Հնարավո՞ր է հղիանալ ներարգանդային պարույրի առկայության դեպքում․ պատասխանում է գինեկոլոգը

Հարց/Պատասխան

Մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը պատասխանել է  «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին։

Անուն՝ Դուսյա

Հարց՝ Բարև Ձեզ։ 29 շաբաթական հղի եմ և ինձ մոտ առկա են ցիստիտի նշաններ։ Ի՞նչ խորհուրդ կտաք։ Կանխավ շնորհակալ եմ։ 

Պատասխան՝ Այս ժամկետում հաճախամիզությունը կարող է կապված լինել արգանդի՝ միզապարկի վրա ճնող ազդեցությամբ։ Հարկավոր է դիմել հսկող բժկին, անցնել մեզի քննություն, անհրաժետության դեպքում՝ հավելյալ լաբորատոր հետազոտություններ։ Անհրաժեշտ է նաև հիշել, որ լվացում կատարելիս ուղղությունը պետք է լինի առջևից հետ և ոչ հակառակը։ Այլապես հետանցքի ֆլորան կարող է տեղափոխվել միզասեռական համակարգ։ 

 

Անուն՝ Արփի

Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, եթե հղիության թեստի վրա մեկ գիծ է ցույց տալիս, ուրեմն բացասակա՞ն է։ Այս ամիս դաշտան չեմ ունեցել։ Դաշտանի ուշացումը բացի հղիությունից ինչի՞ հետ կարող է կապված լինել։

Պատասխան՝ Մեկ գիծը բացասական արդյունք է։ Թեստը կրկնեք մի քանի օր անց։ Միգուցե ուշացումը կապ ունենա հորմոնալ ֆոնի փոփոխությունների հետ։

  

Անուն՝ Նարինե

Հարց՝ Բարև Ձեզ։ Հնարավո՞ր է հղիանալ ներարգանդային պարույրի առկայության դեպքում։ Կանխավ շնորհակալ եմ։ 

Պատասխան՝ Այո՛, կա այդպիսի հավանականություն։ 

 

Անուն՝ Աննա

Հարց՝ Բարև Ձեզ։ 2 տարի 6 ամիս առաջ վակումային տարբերակով ընդհատել եմ 5-6 շաբաթական հղիությունս, ինչից հետո  բարդություններ չեն առաջացել։ Կխնդրեմ ասել՝ հնարավո՞ր է կրկին հղիանալ, և որքանո՞վ է մեծ այլևս չհղիանալու ռիսկը։

 Պատասխան՝ Եթե ընդհատման ընթացքում կամ դրանից հետո բարդություններ չեն ծագել, ապա անհանգստանալու կարիք չկա։ 

 

Անուն՝ Անահիտ

Հարց՝ Ես 25 տարեկան եմ, ամուսինս՝ 32։ Ունենք 4 տարեկան աղջիկ։ Սեպտեմբերին կդառնամ 26 տարեկան, իսկ ամուսինս՝ 33։ 2020 թվականի սեպտեմբերին ընդհատել եմ 5 շաբաթական հղիությունս։ Ասեմ՝ թունավոր հղիություն եմ տանում այժմ, առկա է ջրազրկում և նման այլ խնդիրներ ևս։ Լսել եմ՝ եթե աղջիկ ունենալու դեպքում հղիությունը ծանր է ընթանում, հակառակ սեռի դեպքում այլ կերպ է լինում։ Ուզում եմ տղա ունենալ։ Խնդրում եմ օգնել։

Պատասխան՝ Դրանք բոլորը միֆեր են։ Սեռը որոշվում է բեղմնավորման պահին: Միակ 100 %-անոց մեթոդը ԱՄԲ-ն է, որը թույլ  է տալիս ստանալ կոնկրետ սեռի պտուղ։ Մյուս բոլոր հաշվարկները, օվուլյացիայի հստակ որոշումն ինչ-որ չափով մեծացնում կամ նվազեցնում են տղա, աղջիկ ունենալու հավանականությունը։