Հնարավո՞ր է հղիություն դաշտանի ընթացքում․ ընթերցողի հարցերին պատասխանում է գինեկոլոգը

Հարց/Պատասխան

Հարցերին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:  

 

Անուն՝ Հերմինե

Հարց՝ Բարև Ձեզ: Կարո՞ղ եմ ատամնաբույժի այցելել, եթե նոր եմ իմացել հղիությանս մասին: Եթե ոչ, ապա հղիության ընթացքում ե՞րբ է կարելի։

Պատասխան՝ Այցելել կարող եք։ Անպայման զգուշացրեք հղիության մասին և նշեք ժամկետը: Կախված այդ տվյալներից՝ բժիշկը կարող է կատարել անհրաժեշտ գործողություններ՝ թույլատրելի սահմաններում։

 

Անուն՝ Արմինե

Հարց՝ Բարև Ձեզ, հնարավո՞ր է հղիություն դաշտանի ժամանակ: Հիմնականում դաշտանը կրկնվում է 28 օրը մեկ: Նախորդը սկսվել է դեկտեմբերի 12-ին, դեկտեմբերի 14-15-ին ունեցել եմ սեռական հարաբերություն, իսկ դեկտեմբերի 16-ին դաշտանն ավարտվել է: Նախապես  շնորհակալություն։

Պատասխան՝ Հավանականությունը քիչ է, բայց կա։

 

Անուն՝ Արևիկ

Հարց՝ Ամուսինս մրսել է և բարձր ջերմություն ունի, խմում է ջերմիջեցնողներ, դեղեր՝ հակավիրուսային, հակաբորբոքային, ցավազրկող, ներարկվում է «Ցեֆտրիաքսոն»: Հնարավո՞ր է՝ այս դեղերը վնասակար ազդեցություն թողնեն սերմնահեղուկի վրա, եթե այս ընթացքում, այս ամսում հղիանամ: Հնարավո՞ր է, որ պտուղն առողջ չլինի կամ բարդություններ առաջ գան:

Պատասխան՝ Նախընտրելի է՝ դեղորայքն ընդունելուց հետո որոշ ժամանակ անցնի: Ամեն դեպքում, եթե հղիությունը «գրանցվի», դա չի նշանակում, որ վատ ընթացք պետք է ունենա: Պարզապես հետևողական եղեք։

 

Անուն՝ Սեդա

Հարց՝ Հարգելի՛ բժիշկ, արդեն 10 օր է՝ խմում եմ «Դյուֆաստոն» դեղամիջոցը դաշտան առաջացնելու նպատակով: 15 օր ուշացել էր, հղիության թեստ արեցի, որը դրական ցույց տվեց: Հնարավո՞ր է, որ հղիություն չլինի, բայց տվյալ դեղամիջոցի ազդեցությամբ դրական ցույց տա:    

Պատասխան՝ Հստակ պարզելու համար ԽԳ հանձնեք:

 

Անուն՝ Մարիամ

Հարց՝ Բարև Ձեզ, որքանո՞վ է հավանական հղիությունը պոլիկիստոզի ժամանակ, և ի՞նչ դեղորայք պետք է օգտագործել, որ կնպաստի հղիության առաջացմանը: Հիվանդությունը դեռ չի բարդացել:

Պատասխան՝ Այո՛, հղիությունը հնարավոր է, իսկ դեղորայքը պետք է բժիշկը դուրս գրի:

 

Անուն՝ Լուսինե

Հարց՝ Բարև Ձեզ, ծննդաբերությունից անցել է 9 ամիս, սակայն դեռ դաշտանադադար է ինձ մոտ: Դա նորմա՞լ է: Նշեմ նաև՝ սեռական հարաբերության ժամանակ ունենում եմ ցավեր։ Ի՞նչը կարող է պատճառ լինել:  

Պատասխան՝ Եթե ԿԿ-ի փուլում եք, ապա կարող է մինչև 1 տարի չկարգավորվել: Ցավի համար դիմեք բժշկի։

 

Անուն՝ Անի

Հարց՝ Բարև Ձեզ, 23 տարեկան եմ, ունեմ 3 տարեկան աղջիկ: Ուզում եմ պլանավորել երկրորդ հղիություն և հաշվարկով ունենալ տղա երեխա: Կօգնե՞ք հասկանալ՝ ինչ անեմ:

Պատասխան՝ Նախապես միանշանակ որոշել սեռը հնարավոր է միայն ԱՄԲ-ի միջոցով։