«Հինգ ամսական երեխային կարելի՞ է խոտաբույսերով թեյ տալ». ընթերցողների հարցերին պատասխանում է մանկաբույժը

Հարց/Պատասխան

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Անահիտ Գրիգորյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին։

Անուն՝ Անի 

Հարց՝ Բարև Ձեզ։ Կխ ուտող 3 ամսական բալիկը կաթը խմելուց հետո փորացավ է ունենում, սկսում է լաց լինել և ոտքերը ձգել։ Ի՞նչ կասեք, նանայով թեյ կարելի՞ է նրան տալ։

Պատասխան՝  Նկարագրված նշաններն առավել բնորոշ են աղիքային խիթին, երբ անմիջապես ուտելուց հետո ակտիվանում են գալարակծկանքները, հավանական դառնում ցավային սինդրոմի դրսևորումը։ Հարկավոր է անպայման զննել բալիկին, հասկանալ՝ ինչպե՞ս է կերակրվում երեխան, արդյո՞ք պահպանվում է ռեժիմը, բավարա՞ր է կերակրվում, թե՞ ավել անհրաժեշտ ծավալից։ Թեյ տալ միանշանակ պետք չէ, հատկապես որ երեխան դեռ 6 ամսական չկա։  

 

Անուն՝ Տոմա

Հարց՝ Բարև Ձեզ։ Երեխաս 4,5 ամսական է, ուտում է միայն արհեստական կաթ։ Ուզում եմ իմանալ՝ ե՞րբ կարող եմ հավելյալ սնունդ տալ և ի՞նչ։

Պատասխան՝ Եթե երեխայի քաշը բավարար չափով ավելանում է, չունի փսխումներ, լուծ, այլ անհանգստացնող ախտանշաններ, ապա մինչև 6 ամսականը շարունակում ենք միայն կաթնախառնուրդ տալ։ 6 ամսականից հետո անցնում ենք հավելյալ սննդին։ Սկսում ենք քիչ քանակով, օրը մեկ անգամ, ապա աստիճանաբար ավելացնում ենք և պահպանում ալերգեններին առնչվող բոլոր կանոնները։ Եթե չկա քաշի խնդիր, տալիս ենք բանջարեղենային խյուսեր։ Եթե կա քաշի խնդիր, շեշտը դնում ենք հացահատիկային շիլաների վրա։  

 

Անուն՝ Աննա

Հարց՝ Բարև Ձեզ։ Շատ եմ խնդրում, որ պատասխանեք։ Աղջիկս 1 ամսական 10 օրական է։ Արդեն չորրորդ օրն է՝ աղիները չեն գործում, կրծքի կաթ է խմում, ամեն միզելուց հետո տակդիրի մեջ արյան հետքեր են նկատվում, մոտ 3-4 կետ։ Մեզ հյուր եկած բուժքույրն ասել է, որ վախենալու ոչինչ չկա, դա սովորական երևույթ է երեխաների մոտ, սակայն արդեն 1 շաբաթ է, ինչ կա տվյալ երևույթը, և բուժքրոջ խոսքով՝ այն կոչվում է մանկական դաշտան։ Հավատալի չէ, շատ եմ անհանգստանում։ Շնորհակալ կլինեմ հարցիս անդրադառնալու համար։

Պատասխան՝ Տվյալ նշանները կարող են վկայել նորածնի թերսնուցման մասին։ Առաջին հերթին պետք է պարբերաբար կշռումներ կատարել, երեխայի քաշի նվազում նկատելու պարագայում մանկաբույժի հետ խորհրդակցել սնուցման բարելավման հարցերի շուրջ։   

 

Անուն՝ Լուսինե

Հարց՝ Բարև Ձեզ։ Բժիշկ ջան, իմ բալիկը 4 ամսական է և ծնված օրից հետ է տալիս։ Ինչի՞ հետ կապված կլինի և ի՞նչ խորհուրդ կտաք։

Պատասխան՝ Մինչև 6 ամսական բալիկի մոտ կերակրումից հետո առաջ եկող փսխումները կարող են համարվել նորմալ, եթե դրանց զուգահեռ երեխայի աճը չի տուժում, նա բավարար քաշ է ավելացնում, փսխումը լինում է քիչ քանակով։ Կոնկրետ այս պարագայում պատճառը հասկանալու համար անհրաժեշտ է դիտարկել երեխայի աճի տվյալները, կերակրման ձևը։  

 

Անուն՝ Լիաննա

Հարց՝ Պե՞տք է երեխային լողացնել պատվաստումից հետո։

Պատասխան՝ Եթե ցանկություն կա, երեխային կարելի է լողացնել, հակացուցում չկա։ 

 

Անուն՝ Նաիրա

Հարց՝ Բարև Ձեզ։ Երեխաս 5 ամսական է, կարելի՞ է խոտաբույսերով թեյ տալ։

Պատասխան՝ Մինչև վեց ամսականը երեխան պետք է սնուցվի միայն կրծքի կաթով կամ ադապտացված կաթնախառնուրդով, իսկ խոտաբույսերով թեյերն առհասարակ խորհուրդ չեն տրվում, քանի որ կարող են հանդիսանալ ալերգիայի պատճառ։

 

Անուն՝ Ջուլիա

Հարց՝ Բարև Ձեզ։ Խնդրում եմ իրավիճակի նկարագրությունից հետո օգնել ինձ Ձեր խորհրդով։ Բալիկս 9 ամսական է։ Քնեցրի ու դուրս եկա սենյակից, 20 րոպե հետո մտածեցի՝ հնարավոր է արթնացել է և եկա ստուգելու։ Սենյակ մտնելիս նկատեցի՝ երեխաս հատակին հանգիստ պառկած էր արջուկի հետ, լաց չէր լինում (բալիկս սպիտակամաշկ է ու լաց լինելիս կարմրում են աչքերը)։ Ինձ տեսավ, ուրախացավ, իսկ ես սարսափած գրկեցի ու սկսեցի ստուգել երեխայիս։ Հարվածի տեղեր, կապտուկներ կամ կարմրած տեղեր չկային, ուրախ խաղում էր։ ԿԿ կերավ հավելյալի հետ, փսխում չկար, հանգիստ քնեց գիշերը։ Պահարանը 90 սմ բարձրություն ունի և օրորոցի կողքին է դրված, մեծ փափուկ խաղալիքն էլ վրան։ Աղջիկս ձգվել է դեպի խաղալիքը և նրա հետ վայր ընկել։ Արջուկը օրորոցին մոտ էր ընկել, իսկ աղջիկս կողքին էր, հույսս այն է, որ երեխաս ընկել է փափուկ արջուկի վրա, դրա համար էլ լաց չի եղել և տեղ չի ցավել։ Մեծահասակների խորհրդով բժշկի չտարա՝ մտածելով, որ բան չի եղել (գիտեմ, որ սխալ եմ արել)։ Հաջորդ օրն ուղղակի չէր քնում, ուզում էր խաղալ, հազիվ քնեցրի 30 րոպեում և նկատեցի, որ անհանգիստ է քնի մեջ, շարժվում է։ Վախեցե՞լ է երեխաս, թե՞ ընկնելու պատճառով է անհանգիստ, չեմ հասկանում։ Հիմա կխնդրեմ խորհուրդ. ի՞նչ նշանների հետևեմ, ինչի՞ց վախենամ։ 

 

Պատասխան՝ Ցանկացած դեպքում մանկահասակ երեխայի՝ բարձրությունից վայր ընկնելու դեպքում ցանկալի է մանկաբույժի, նյարդաբանի զննություն։ Չեմ կարծում՝ կոնկրետ ձեր նկարագրածը կապ ունենա երեխայի վայր ընկնելու հետ, քանի որ նշանները կառաջանային ավելի վաղ։ Այնուամենայնիվ, պետք է մեկ  շաբաթվա ընթացքում հետևել երեխայի վարքագծին։ Խիստ անհանգիստ, գրգռված վիճակը, լալկանությունը կարող են լինել ցավին համարժեք և բժշկի դիմելու անհրաժեշտություն ստեղծել։ Թուլությունը, քնկոտությունը, փսխումները, աչքերի, ձեռքերի և ոտքերի անկանոն շարժումները պետք է անհանգստացնեն ծնողին։