«Ի՞նչ անել, երբ փոքրիկը հրաժարվում է կաթնախառնուրդից»․ պատասխանում է մանկաբույժը

Հարց/Պատասխան

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Գայանե Մարգարյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին։

 

Անուն՝ Արևիկ

Հարց՝ Բարև Ձեզ:  Կրծքով կերակրող մայրիկը կարո՞ղ է կաթ տալ փոքրիկին, եթե նրա ատամն անզգայացմամբ հեռացրել են:       

Պատասխան՝ Ներկայումս կիրառվող անզգայացման նյութերը կարելի է համատեղել կրծքով կերակրման հետ։ Բացի այդ, ատամի ցավազրկման պարագայում օգտագործվող չափաբաժինը քիչ է։ Ամեն դեպքում յուրաքանչյուր օրգանիզմ ուրույն բնույթ ունի, հազվադեպ կարող են լինել ալերգիկ դրսևորումներ։

 

 

Անուն՝ Կատյա

Հարց՝  Փոքրիկս երեք ամսական է, սնվում է միայն կաթնախառնուրդով: Օրական ընդունում է 600 մլ, սակայն ստիպողաբար: Փոխել եմ շիշը, ծծակը, կաթնախառնուրդը, սակայն ոչ մի օգուտ: Ի՞նչ անել տվյալ իրավիճակում:

Պատասխան՝ Կաթնախառնուրդի օրական չափաբաժինը պետք է չգերազանցի 1000 մլ-ն: Այս պարագայում, թե ինչքան պետք է ստանա երեխան, կախված է նրա քաշին համապատասխան էներգետիկ պահանջից: Ի վերջո ամեն երեխա իր պահանջի չափն ունի։ Կարևոր է, որ երեխան քաշ հավաքի մոտավոր 750-800 գրամ։ Եթե նորմալ քաշ չի հավաքում, դիմեք մանկաբույժի, գուցե կաթնախառնուրդը կրկին փոխելու կարիք կա։

 

  

Անուն՝ Նարինե

Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, երեխաս մեկ ամսական է: Դեմքին և գլխին թարախային բշտիկներ են առաջ եկել, բավականին արտահայտված են: Եղել ենք տարբեր բժիշկների մոտ, նշանակել են քսուքներ, սակայն օգտագործումից հետո փոփոխություն չի եղել: Նշում են, որ նորածնային ակնե է, կանցնի: Անհանագստանում եմ, ի՞նչ կարող եմ անել:  

Պատասխան՝ Նորածնային ակնեն բնական վիճակ է, զարգանում է 2-3 շաբաթականում ու անհետք անցնում մոտ 3 ամսականում։ Ոչինչ օգտագործել պետք չէ, հատկապես յուղային հիմքով քսուքներ, որոնք ավելի կվատթարացնեն վիճակը։ Միայն անհրաժեշտ է մաշկը պահել մաքուր և չոր։

 

 

Անուն՝ Ջուլիետա

Հարց՝ Բարև Ձեզ: Երեխաս երկու ամսական է: Ցերեկը մեկ ժամը մեկ արթնանում է և կաթ ուտում, բայց մինչ ուտելը լաց է լինում, կատաղում է, հետո միայն ընդունում: 18:00-ից հետո չի քնում, լաց է լինում կրկին, գալիս է 21:00-ին մոտ, նոր գիշերային քուն է մտնում: Սա նորմա՞լ է, թե՞ ոչ: Եթե նորմալ չէ, ի՞նչ անեմ: Նշեմ, որ նրա հեմոգլոբինի ցուցանիշը 130 է: Դա լա՞վ է:      

Պատասխան՝ Հեմոգլոբինի ցուցանիշը երկու ամսական երեխայի համար նորմայի սահմաններում է։ Ցերեկային քունը տվյալ տարիքում տևում է կարճ` մոտ 40 րոպե, քաղցն էլ կրծքով կերակրման ժամանակ շուտ է զարգանում (կրծքի կաթը մարսվում է 1.5 ժամ անց), արթուն շրջանը չի գերազանցում մոտ 70 րոպեն։ Ուստի նորմալ է այդպես հաճախ արթնանալն ու ուտելը: Պետք է փոքր-ինչ շուտ նկատեք երեխայի կողմից տրվող նշանները (նվվոց, շարժումներ, ծծակն ակտիվ օգտագործելը, բերանի շարժումը), զգաք, որ երեխան քաղցած է, կերակրեք` չթողնելով պահանջը հասնի գրգռված լացին։ Գիշերային քունը 20։30-21:00 ժամանակահատվածում շատ լավ է։