Ո՞ր դեպքերում է փոքրիկը հրաժարվում գիշերանոթին նստելուց և ի՞նչ անել

1-3տարեկան

Նախքան երեխայի՝ գիշերանոթից հրաժարվելու հարցը քննարկելը հարկավոր է հասկանալ, թե  մայրիկը երբ է սկսել փոքրիկին սովորեցնել գիշերանոթից օգտվել, փոքրիկն ինքնուրու՞յն է գնացել և նստել, թե՞ մայրիկի ուղղորդմանն է անընդհատ հետևել, որտե՞ղ է դրված եղել գիշերանոթը, միշտ նույն տեղու՞մ, և ի՞նչ վարք է ցուցաբերել բալիկը, երբ բնական պահանջ է ունեցել:

«Երեխային գիշերանոթից օգտվել սովորեցնելը հարկավոր է սկսել 18-20 ամսականից ոչ շուտ, եթե ծնողն իսկապես ուզում է՝ երեխան իր բնական պահանջմունքով նստի գիշերանոթին:

Զուգարանակոնք, թե գիշերանոթ՝ որոշվում է ըստ բալիկի հարմարավետության: Այսինքն՝ բնական կարիքը հոգալու ձևն այստեղ էական չէ, այլ բալիկի պատրաստ լինելը` կամային որակների ձևավորման տեսանկյունից: Եթե ծնողը ռեֆլեքսով է գիշերանոթ նստեցնում, ոչ թե բալիկի բնական կարիքի պահանջով, ապա ժամանակ առ ժամանակ երեխան կարող է չենթարկվել կամ շեղվել ռեֆլեքսից` որևէ նոր գրգռիչի դեպքում»,- ասում է կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ, երեխաների քնի խորհրդատու Էմմա Արզիևան: Նրա հավաստմամբ՝ գիշերանոթին նստեցնելը հարկադրաբար շարունակելու դեպքում պատկերը կարող է գնալով ավելի վատանալ. երեխան սկսի գոռալ միայն գիշերանոթի տեսքից, կտրականապես չնստի, տակն անի և այլն:

Հնարավոր է՝ երեխան երկու տարեկանին մոտ է, մայրիկը վաղուց է սկսել նրան գիշերանոթին ծանոթացնելու գործընթացը, բալիկն օգտվել է գիշերանոթից երկար ժամանակ, սակայն հետո սկսել ընդդիմանալ:  Նման պարագայում խնդրի լուծման մի տարբերակ է 3-4 շաբաթ դադար տալը: Մասնագետը նշում է, որ այդ ընթացքում կարելի է երեխային տեղեկատվություն տալ՝ ինչու է պետք գիշերանոթը, նկարներ ցույց տալ՝ ինչպես են տարբեր բալիկներ գիշերանոթից օգտվում, ասել՝ շատ շուտով, երբ մի փոքր էլ մեծանաս, դու էլ կօգտվես: «Երբ զգում եք պատրաստ է, նորից կարող եք սկսել առանց ստիպելու: Պետք է թողնել, որ երեխան  ինքնուրույն նստի: Անհրաժեշտություն չկա երեխայի գլխավերևում կանգնելու: Եթե փոքրիկը տաբատը չի կարողանում իջեցնել, մայրիկը կարող է իջեցնել ու սպասել, որ նա նստի կամ այնպիսի բան հագցնել, որ հեշտ կարողանա իջեցնել»,- ընդգծում է նա: Մյուս լուծումը դադար չտալն է, ուղղակի միասին խանութ գնալ, միասին այլ գիշերանոթ գնել, որը երեխան կհավանի: Եթե կրկին լաց լինի, հակառակվի, ուրեմն պետք կլինի ընտրել դադարի տարբերակը:

Էմմա Արզիևան շեշտում է՝ չի կարելի գիշերանոթ չնստելու կամ տակն անելու համար պատժել ու նախատել փոքրիկին, ինչպես նաև գիշերանոթը դնել երեխայի խաղալիքների հետ կամ թույլ տալ, որ նա խաղա դրանով: Այս դեպքում պրոցեսը բավական կերկարաձգվի: Հարկավոր է դնել այն պետքարանում, որտեղ բոլորն են իրենց բնական կարիքները հոգում ու պարզ ասել երեխային՝ դա ինչի համար է: Եթե պետքարանում դնելու տարբերակ չկա, գոնե սենյակի որևէ անկյունում, որն անփոփոխ կմնա: Գիշերանոթը տան տարբեր հատվածներում դնելը երեխային շփոթության մեջ կարող է գցել: Անհրաժեշտ է գնել հասարակ, ոչնչով աչքի չընկնող գիշերանոթ: Լուսաձայնային գործառույթներով գիշերանոթ գնելը բացարձակ ոչ մի օգուտ չի տալիս: