«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն Անուշ Ալեքսանյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին։
Անուն՝ Մարիամ
Հարց՝ Բարև Ձեզ: Երեխաս 1 տարեկան է, օրվա մեջ քնում է 2-3 անգամ: Սկզբի երկու քունը հեշտ է ստացվում, իսկ վերջնականը՝ դժվար: Քնում է միայն ձեռքիս վրա, բավականին հանգիստ երեխա է: Խնդրում եմ ասել` ի՞նչ կարելի է անել, որ հեշտ քնի: Նախապես շնորհակալություն:
Պատասխան՝ Գուցե երեք անգամ քնելը նրա համար շատ է, գուցե ամենից համապատասխան ռեժիմը հենց երկու անգամ քնելն է: Փորձեք փոխել որևէ բան ռեժիմում, ավելի ուշ քնեցրեք երկրորդից հետո կամ էլ մի քնեցրեք և տեսեք` ինչը կփոխվի: Փոքրիկի վարքից կզգաք` նա քնի կարիք ունի՞, թե՞ ոչ: Հարկավոր է հասկանալ երեխայի ռեժիմը և որոշ բաներ համապատասխանեցնել նրա բնական բիոռիթմերին:
Անուն՝ Լուսինե
Հարց՝ Հարգելի՛ հոգեբան, աղջիկս 2.5 տարեկան է: Վերջերս զգեստները հագնելիս շատ է կամակորություն անում: Արթնանալուց հետո ասում եմ` «արի հագնվենք», լացուկոծ է սկսում, փախչում սենյակից: Ի՞նչ խորհուրդ կտաք, և ինչի՞ց դա կարող է լինել: Նշեմ, որ ոչ մի փոփոխություն չի եղել այս ընթացքում՝ բացառությամբ այն բանի, որ մենք միշտ մենակ ենք երկուսով տանը եղել, իսկ հիմա պապիկն էլ է տանը: Բայց պապիկը շատ է սիրում թոռնիկին ու իրար հետ խաղում են:
Պատասխան՝ Եթե տանը որևէ բան չի փոխվել, հնարավոր է, որ բալիկն ուղղակի մեկ անգամ առիթ է ունեցել մերկ վազվզելու, ինչը դուրը եկել է ու այժմ այլևս չի ուզում հագնվել: Եկեք ընդունենք, որ հագուստն իսկապես մեզ երբեմն կաշկանդում և անհարմարություն է պատճառում, մանավանդ՝ ձմռանը: Հնարավոր է` ինչ-որ տհաճ բան է եղել հագնվելու պահին և ակամայից երեխայի ներսում մեկը մյուսի հետ է կապվել, հագնվելու նկատմամբ տհաճ զգացում է առաջացել: Ամեն դեպքում, ինչն էլ որ լինի պատճառը, պետք է համբերատար շարունակել նրան հագցնել և ընդգծված արձագանքներ չտալ` զայրանալու, կոնֆետներով խրախուսելու կամ այլ միջոցներով: Ուղղակի պետք է հանգիստ ձևով կրկին բերել սենյակ, հագցնել հագուստը և ճանապարհել խաղալու՝ դեմքի բարի ու խաղաղ արտահայտությամբ:
Անուն՝ Արփի
Հարց՝ Տղաս 2.5 տարեկան է: Արդեն մեկ տարի է` նրա սիրելի խաղալիքներն են կենդանիները: Նա սկսել է հետաքրքրվել կենդանիներով անհանգստանալու աստիճան: Գիտի բազմաթիվ վայրի ու ընտանի կենդանիների անուններ: Ամեն բան փորձում է նմանեցնել կենդանու: Ճի՞շտ է, արդյոք, թույլ տալ, որ նա շարունակի խաղալ կենդանիներով: Եվ ի՞նչ է նշանակում նրա այդ հակումը: Կանխավ շնորհակալ եմ:
Պատասխան՝ 2-3 տարեկան երեխաների վարքում նկատվում է ակնհայտ հետաքրքրություն կենդանիների նկատմամբ, տանը կենդանիներ պահելու ցանկություն է առաջանում: Օգտագործեք երեխայի հետաքրքրությունները և զարգացրեք նրա իմացական ոլորտը, կենդանիների միջոցով սովորեցրեք գույները, թվերը, բանաստեղծությունները, երգեք ու խաղացեք կենդանիների հետ կապ ունեցող խաղեր, նկարեք միասին կենդանիներ, պլաստիլինով պատրաստեք, հեքիաթներ հորինեք, կարդացեք և այլն: Ընդամենը զարգացրեք բալիկի հետաքրքրությունների ու զբաղմունքների ոլորտը, մի վախեցեք նրա այդ բնական և հատկապես տղաներին բնորոշ հետաքրքրությունից: Ժամանակի ընթացքում կտեսնեք, որ նա կսկսի հետաքրքրվել նաև այլ բաներով:
Անուն՝ Լուսինե
Հարց՝ Բարև Ձեզ: Ամուսնացած եմ, ունեմ 1 տարեկան 2 ամսական աղջիկ: Նա ակտիվ երեխա է, արդեն խոսում է: Երբ ամուսինս աշխատանքից վերադառնում է, համբուրում է ինձ, գրկում: Աղջիկս անմիջապես արձագանքում է` «պաչիկ արեց», «գրկեց»: Հետո գալիս ասում է, որ իրեն համբուրեմ, սիրեմ: Սա նորմա՞լ է, թե՞ երեխայի մոտ խանդի զգացողություն է ձևավորվում: Գուցե երեխան իրեն վատ է զգում, երբ ամուսնուս գրկում եմ: Բայց ճիշտ հասկացեք, այնպես չէ, որ երեխային անտեսում ենք, ուշադրություն չենք դարձնում:
Պատասխան՝ Կարծում եմ` անհանգստանալու առիթ չունեք: Երեխային դուր է գալիս, հետաքրքրում է ձեր երկուսի վարքը: Ինչպես բոլոր երեխաները, նա էլ ուզում է մասնակցել ձեր զբաղմունքին, պաչիկ ստանալ: Նա այդպես կվարվեր հավանաբար ցանկացած դեպքում, երբ երկուսիդ տեսներ միասին որևէ գործ անելիս: Անգամ եթե թեթև խանդ ունի, դրանում որևէ վտանգավոր բան չկա: Նորմալ է, որ բալիկը մանկական տարիքում, մի որոշ ժամանակահատված մտածում է, թե մայրիկը միայն իրենն է և այս աշխարհում էլ ոչ մեկինը: Երեխաներին ժամանակ է անհրաժեշտ` տեսնելու և հասկանալու ընտանիքում բոլորի դերերը, իրենը` նույնպես:
Անուն՝ Տաթև
Հարց՝ Իմ երկու երեխաները կծում են: Մեծս 3 տարեկան է, փոքրս՝ 1․5: Նրանք այդպես միմյանց վնասում են: Տան մեծերին նույնպես կծում են: Ի՞նչ կարող եմ անել:
Պատասխան՝ Եթե ձեր երկու երեխաներն էլ միևնույն վարքն են դրսևորում, կարելի է ենթադրել, որ տանը որևէ հանգամանք (ծնողների վերաբերմունքը, նրանց հոգեվիճակը, հարաբերությունները) ազդում է երեխաների վրա այնպես, որ նրանք ագրեսիվ են դառնում: Ուշադիր հետևեք ձեր վարքին, վարվելակերպին, հոգեվիճակին, ապրումներին և մտածեք` ի՞նչը կարող է երեխաներին ագրեսիվ դարձնել: Գուցե նրանք ագրեսիա են զգում մեծահասակաների կողմից: Հնարավոր է նաև այլ տարբերակ` երբեմն երեխաներն արտահայտում են ծնողների զսպված և չարտահայտված զգացմունքները: Եթե ունեք զսպված զայրույթ, որը չեք կարողանում արտահայտել, ապա աշխատեք այդ զգացմուքնների կառավարման ու դրանց վերացման ուղղությամբ: Հավանական է՝ մեծը կծում է ինչ-ինչ պատճառներով, իսկ փոքրիկը սովորել է մեծից տվյալ վարքաձևը: Դիմե՛ք մասնագետի օգնությանը՝ հստակ պատասխան ստանալու համար: