ր պետք է գնեմ: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Հարգարժան Զառա, կարծում եմ, որ երեխային դուրս գրելիս վիճակը գնահատվել է բավարար, և կարող եք օգտվել մանկական խնամքի ցանկացած  պարագաներից: Բայց, ցավոք,  ես խնամքի միջոցների մասին տեղեկություն չունեմ:

Արևիկ
Հարց: Փոքրիկիս կղանքը կանաչ գույն ունի ու լորձոտ է: Նա  5,5 ամսական է: Ինչի՞ց կարող է լինել:

Պատասխան: Հարգարժան Արևիկ, բնութագիրը նման է աղիքային խնդիրներին, հավանաբար դիսբակտերիոզ, ցավոք չեք նշել` ինչով է սնվում երեխան, որպեսզի կարողանամ ավելի հստակ պատասխանել Ձեր հարցին:

Նունե
Հարց: Երեխաս 40 օրական է, արդեն մի քանի օր է` շատ է լացում ու հաճախակի հետ տալիս, պատահել է նաև լորձի տեսքով: Ի՞նչ անեմ:  Կանխավ շնորհակալություն:

Պատասխան: Հարգելի Նունե, կերակրելուց հետո երեխային պահեք ուղղահայաց դիրքում և 2-3 անգամ աղմկոտ գղտալուց հետո նոր պառկեցրեք:

Զարուհի
Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ: Ինձ մի հարց է անհանգստացնում, չնայած, որ հասկանում եմ, որ սխալ եմ վարվում, այնուամենայնիվ շարունակում եմ: Աղջիկս 5,5 ամսական է,  ծնվել է կեսարյան հատումով, 4.2 կգ, այժմ քաշը 8.4 կգ է, սնվում է միայն կրծքի կաթով: Մենք առանձին ենք ապրում, ուրիշ օգնող չունեմ, կեսարյան հատման հետևանքով էլ ձեռք եմ բերել մեջքի քրոնիկ ցավեր, այդ պատճառով երեխայիս շատ գրկել չեմ կարողանում: Որպես հեշտ միջոց գտել եմ համակարգիչը ( ուրիշ խաղալիքներով 5 րոպեից ավելի չի խաղում, ուզում է գրկենք, ման տանք), ինչի մոտ երեխաս ժամերով մնում է առանց լացելու, ես էլ ավարտում եմ գործերս: Խնդրում եմ մանրամասն բացատրել, թե ինչ ռիսկի եմ դիմում այս տարիքի երեխային ժամերով համակարգչի առաջ պահելով, ինչպես է դա  անդրադառնում նրա առողջության` տեսողության, գուցե նաև նյարդային համակարգի և այլնի վրա:  Ձեր պատասխանն  ինձ կսթափեցնի: Կանխավ շնորհակալ եմ:

Պատասխան: Հարգարժան Զարուհի, Դուք Ձեր երեխայի թշնամին եք, գտեք ավելի անվտանգ և մատչելի միջոց: Կարծում եմ` այսուհետ կսթափվեք:

Նանե
Հարց: Ես մի քանի օր առաջ մի հրաշք եմ լույս աշխարհ բերել և կերակրում եմ կրծքով: Շատ եմ խնդրում ինձ ասել, թե ինչպես կազմակերպեմ իմ սննդակարգը, որ հնարավորինս օգտակար լինի փոքրիկիս համար և հատկապես գազերի հետ խնդիր չունենանք: Կանխավ շնորհակալ եմ:

Պատասխան: Հարգելի Նանե, ծննդաբերությունը հիվանդություն չէ, և կերակրող մայրը պարտավոր չէ սննդակարգ պահելու, ապրեք ձեր սովորական կյանքով:

Շուշան
Հարց: Իմ բալիկը 1,7 տարեկան է, ունի 12 ատամ: Ինչպե՞ս պայքարել ատամների  սևանալու դեմ:

Պատասխան: Հարգելի Շուշան, ցավոք սրտի ատամների սևանալը ավելի շատ կրում է ժառանգական բնույթ, բայց, համենայն դեպս, խուսափեք նրան հաճախակի քացր տալուց:

Անի
Հարց: Տղաս 2.8 տարեկան է, քաշը 10 կգ, քչակեր է: Ի՞նչ խորհուրդ կտաք քաշը բարձրացնելու համար:

Պատասխան: Հարգելի Անի, այդ հարցի դեղատոմսը Ձեր ձեռքում է: Գտեք միջոցներ՝ ավելի ակտիվ խաղեր, որպեսզի երեխայի մոտ քաղցի զգացում լինի և ինքնուրույն ուտելու ցանկություն հայտնի:

Աննա
Հարց: Բարև Ձեզ, ես մայրական կաթով երեխայիս կերակրել եմ մինչև երեք ամսական, բայց կաթնախառնուրդի հետ միասին, որովհետև մայրական կաթս չէր բավականացնում, սակայն երեք ամսականից սկսած` միայն կաթնախառնուրդով է սնվում: Հիմա երեխաս հինգ ամսական է, խնդրում եմ ասեք, թե ինչ հավելյալ սնունդ կարող եմ տալ /մրգերից, կաթնամթերքներից, ապուրներից և այլն/: Կանխավ շնորհակալ եմ:

Պատասխան: Հարգարժան Աննա, հավելյալ  սնուցումը նպատակահարմար է սկսել  6 ամսականից, բայց սննդային ռացիոնի համար ավելի ճիշտ է խորհրդակցել տեղային մանկաբույժի հետ:

Մարիամ
Հարց: Տղաս 3,5  ամսական է, չի կարողանում երկար ոտքերը ձգած պահել, ոտնաթաթերն էլ լրիվ ուղղահայաց չի դնում, կարիք կա՞ անհանգստանալու:

Պատասխան: Հարգարժան Մարիամ, անկեղծ ասած,  հարցի իմաստը չեմ հասկանում, բայց իմ պատկերացմամբ կարծում եմ, որ դեռ վաղ է:

Նառա
Հարց: Փոքրիկս հենց սկզբից ունեցել է ստաֆիլակոկ  ու կոլիկա գազիկներ,  հիմա արդեն 1 տարեկան է,  սակայն գազիկներից նորից անհանգստանում է,  ի՞նչ կարող եմ անել:

Պատասխան: Հարգարժան Նառա, խնդիրը գաստրոէնտերոլոգիական է,  կարծում եմ, որ բուժական միջամտության  խնդիր կա մանկական գաստրոէնտերոլոգների կողմից: