«Կարելի՞ է երեխային որպես պատիժ զրկել սիրած խաղալիքից»․ հոգեբանի պատասխանները «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին

Հարց/Պատասխան

«Իմ փոքրիկ»-ը ներկայացնում է հոգեբան Անուշ Ալեքսանյանի պատասխանները «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին:

Արսեն Բաղդասարյան


Հարց - Բարև Ձեզ, իմ փոքրիկը մեկ տարեկան 7 ամսական է: Շատ հաճախ ատամները կրճտացնում է, չեմ հասկանում, թե ինչու: Հնարավոր է, որ պատճառը հոգեբանական լինի: Նաև հաճախ ուրախության պահերին կծում է, չնայած երբեմն կծում է նաև զայրույթի պահին: Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան - Դա լինում է բարձր տագնապայնության դեպքում: Կծելը կարող է ագրեսիայի նշան լինել: Ագրեսիան ևս կարող է բարձր տագնապայնության հետևանք լինել: Տագնապայնությունը բարձր է լինում տարբեր պատճառներով: Ամեն պարագայում արժե խորհրդակցել մասնագետի հետ: Երբեմն պատճառները հենց ծնողների որոշ բացթողումներն են լինում կամ նրանց խիստ լարվածությունը, պահանջկոտությունը, ծնողների սեփական հոգեբանական դժվարությունները կամ մեկ այլ բան: Ձեր դեպքում հստակ պատճառը հասկանալու համար կարելի է մասնագետի հետ խորհրդակցել, քանի որ կարիք կա հասկանալու, թե կոնկրետ որ գործոններն են երեխայի մոտ տագնապայնության հանգեցնում: 


Անահիտ Մնացականյան

Հարց - Իմ տղան 4 տարեկան է: Մինչև եղբոր ծնունդը, կարծես, ավելի հանգիստ էր: Կամակորությունն ու յուրաքանչյուրիս խոսքին հակադրվելը նրա մոտ դառնում է բնավորություն: Հասկանում եմ, որ երկրորդ երեխայի ծննդյան գործոնը մեծ է այստեղ, փորձում եմ նրան միշտ ուշադրության կենտրոնում պահել, հաճախակի ասում եմ, որ իրեն շատ եմ սիրում և այլն, սակայն ոչ մի դրական փոփոխություն: Ինչպե՞ս վարվեմ։
Անահիտ

Պատասխան - Իր զարգացման ընթացքում երեխան հաղթահարում է մի քանի ճգնաժամային տարիքներ: Դրանք հիմնականում նրա անձի կամ հոգեֆիզիոլագիական խոշոր փոփոխությունների տարիներն են: Առաջինը նորածնության ճգնաժամն է, հետո` 1 տարեկանի, հետո` 3 տարեկանի: Այս շրջանները համարվում է դժվար ժամանակներ դաստիարակության առումով: Ծնողներին միշտ դժվար է լինում այս շրջանում:  3 տարեկանի ճգնաժամին բնորոշ են կամակորությունը, հակառակվելը: Այդ տարիքը կամքի առաջացման և ձևավորման տարիքն է, երբ երեխան զգում է, որ կարող է և չենթարկվել մեծերին: Սովորաբար մեկ տարվա ընթացքում այս կամակորությունն ու կապրիզներն անցնում են:  Ձեր նկարագրածից այն տպավորությունն եմ ստանում, որ ձեր բալիկը անցնում է այս ճգնաժամը, որը ձգձգվում է դեռևս: Ձգձգվելը կարող է կապված լինել և ձեր դաստիարակչական մոտեցումների, և նոր երեխայի ծննդի, և այլ հանգամանքների հետ: Երեխային պետք է ամեն կերպ նոր բալիկի խնամքի գործընթացին մասնակից դարձնել: Նա կարող է ձեզ օգնել տարրական գործողությունները կատարելիս: Բացի դրանից, մի փոքր պիտի համբերատար լինեք նրա վարքի փոփոխության հանդեպ այս շրջանում, հիմա դաստիարակչական խիստ մոտեցումների ժամանակը չէ: Նոր երեխայի ծնունդը միշտ սթրեսային է լինում առաջին երեխայի համար, պետք է երեխային օգնել այս շրջանը հեշտությամբ անցնել: Շարունակեք ցույց տալ նրան ձեր սերն ու ջերմությունը և անպայման մասնակից դարձրեք փոքր երեխայի քնամքին: Եթե որևէ բան չփոխվի, խորհրդակցեք մասնագետի հետ:

Լիլի

Հարց - Հարցս վերաբերվում է  5-8 տարեկան երեխաների դաստիարակությանը: Խնդրում եմ հուշել` ճի՞շտ է արդյոք երեխային, օրինակ, զրկել ինչ-որ ժամանակով սիրած խաղալիքից կամ մուլտֆիլմ դիտելուց: Եվ եթե պատժից հետո նա կրկին շարունակում է կրկնել նույն սխալը, ապա ինչպե՞ս վարվել այս դեպքում և ինչ մեթոդներ կիրառել երեխային դաստիարակելիս:
Նախապես շնորհակալություն:

Պատասխան - Նախ պետք է հասկանալ` ինչ սխալի մասին է խոսքը: Բայց առհասարակ, պետք է խուսափել պատիժներից, քանի որ դրանք ընդամենը կենտրոնացնում են երեխայի ուշադրությունը այդ վարմունքի վրա: Իսկ մասնագետներին հայտնի է, որ երեխայի վարքում ամրանում են այն գծերը, որոնց վրա մենք ուշադրություն ենք դարձնում՝ լինի դա պատժի ձևով, թե խրախուսանքի: Պետք է կենտրոնացնել երեխայի ուշադրությունը իր լավ վարքի վրա` խրախուսելով այն: Կայքում արդեն տրամադրվել է նյութ, որում, կարծում եմ, կգտնեք բազմաթիվ տարբերակներ պատժից խուսափելու համար:

Անի Ստեփանյան

Հարց - Աղջիկս 1,7 տարեկան է, վերջերս նրա հարաբերությունները հայրիկի հետ շատ են վատացել. գրեթե միշտ բացասական վերաբերմունքով է ընդունում նրա՝ աշխատանքից վերադառնալիս: Երբ հայրը տանը չի լինում, շատ ջերմորեն է արտահայտվում նրա մասին, իսկ գալուն պես նորից կամակորություն է անում: Նաև նկատել եմ, որ երբ միասին երկար ժամանակ են անցկացնում, և ավելի շատ այն դեպքերում, երբ ես նրանց հետ չեմ լինում, շատ են ընկերանում: Նախապես շնորհակալություն:

Պատասխան - Հնարավոր է` ինչ որ բանից վախեցել է բալիկը, ինչ-որ վարքի ձևից, հայացքից, խոսելու ձևից: Երեխաները երբեմն բարձր ծիծաղից էլ կարող են վախենալ, նրանք ոչ միշտ են հասկանում երևույթների իրական էությունը: Մի որոշ ժամանակ թող հայրիկը շատ զբաղվի իրենով, քնելուց առաջ թող պարտադիր քնքշորեն բարի գիշեր մաղթի, շատ գրկի, սիրի, աշխատավայրից թող զանգ տա ժամանակ առ ժամանակ: Եթե որևէ լուրջ առիթ չկա, մի որոշ ժամանակ հետո կանցնի այդ ամենը:

Արեւ

Հարց - Բարև Ձեզ, իմ փոքրիկը շուտով կդառնա 7 ամսական: Ինձ շատ է անհանգստացնում, որ նա շատ է ձայներից կամ ուրիշների շարժումներից վեր թռնում, վախեցած նայում: Ինձ հետաքրքրում է` դա անցնող խնդիր է, թե ոչ:

Պատասխան - Հնարավոր է, որ Ձեր բալիկը շատ խաղաղ մթնոլորտում է մեծանում, և աղմուկն իր համար անսովոր բան է: Եթե այդպես է, փորձեք աղմկոտ խաղեր խաղալ, ուրախ և աշխույժ մթնոլորոտում նա կսովորի աղմուկին ու այլևս չի վախենա: Եթե որևէ անգամ վախեցել է ինչ-որ ձայնից, ապա փորձեք այդ պահերին դեմքի շատ խաղաղ ու վստահ արտահայտությամբ, առանց որևէ տագնապի, բացատրել նրան, որ վախենալու ոչ մի բան չկա, և ինչն էր աղմուկի աղբյուրը: Մի՛ մտածեք, որ երեխան չի հասկանա ձեր բառերի իմաստը: Հումորով մոտեցեք այդ իրավիճակներին, ձեր վարքով և վստահությամբ ապացուցեք, որ վախենալու առիթ չկա: Մի’ վախեցեք, և ձեր բալիկն ավելի վստահ կմեծանա:

 

Աստղիկ

Հարց - Հարգելի՛ հոգեբան, աղջիկս 1.6 տարեկան է ու ոչ մի կերպ չի համաձայնում քնել առանց օրորվելու: Նա անդադար լաց է լինում, մինչ ես կօրորեմ նրան ու բավական երկար ժամանակ է պահանջվում մինչ նա քնում է: Խնդրում եմ խորհուրդ տալ՝ ինչպես վարվել, ինչպես հետ սովորեցնել օրորելուց: Շնորհակալ եմ։

Պատասխան - Քնի խանգարումները բարձր տագնապայնության նշան են: Տագնապի պատճառները շատ տարբեր կարող են լինել: Մեր հետագա հրապարակումներում կխոսենք նաև դրա մասին: Սակայն այս պահին, կարծում եմ, կարիք կա խոսելու օրորելու մասին: Օրորելը և նմանատիպ ռիթմիկ, կրկնվող գործողությունները նվազեցնում են տագնապը, խաղաղեցնում և օգնում երեխային քնել: Դրա մեջ վնասակար որևէ բան չկա: Իզուր չէ, որ դարեր ի վեր երեխային քնեցնում են օրորոցի մեջ: Սա օգնում է երեխայի շնչառության, սրտի աշխատանքի, բիոռիթմերի կարգավորմանը: Եթե ձեր բալիկը կարիք ունի օրորելու, ապա մի զրկեք նրան դրանից, բայց լավ կլինի, որ զուգահեռ երգեք նրա համար:  Եթե զգում եք` չի խաղաղվում, կարող եք սուրճի բաժակի մեջ մի քանի կաթիլ վալերիանա կաթեցնել և դնել նրա օրորոցի մոտ: Լողացնելիս կարող եք մի քանի կաթիլ կաթեցնել լողամանի ջրի մեջ:

Անի

Հարց: Ինչպե՞ս  վարվել, երբ երեխան  կապրիզ  է անում` ասենք փողոցում պառկել է գետնին եւ խաղալիք է ուզում, կամ ուրիշ երեխայի խաղալիքն է ուզում եւ լացում է:

Պատասխան - Եթե ուզում եք, որ կապրիզները վերանան, երբեք ու ոչ մի դեպքում մի՛ արեք իր ուզածը, եթե նա կապրիզով է դա պահանջում: Նման դեպքերում կապրիզները ամրապնդվում են: Կապրիզի էությունն էլ հենց դա է, որ ձեզ անհարմար դրության մեջ դնի, ու դուք ստիպված անեք իր ուզածը: Բնական է, որ դա դժվար իրավիճակ է, դուք կդժվարանաք մերժել երեխային, ավելի հեշտ կլինի անել իր ուզածը, քան թողնել, որ նա այդպես պառկած մնա: Բայց երեխայի լիարժեք զարգացման և հասունացման համար անհրաժեշտ է նրան սովորեցնել հաշտվել նմանատիպ իրավիճակներում իր պարտության հետ, հասկանալ, որ ուրիշների իրերը իրենը չեն դառնա և միշտ կլինի մի բան, որը ինքը կուզի, բայց չի ունենա:

Ատա

Հարց: Խնդրում եմ` ասեք՝ 1.5 տարեկան երեխային ինչպես կտրել կրծքից, որ երեխան սթրես չտան: Եվ արդյո՞ք հիմա ժամանակն է։  Կանխավ շնորհակալություն

Պատասխան - Իմ անձնական, մասնագիտական կարծքին է, որ երեխային պետք է կրծքից աստիճանաբար կտրել այն ժամանակ, երբ նա սկսում է ատամներ հանել և ուտել կոշտ սնունդ.  բնությունն է թելադրում ժամանակը, և նրանից շատ հեռանալ պետք չէ: Կրկնում եմ` աստիճանաբար, և սկսել այդ տարիքից: Ինձ հետ բնականաբար չեն համաձայնի շատ մասնագետներ, որովհետև ամենուր կարդում եմ տարբեր մասնագետների կարծիքներ, որոնք մեկը մյուսից էլ ավելի են տարբերվում: Որքան ուշ ենք ուզում կտրել կրծքից, այնքան դժվար է երեխան համակերպվում դրա հետ: Այժմ, ինչ էլ որ անեք, մի քիչ դժվար կլինի երեխայի համար, մի քիչ էլ Ձեզ համար, բայց պետք է անեք դա: Սթրեսներից շատ խուսափել պետք չէ, երեխան իր կյանքի ընթացքում միշտ կհանդիպի նմանատիպ իրավիճակների և պիտի մանկության շրջանում էլ կստանա իր բաժին սթրեսը, հետագայում սթրեսադիմացկունություն դրսևորելու համար: