Ի՞նչ կերպ հագցնել փոքրիկին տանն ու զբոսնելիս, երբ դրսում ցուրտ է: Այս մասին մտածելն, իհարկե, կարևոր է:
Ըստ մանկաբույժ Արփինե Հովակիմյանի՝ սառը եղանակին երեխաներին պատշաճ կերպով հագցնելու բանալին շերտավորումն է: Շերտերն ապահովում են գերազանց մեկուսացում: Բնականաբար, սա չի նշանակում՝ բալիկին կարելի է չափից շատ հագցնել: Երեխան, որպես կանոն, պետք է ունենա առնվազն այնքան շերտ, որքան իր ծնողները: Դրան գումարում ենք ևս մեկն ու հասկանում ՝ փոքրիկն իրեն հարմարավետ ու լա՞վ է զգում, թե՞ ոչ: Օրինակ՝ տանը ծնողը կրում է մեկ շերտ հագուստ, փոքրիկին կհագցնենք երկշերտ: Ինքնազգացողությանը պետք է հատուկ ուշադրություն դարձնել, որովհետև փոքրիկն ընթացքում կարող է քրտնել ու սառչել: Համոզվելու համար, որ երեխան լավ է, կարելի է դիպչել նրա պարանոցի հետին մասին, երբեմն մեջքին կամ որովայնին: Եթե մազերն ու դեմքը քրտնած են, արագ է շնչում փոքրիկը, հավանաբար շոգում է: Ձեռքերին ու ոտքերին դիպչելն իմաստ չունի, քանի որ դրանք միշտ ավելի սառն են լինում:
Զբոսանքի գնալիս փոքրիկին անպայման պետք է հագցնել ձեռնոց ու գլխարկ: Գլխարկի պարագայում անհրաժեշտ է ընտրել այնպիսին, որ բալիկի ականջները ծածկվեն: Նախքան առաջարկելը պետք է ստուգել գլխարկի ներսի հատվածը, որպեսզի համոզված լինենք՝ գործվածքը չի քերծելու և չի նյարդայնացնելու երեխային: Տուն հասնելուն պես երեխայի ձմեռային հագուստն անհրաժեշտ է հանել, այդ թվում՝ գլխարկը: Հիշենք, որ երեխային քնած ժամանակ գլխարկ հագցնելու կարիք չկա, իսկ սենյակում պետք է պահպանել 20-22 ͦC ջերմություն։ Պետք չէ փոքրիկի վրա հաստ ծածկոցներ գցել ու կողքին բարձեր տեղավորել: Օրորոցում այդպիսի անկողնային պարագաները կարող են շնչահեղձության պատճառ դառնալ, եթե երեխան չկարողանա դրանք հեռացնել իր դեմքից: