«Երբ սկեսուրս մոտենում է երեխայիս, օրորում, խաղացնում, ես շատ եմ խանդում». hոգեբանի պատասխաններն «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին

Հարց/Պատասխան

«Երկուսով» հոգեբանական կենտրոնի տնօրեն, hոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Հարց- Լիլիթ

Բարև Ձեզ, հարգելի՛ հոգեբան: Ես 20 տարեկան եմ, բալիկս դեռ 2 ամսական չկա: Ուզում եմ` օգնեք ինձ Ձեր խորհրդով: Երբ սկեսուրս մոտենում է երեխայիս, օրորում, խաղացնում, ես շատ եմ խանդում, այդ ամենն ինձ դուր չի գալիս: Ու զգում եմ, որ այդ ժամանակ չարանում եմ նրա հանդեպ: Ինչպե՞ս այդ ամենից ձերբազատվեմ: Շնորհակալություն

Պատասխան

Առաջին երեխայի ժամանակ մայրիկներն իրենց առավել անվստահ են զգում: Սկեսուրները և շրջապատի մեծահասակները, բնականաբար, առավել փորձառու են և ինքնավստահ: Այդ ինքնավստահությունը կարող է ազդել ձեր վրա, մինչդեռ, հնարավոր է, դուք չզգաք դա:  Երեխաներն էլ առավել խաղաղ ու հանգիստ են լինում վստահ և ուժեղ մարդկանց գրկում: Գուցե այդ զգացողությունն է ստիպում ձեզ խանդ ապրել:  Բնականաբար, ձեզ շրջապատող մեծահասկաները և փորձառու կանայք պիտի օգնեն ձեզ առավել վստահ լինել, նկատել ձեր ուժեղ կողմերն ու նորանոր ձեռքբերումները մայրության ընթացքում:  Եթե այդպես չէ, ապա դուք ինքներդ պետք է անընդհատ խրախուսեք ձեզ, սնեք ձեր ներքին վստահությունը որպես մայրիկ:

 

Հարց- Էմկա

Բարև Ձեզ, իմ աղջիկը 4 տարեկան է, իմ կարծիքով` նա ունի շատ ճկուն ուղեղ, ամեն ինչ շատ շուտ է ընկալում: Միայն գույների հարցում շատ եմ նեղվում, չեմ կարողանում սովորեցնել: Խնդրում եմ` պատասխանեք` ինչպե՞ս վարվել երեխայի հետ, ինչ մեթոդներ օգտագործել: Նախապես շնորհակալություն.

Պատասխան

Այդ տարիքում առավել ճիշտ է, որ երեխան մանկապարտեզ հաճախի: Պարտեզում երեխաները ձեռք են բերում իրենց հետագա զարգացման համար անհրաժեշտ, շատ կարևոր հմտություններ: Նրանք սովորում են շփվել հասակակիցների հետ, զարգացնում են հրահանգով աշխատելու հմտություններ, ընկերների հետ միասին ավելի մեծ խանդավառությամբ են սովորում ամեն բան: Գուցե նա ուղղակի հետաքրքրված չէ այդ պահին ձեր առաջարկած բաները հիշելով: Պարտեզում այդ խնդիրը սովորաբար չի լինում, երեխաները հետաքրքրված են հաճախում և մասնակցում բոլոր խմբային պարապմունքներին:

 

Հարց- Մարի

Աղջիկս շատ կամակոր է: Երբ իր ասածը չի լինում, ներվայնանում է: Մի քիչ առողջական խնդիր ունի ու դա օգտագործում է: Ինչպե՞ս վարվել:

Պատասխան

Պետք է տարբերել, որ պահին է երեխան իսկապես վատ զգում իրեն, իսկ որ պահին կամակորություն է անում: Որպեսզի երեխան չշահարկի իր առողջական խնդիրը, պետք է դուք ավելորդ անգամ չհիշեցնեք և ավելորդ հոգատարություն չդրսևորեք այն պահերին, երբ դրա կարիքը չկա: Կամակորության դեմ պետք է հաստատակամությամբ պայքարել: Երբեք ու ոչինչ մի արեք երեխայի կամակորության արդյունքում:

 

Հարց- Անի

Բարեւ Ձեզ: Իմ տղան 1 տարեկան, 10 ամսական է: Ինչքան ցանկանում եմ նրան սովորեցնել օգտվել գիշերանոթից, չի ստացվում: Նա կտրականապես հրաժարվում է: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Պատասխան

Կայքում տեղադրված են մի շարք հոդվածներ, այդ թվում`  «Ինչպես երեխային կտրել տակդիրից. հոգեբանի խորհուրդները» վերնագրով, որտեղ կարող եք գտնել մի շարք խորհուրդներ այդ խնդրի լուծման համար:

 

Հարց- Սիրանույշ

Բարև Ձեզ, չնայած հարցս այնքան էլ հոգեբանական չէ, բայց հույս ունեմ, որ կկարողանաք խորհուրդ տալ: Բալիկս 1 տարեկան 5 ամսական է, սակայն ինքնուրույն դեռ չի քայլում, միայն մի երկու քայլ է անում անվստահ: Ինչ կարող եմ անել` օգնելու նրան: Շնորհակալություն

Պատասխան

Եթե այդ տարիքում երեխան չի քայլում կամ զգույշ է և ընդամենը մի քանի քայլ է անում, սակայն նա հետաքրքրված է  իրեն շրջապատող աշխարհով, ժպտերես և շփվող է, արձագանքում է, երբ խոսում եք իր հետ, խոսում է, ապա անհանգստանալու կարիք չկա: Եթե նկատում եք, որ երեխան չի ուզում քայլել, անտարբեր է շրջապատի հանդեպ, տխուր է, շատ պասիվ, ապա անպայման դիմեք մանկաբույժի:

 

Հարց- Լուսինե

Բարև ձեզ, իմ փոքրիկը 5 ամսական է: Երբ քնացնում եմ, աչքերը թաշկինակով ծածկում եմ, այլապես չի քնում, նաև օրօրում եմ: Ամռանը շոգ կլինի, կքրտնի: Ինչպե՞ս ազատվել այդ սովորությունից:

Պատասխան

Երեխայի մոտ սովորություն եք ձևավորվել, որից կարելի է ազատվել այնպես, ինչպես ձևավորել եք դա` աստիճանաբար: Սկզբում հանեք թաշկինակը այն ժամանակ, երբ նա քնած է, ապա զգուշորեն հանեք այն ժամանակ, երբ արդեն քուն է մտնում, և այսպես աստիճանաբար թաշկինակը հանելու պահը մոտեցրեք երեխայի քնելու պահին: Լույսը անջատեք այդ ընթացքում:

 

Հարց- Լիլիթ

Իմ փոքրիկն արդեն  4 տարեկան է, ամեն ինչ շատ լավ էր, նա հրաժարվել էր տակդիրից եւ անգամ գիշերն էլ էր չոր մնում, բայց թե ինչ պատահեց, չհասկացա, սկսեց գիշերները տակը թրջել ու հիմա շատ դժվար է  նրան համոզել կամ կաշառել, որ գիշերը չթրջի տակը: Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպես վարվեմ եւ ինչի՞ց էր, որ սկսեց նորից տակն անել:

Պատասխան

Նախ անհրաժեշտ է դիմել մանկաբույժի` բացառելու համար առողջական խնդիրները: Եթե պարզվի, որ որևէ առողջական խնդիր չկա երեխայի մոտ, ապա պետք է դիմել հոգեբանի: Հոգեբանական որոշակի խնդիրներ կարող են երեխայի մոտ գիշերամիզության պատճառ դառնալ: Տվյալ դեպքում ինչը կարող էր պատճառ հանդիսանալ, դժվար է ասել: