Ինչո՞ւ է երեխան քայլում թաթերի վրա․ ներկայացնում է օրթոպեդը

1-3տարեկան

Ներկայացնում է մանկական օրթոպեդ-վնասվածքաբան, ողնաշարաբան Արա Անթառանյանը։

Ծնողները տեսնում են, որ փոքրիկը թաթերի վրա՞ է քայլում։ Ո՞ր դեպքում անհանգստանալ և ո՞ր դեպքում առանձնապես չկենտրոնանալ ու չվախենալ։ Երկրորդ հարցադրումն արդեն իսկ հուշում է՝ թաթերի վրա քայլելը ենթադրում է ինչպես հիվանդածին, այնպես էլ ոչ հիվանդածին պատճառներ։

Առաջին հերթին, նոր քայլել սկսող երեխան, թաթերի վրա քայլելով, փորձում է կոմպենսացնել մկանային ուժի և կոորդինացիայի անբավարարությունը։  Նա դեռ բավարար չի ուժեղացել ու զարգացել, որպեսզի քայլքը լինի իդեալական։ Երկրորդ հերթին, առանձնանում են անհայտ պատճառով թաթերի վրա քայլող երեխաներ․ ամեն ինչ կարգին է, հետազոտություններով հիվանդություն հայտնաբերված չէ, իսկ երբ փոքրիկին խնդրում են քայլել կրունկից թաթ ստանդարտ թայլվածքով, նա դա հանգիստ անում է։ Նման բալիկներին բուժելու կարիք չկա։ Պարզապես ծնողները պետք է հաճախ մեղմ ձևով հիշեցնեն բալիկին և խրախուսեն, որ քայլի կրունկից թաթ։ Ծայրահեղ հազվադեպ անհրաժեշտություն է ծագում կատարելու բժշկական միջամտություն։

Խոսելով հիվանդածին գործոնների մասին՝ հարկավոր է, նախ, անդրադառնալ մանկական ուղեղային կաթվածի առնչությանը։ Ախտորոշումը հաստատելու համար շատ կարևոր է երեխայի կլինիկական զննումը օրթոպեդի, վերականգնողական բժշկի, նյարդաբանի կողմից։ Այստեղ կարիք է լինում վերականգնողական բուժման, օրթեզավորման, երբեմն վիրահատական միջամտության, որոնք տարբեր են և ամեն հիվանդի համար քննվում են առանձին, քայլքի լաբորատորիայում  իրականացվող հետազոտությունից հետո։ Թաթերի վրա քայլելուն դրդող գործոնների մեջ է մտնում նաև նյարդամկանային ժառանգական հիվանդությունների մի խումբ, որն անվանում են «միոպատիաներ»։ Այդպիսի երեխաների կլինիկական քննությունն ու ախտորոշման հաստատումն առավել խրթին թեմա է։ Այդ փոքրիկները քայլել սկսում են ժամանակին, նրանց քայլվածքը չի տարբերվում մյուսներից, բայց ինչ-որ տարիքում քայլելուց կամ աստիճաններ բարձրանալուց հոգնում են, դժվարանում և թաթերի վրա քայլում։ Բուժման պլանի մշակումն ունի յուրահատկություններ։ 

Ընդհանուր առմամբ, եթե երեխան չունի շեղում առողջ ստանդարտ պատմությունից, նրա զարգացումն ընթացել է տարիքային նորմերին համապատասխան, ծնվելուց հետո չի ունեցել պսիխոմոտոր զարգացման որևէ առանձնահատկություն ու չի տարել ծանր հիվանդություն, այդ թվում՝ ցնցումներով ընթացող, ապա երեխան մեծ հավանականությամբ առողջ է, թաթերի վրա քայլելն էլ ժամանակի հետ կկարգավորվի։

 

Աղբյուր՝ Արա Անթառանյանի ինստագրամյան էջ