Հղիության թեստը դրական է ցույց տալիս, ու դաշտան է սկսվում, ինչու՞․ «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին պատասխանում է մասնագետը

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:

Անուն՝ Տաթևիկ

Հարց՝ Արդեն երկրորդ անգամ է՝ դաշտանս ուշանում է։ Հղիության թեստը դրական է ցույց տալիս։ Առաջին՝ 5-օրյա ուշացումից հետո հանձնել եմ ԽԳ-ի անալիզ։ Պատասխանը եղել է 18,97, սակայն 7-9 օր անց դաշտանը սկսվել է։ Ի՞նչը կարող է լինել խնդիրը։

Պատասխան՝ Հղիությունը չի պահպանվում, և դրա պատճառները տարբեր կարող են լինել։ Այցելե՛ք բժշկի, կատարե՛ք անհրաժեշտ հետազոտություններ, պարզեք՝ կա՞ն ինֆեկցիաներ, վիրուսներ, արյան մակարդելիության խնդիրներ, թե՞ ոչ, ինչպես նաև ստուգեք վահանագեղձի ֆունկցիան։

 

Անուն՝ Աննա 

Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, ամուսնացած եմ, ունեմ 8 տարեկան աղջիկ։ Չնայած հղիանալու բազմաթիվ ձախողված փորձերին՝ բժշկի այցելելուց հետո խնդիրներ չեն հայտնաբերվել։ Այդ դեպքում ի՞նչը կարող է չհղիանալու պատճառ հանդիսանալ։

Պատասխան՝ Եթե դուք անցել եք լիարժեք ստուգում, ապա խորհուրդ կտամ ստուգել նաև ամուսնուն, կատարել սպերմագրամմա։

 

Անուն՝ Քրիստինա

Հարց՝ Բարև Ձեզ։ Հղիության ընդհատումից հետո ե՞րբ կարելի է կրկին հղիանալ։

Պատասխան՝ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ ժամկետներում և ինչ պատճառով է եղել ընդհատումը, ինչպես է անցել վերականգնողական շրջանը, կա՞ բուժման կարիք, թե՞ ոչ։

 

Անուն՝ Մարիետա

Հարց՝ Բարև Ձեզ։ Երկու ամիս առաջ կեսարյան հատմամբ բալիկ եմ ունեցել։ Մոտ մեկ շաբաթ առաջ ինձ մոտ փորկապություն է սկսվել, թութքի նման պատկեր է դիտվել, կղազատումից հետո առկա էր արյուն։ Ի՞նչ խորհուրդ կտաք օգտագործել, որպեսզի վիճակն ավելի չբարդանա։ Նախապես շնորհակալություն։  

Պատասխան՝ Պետք է կարգավորել սննդակարգը, օգտագործել մեծ քանակությամբ ջուր, դիմել պրոկտոլոգի։

  

Անուն՝  Հասմիկ

Հարց՝ Բարև Ձեզ։  33 տարեկան եմ և դաշտան չեմ ունենում։ Դիմել եմ բժշկի, նշանակվել է Diane-35։ Ճիշտ է, տվյալ դեղն օգնում է, բայց նաև ճնշումս է բարձրանում։ Ի՞նչ խորհուրդ կտաք։ Նախապես շնորհակալություն։

Պատասխան՝ Հարկավոր է անցնել արյան ընդհանուր քննություն, կոագուլոգրամմա։ Հնարավոր է՝ անհրաժեշտ լինի այլ դեղորայքի զուգահեռ կիրառում։