Ինչպիսի՞ փոփոխություններ են լինում փոքրիկի մոտ 1-1․5 տարեկանում

1-3տարեկան

Ներկայացնում է կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ, երեխաների քնի խորհրդատու Էմմա Արզիևան:

1–1․5 տարեկանում՝ «ինքնուրույն փորձառության փուլում», երեխան կատարում է իր առաջին քայլերը: Տվյալ շրջանում նա զգում է իրեն աշխարհի տիրակալը, որը կարող է ինքնուրույն կանգնել, նայել ամենին այլ դիտակետից, ղեկավարել սեփական մարմինն ու ոտքերը, կատարել փոքր-ինչ երերուն, սակայն համարձակ քայլեր:  Նրա մոտ էգոցենտրիզմը կարող է հասնել գագաթնակետին: Թվում է, թե փոքրիկը մտածում է՝ ողջ աշխարհն ապրում ու արարում է ի շահ իրեն, հատկապես՝ մայրիկը: Հնարավոր է՝ մայրիկն ասի, որ երեխան, կարծես, իրեն էլ չի սիրում, իր հետ կապված չէ, կարիքը չունի և այլն: Բայց սա կարճատև փուլ է, որին պետք է համապատասխան մոտեցում ցուցաբերել:

Ծնողների մեծագույն սխալը սուր ֆիքսվածությունն է բալիկի վրա: Նրանք փոքիկի ձեռքերից անընդհատ բռնում են, չեն թողնում, որ ընկնի, նույնիսկ հարմարանքներ են գնում, որ բռնակի պես պահեն երեխայի մեջքից: Պետք է հիշել՝ ընկնելը նոր քայլել սովորող բալիկի համար այնքան նորմալ է, որքան նոր ուտել սովորող փոքրիկի համար ուտելիքը հագուստին թափելը: Իհարկե, հարկավոր է զգոն լինել, բայց թույլ տալ՝ երեխան ընկնելու և կանգնելու հաշվին սովորի, փորձ ձեռք բերի: Այս փուլում այնքան է բարձրանում դոֆամինի մակարդակն օրգանիզմում, որ ցավային գրգիռներն այսպես, թե այնպես մեղմվում են: