Ինչու՞ է փոքրիկը քնի մեջ խոսում և լաց լինում․ պարզաբանում է մասնագետը

1-3տարեկան

Ներկայացնում է կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ, երեխաների քնի խորհրդատու Էմմա Արզիևան:

Բոլոր մարդիկ գիշերվա ընթացքում արթնանում են, իսկ առավոտյան անգամ չեն էլ հիշում: Դա հիմնականում կատարվում է խոր քնի չորրորդ փուլի ավարտին, երբ կարճ արթնանում են՝ վստահ լինելով, որ շրջապատում կյանքին վտանգ սպառնացող իրողություններ չկան ու շարունակում են քնել: Եթե հանկարծ ներքին կամ արտաքին որևէ սուր ազդակ է լինում, լրիվ արթնանում են, որից հետո դժվարությամբ կամ առանց դժվարության նորից քնում են: Գրեթե նույնը տեղի է ունենում երեխաների մոտ: Սակայն, ի տարբերություն մեծահասակների, նրանց քնի չորրորդ փուլում շատ են դելտա ալիքները, որոնք քունն ավելի խորն են դարձնում: Այդ փուլից արթնանալու ու մյուս փուլ անցնելու ճանապարհին տեղի են ունենում «պատահարները»՝ բարձր լաց, քաոտիկ շարժումներ, քայլք: Այս երևույթն անվանում են գիտակցության փոփոխված վիճակ․ մարդն արթուն չէ, բայց և բնականոն քնի մեջ չէ:

Հաճախ այդպիսի երևույթներ ի հայտ են գալիս գիշերվա քնի առաջին կամ երկրորդ ցիկլի վերջում՝ քնելուց մոտ 2-4 ժամ անց: Բալիկները ճչալով լաց են լինում, ձեռքերը թափահարում, խոսում: Ծնողները շատ են վախենում նմանօրինակ դեպքերից ու չգիտենինչպես վարվել: Արթնացնելու կամ ինչ-որ բան բացատրելու փորձերը կարող են առավել գրգռել երեխային: Անհրաժեշտ է խուսափել ուժեղ արձագանքներից ու հնարավորինս տրամադրել փոքրիկին քնի շարունակմանը: Հազվադեպ, սակայն հնարավոր է, որ երեխան խիստ վախեցած դուրս թռչի մահճակալից, ընկնի ու որևէ տրավմա ստանա: Եթե երևույթը հաճախակի կրկնվում է, պետք է խորհրդակցել քնի մասնագետի հետ:

Երբեմն գիտակցության փոփոխված վիճակը շփոթում են գիշերային մղձավանջների հետ, բայց դրանք սկզբունքորեն տարբեր վիճակներ են: Քնի մեջ գիտակցության փոփոխված վիճակի արտահայտմանը նպաստում են կոնկրետ գործոններ: Ռիսկի խմբում են երեխաները, որոնք չունեն տարիքին համապատասխան ռեժիմ, քնում են անկանոն, գիշերային և ցերեկային քնի սխալ բաշխմամբ, ունեն բարձր տագնապայնության մակարդակ ու իմպուլսիվ են, ունեն կախվածություն հստակ ասոցիացիաներից, ֆիզիկական գանգատ ու օգտագործում են դեղորայք, գերհոգնած են և չեն լրացնում քնի պահանջը, քուն մտնելու պահին գտնվում են լարված վիճակում, քնում են անբարենպաստ պայմաններում՝ աղմուկ, լույս և այլ գրգռիչներ, գտնվում են ճգնաժամային փուլում (ծնողների բաժանում, կարոտ, կորուստ):  

  

 

Աղբյուրը՝ Էմմա Արզիևայի ինստագրամյան էջ