«Մենք արդեն արտասանում ենք»․ նորմա՞լ է, երբ մայրիկն ընդհանրացնում է երեխայի գործողությունները

1-3տարեկան

Երեխան սկսում է գիտակցել սեփական «ես»-ը երեք տարեկանին մոտ հասակում։

Այդ շրջանում ինքնուրույն լինելու պահանջմունքն արտահայտվում ու գերակայում է. փոքրիկը սկսում է առանձնանալ մայրիկից, ու զգալ՝ ինքն էլ կարող է վարվել այլ մարդկանց պես, անել այն ամենն, ինչ մյուսները։ Մեծահասակների տպավորությամբ՝ բալիկը սկսում է կամակորություններ անել, որը, սակայն, իրականում չունի միտումնավոր բարկացնելու նպատակ, պարզապես երեխան սեփական ցանկությունների գիտակցման փորձեր է կատարում։

Մյուս կողմից, մայրիկն, ինն ամիս շարունակ երեխային կրելով սեփական մարմնում, նրա հետ մի ամբողջություն լինելու զգացում է ունենում։ Շատ կարևոր է, որ մայրն էլ ժամանակի ընթացքում՝ երեխայի ինքնուրույն քայլելու փորձերից սկսած, աստիճանաբար նվազեցնի իր մասնակցությունն՝ ի նպաստ երեխայի ինքնուրույնության, հմտությունների զարգացման ու սեփական գործողությունների գիտակցման։ Սա շեշտում ենք, որովհետև երբեմն մայրը և՛ զգացողությամբ, և՛ իր խոսույթում անուղղակիորեն ցույց է տալիս՝ դեռ պատրաստ չէ «բաց թողնել» երեխային։ Խոսքում անընդհատ օգտագործում է «մենք» դերանունը՝ որպես ամբողջության ընդգծում. «մենք» ուզում ենք գնալ պարի, լողի, դպրոց և այլն։ Նման գիտակցված կամ չգիտակցված արտահայտություններն ու վարքը հանգեցնում են հարաբերությունների կախյալ բնույթի, իսկ դա խոչընդոտում է փոքրիկի առանձնանալու կարողությանը, ծնողներից անջատմանը, թույլ չի տալիս ճանաչել ու հասկանալ սեփական ցանկությունները։ Տվյալ երևույթը կարող է ձգվել ամբողջ կյանքի ընթացքում։ Նույնիսկ հասուն տարիքում ծնողներից հեռու ապրելով՝ զավակը կարող է պահպանել անձնական  կյանքը տնօրինելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու դժվարությունները։

Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մայրիկն առաջին հերթին պետք է ընդունի, որ երեխան առանձին էակ է իր ցանկություններով ու տարբերություններով։ Պետք է պարզի ու հասկանա երեխային «բաց թողնելու» վախի հիմքերը, ի՞նչ կպատահի, ի՞նչ հույզեր կունենա, եթե բաց թողնի։ Անպայման կարողանա տարբերակել ու հասկանալ՝ որն է իր ցանկությունը,  որը՝ երեխայինը։ Անհրաժեշտ է, որ ընդունի՝ հանգամանքները կարող են սեփական ծրագրի հունով չընթանալ, ամեն ինչ հնարավոր չէ կանխատեսել ու կառավարել։ Եվ, իհարկե, հարկավոր է փորձել իսկապես ճանաչել երեխայի բնույթն ու էությունը՝ սեփական սպասումները նրա գլխին փաթաթելու փոխարեն։

 

Նյութի հեղինակ՝  «Երկուսով» կենտրոնի մանկական հոգեբան Գոհար Բարխուդարյան