«Երեխաս սկսել է կակազել, ի՞նչ պետք է անենք»․ հոգեբանի պատասխանները՝ «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին

Հարց/Պատասխան

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի ղեկավար, հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին։

 

Անուն: Լուսինե

Տարիք: 23
Հարց: Իմ քրոջ տղան 5 տարեկան է, շատ արագ է խոսում եւ սկսել է կակազել: Երեխան այդ փաստից շատ է նեղվում: Ի՞նչ կարելի է անել, շատ զգայուն երեխա է:

Պատասխան: Անմիջապես պետք է դիմել հոգեբանի և լոգոպեդի խորհրդատվությանը: Կակազելը բավական լուրջ խնդիր է, դժվար շտկվող և երկարատև աշխատանք է պահանջում: Սակայն լինում են դեպքեր, երբ ամեն բան արագ և հեշտ հաղթահարվում է: Ամեն դեպքում ծնողներին պետք է հուշել, որ երեխային չծանրաբեռնեն ավելորդ ինֆորմացիայով, թույլ տան վայելել մանկությունը և թուլացնեն պահանջները, ավելորդ խստությունը:

Անուն: Գայանե

Տարիք: 28
Հարց: Հարգելի բժիշկ,  խնդրում եմ` օգնեք ինձ:  Տղաս 2,4 տարեկան է,  բայց գրեթե ոչինչ չի ուտում: Դիմեցի մասնագետի, վիտամիններ նշանակեց ախորժակը բացող, սակայն կուրսը ավարտելուց հետո նորից նույնը: Ամբողջ օրվա ընթացքում ուտում է պանրիկ, մի քիչ հաց երշիկով կամ առանց երշիկ, կոնֆետ, օրը մեջ մի քիչ կարտոֆիլ,  խմում է թեյ: Գազով ըմպելիք եթե չենք տալիս, հացն էլ չի ուտում: Պատրաստում եմ տարբեր կերակուրներ, բայց միևնույն է,  չի ուտում: Այլևս չեմ կարողանում տիրապետել ինձ, նյարդերս շատ են տեղի տալիս,  ինքն էլ շատ կամակոր է դարձել: Ինչ խորհուրդ կտաք: Նախապես շնորհակալություն

Պատասխան: Ինչպես հասկանում եմ, երեխան, բացի ուտելու հետ կապված կամակորությունից, ունի նաև այլ անհանգստացնող վարքային և հուզական դրսևորումներ: Երեխայի ճիշտ սննդային վարքագիծ ձևավորելու համար անհրաժեշտ է ճիշտ դաստիարակչական մոտեցում: Նախ` այդ տարիքի երեխայի սննդակարգից պետք է բացառվեն գազավորված ըմպելիքներն ու երշիկեղենը: Դրանք առհասարակ պետք է բացառել տնից, քանի որ համտեսելուց հետո արգելելը շատ ավելի դժվար է լինում, երեխաների նյարդերի հաշվին է ստացվում: Լավագույն տարբերակը տանն այդ սննդամթերքները բացառելն է: Պանրիկների վերաբերյալ կարելի է նույնը ասել, քանի որ դրանք ևս ունեն սննդային հավելումներ, որոնք այդքան էլ օգտակար չեն այդ տարիքի բալիկի համար: Ավելի հաճախ երեխաները քմահաճ են դառնում սննդի ընտրության մեջ, երբ ծնողները սկսում են կատարել երեխայի բոլոր պահանջները. կարտոֆիլից հրաժարվելու դեպքում անմիջապես մեկ այլ բան են պատրաստում, երեխան դա չի ցանկանում ուտել, մեկ ուրիշն են պատրաստում և այդպես շարունակ: Եթե երեխան քմահաճ է ոչ միայն սննդի ընտրության մեջ, այլև այլ հարցերում, ապա պետք է դիմել հոգեբանի խորհրդատվությանը` առհասարակ դաստիարակչական բացթողումները հասկանալու և ճիշտ մոտեցումներ ձևավորելու համար: Հատկապես եթե մանկաբույժի դիտարկմամբ որևէ առողջական խնդիր չկա, ապա խնդիրը հոգեբանական է:

Անուն: Իլոնա

Տարիք: 28
Հարց: Բարև ձեզ, փոքրիկս վերջին 15 օրերի ընթացքում շատ անհանգիստ է, գիշերները լավ չի քնում, ինչ-որ բան է տեսնում՝ մեղու, փոշի և այլն: Ինչպե՞ս կարող եմ հաղթահարել այդ խնդիրը:

Պատասխան: Ձեր հարցից հասկանալի չէ` երեխան տեսնում է ինչ-որ բաներ, վախենում ու չի քնում, թե նրա աչքին են երևում` մեղու, փոշի և այլն: Առաջին դեպքում պետք է դիմել հոգեբանի, եթե վախերի հետ գործ ունենք: Երկրորդ դեպքում պետք է դիմել ակնաբույժի, որովհետև երբեմն տեսողության հետ կապված խնդիրների դեպքում կարող է աչքի առջեւ ինչ-որ բան երևալ: Եթե ակնաբուժական խնդիր չէ, ապա կրկին պետք է դիմել հոգեբանին:

Անուն: Աննա

Տարիք: 28
Հարց: Հարգելի՛ հոգեբան, իմ տղան 4.5 տարեկան է, հաճախում է մանկապարտեզ: Ինձ անհանգստացնում է մի խնդիր: Նա ժամանակ առ ժամանակ ընտրում է մի խաղալիք կամ մուլտհերոս և երկար ժամանակ խաղում ու մտածում է դրա մասին, նմանակում: Սկզբում շատ սիրում էր գորշ գայլին: Անհնար էր բաժանել նրանց, գույներից նախընտրում էր միայն սևն ու մոխրագույնը: Ժամանակի ընթացքում վերացավ այդ մոլուցքը: Հիմա էլ ապրում է միայն աղջիկ Միկիով` Minnie Mouse-ով: Անընդհատ ուզում է` գնենք նրա համար այդ խաղալիքից, շորեր նրա նկարներով, չնայած 6-7 հատ ունի, նմանակում է նրան, կրկնում շարժուձևը, սիրում է միայն վարդագույնը: Ի՞նչ խորհուրդ կտաք անել: Ժամանակի՞ խնդիր է արդյոք սա:

Պատասխան: Կարծում եմ` անհանգստանալու որևէ բան չկա, եթե երեխան ինչ-որ շրջան տարվում է որևէ մուլտհերոսով կամ գույնով կամ խաղալիքով: Դա վկայում է նրա կայուն հետաքրքրությունների մասին: Այլ բան է, որ նկատեք այդ հետաքրքրություններն ակնհայտ վնասում են իրեն, վարքը փոխվում է, բնականից դուրս որևէ բան է անում: Դա արդեն ուրիշ բան է: Ավելի անհանգստացնող է, երբ երեխան  որևէ հետարքրություն չունի, կամ դրանք շատ արագ փոխարինում են մեկը մյուսին: Սա ավելի լուրջ խնդիր է, կարծում եմ: Խաղալիքներ գնեք այնքան, որքան անհրաժեշտ եք համարում, ոչ ավելի: Իսկ հետաքրքրությունները կբավարարվեն ու կանցնեն` իրենց տեղը զիջելով այլ հետաքրքրությունների:

Անուն: Սոնա

Տարիք: 27
Հարց: Իմ տղան 10 ամսական է: Նկատել եմ, որ հաճախակի ամբողջ մարմնով սրսրթում է, ինչպես դա սովորաբար լինում է,  երբ մրսում են: Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ` ինչից է այդպես անում, հաստատ մրսելուց չէ:

Պատասխան: Կարծում եմ` պետք է նյարդաբանին դիմել: