Անկեղծ ոգևորությամբ և հրաշքի սպասումով յուրաքանչյուրն, անշուշտ, պատրաստվում է Ամանորին: Այն մարդիկ, որոնք տանն ունեն փոքրիկ, ապրում են կրկնակի ուրախություն ու մտածում կախարդական գիշերը բալիկի հետ դիմավորելու մասին: Ծնողների համար դա կլինի բերկրալից պահ, սակայն երեխայի համար՝ ռեժիմի խախտում: Արդյո՞ք ճիշտ է փոքրիկին մինչև կեսգիշեր արթուն պահելը կամ կեսգիշերին արթնացնելը:
Հոգեթերապևտ, երեխաների քնի խորհրդատու Էմմա Արզիևայի խոսքով՝ բալիկի ռեժիմը փոփոխել ցանկալի չէ, հատկապես որ նա մինչև չորս տարեկանների խմբում է: Պայմանավորված գրաֆիկի փոփոխությամբ՝ երեխան կարող է գերհոգնել ու դառնալ դյուրագրգիռ: Եթե մայրիկը որոշում է քնեցնել փոքրիկին մշտական ժամին, տանն առկա աղմուկը գուցե խանգարի և բալիկի արթնացման պատճառ դառնա: Ուստի քնեցնելիս կարելի է սպիտակ աղմուկ միացնել՝ քողարկելով մյուս աղմուկը: Իսկ եթե երեխան արթնանա, պետք է հետ քնեցնել սովորական դարձած տարբերակով: Նկատենք, որ հաճախ երեխային հատուկ են արթնացնում կեգիշերին մոտ, բայց նա չի կարողանում արթնանալ ու քնած է մնում, որովհետև քնի պահանջմուքն ավելի մեծ է, քան ամանորյա սեղանի շուրջ նստելը: Ի վերջո, հարկավոր է հաշվի առնել երեխայի՝ արթուն մնալուն պատրաստ լինել կամ չլինելը: Պետք չէ երեխային «բռնի ուժով» արթնացնել, Ամանորի ողջույնը կարելի է տոնական նախաճաշի շուրջ ևս կազմակերպել:
«Չորս տարեկանից բարձր երեխաների պարագայում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, որ փոքրիկն օրվա ընթացքում ունենա հանգստի ժամ՝ ֆիզիկական և հոգեհուզական հոգնածությունն ամբողջովին թոթափելու նպատակով: Այդ դեպքում հեքիաթային գիշերը միասին դիմավորելը դառնում է խրախուսելի»,- ասում է մասնագետն ու շեշտում՝ երբ երեխան այնքան գիտակից է, որ ինքնակամ է ուզում արթուն մնալ, որպեսզի տոնի ամենը մեծահասակների հետ, մնում է վայելել միմյանց ներկայությունը: