Տղաս փողոցում չի բռնում ձեռքս ու, ընդհանրապես, բոլոր հրահանգներս անտեսում է, ի՞նչ անեմ․ պատասխանում է հոգեբանը

Խնամք

 «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանում է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողի հարցին։  

 

Անուն: Աննա

Հարց: Բարեւ Ձեզ, տղաս 3 տարեկան է, դրսում գրեթե միշտ մերժում է բռնել ձեռքս: Ու ընդհանրապես, գրեթե բոլոր հրահանգներս անտեսում է: Այլեւս չգիտեմ` ինչ լեզվով խոսեմ: Համոզում եմ, խնդրում եմ, շեղում եմ, բացատրում եմ, բայց իմ նյարդերն էլ չեն դիմանում: Ինչպե՞ս վարվեմ:

Պատասխան: Հստակ սահմանեք վայրերը, որտեղ կարելի է ձեռքը բաց թողնել, և վայրեր, որտեղ չի կարելի: Ոչ մի պարագայում մի՛ խախտեք այդ կանոնները: Երբեք ձեռքը բաց մի թողեք բաց տարածություններում, ճանապարհների հարևանությամբ և նմանատիպ վտանգավոր վայրերում, դա արեք միայն խաղահրապարակներում և անվտանգ տեղերում: Երեխայի հետ դրա մասին խոսեք տանը, խաղացեք նմանատիպ խաղեր: Նկարեք ճանապարհներ, մեծ քաղաքներ, խոսեք և քննարկեք, թե ինչ վտանգներ կան, ինչի համար է պետք բռնել մայրիկի ձեռքը, որ պահին կարելի է բաց թողնել և վազվզել, որ պահին` ոչ: Այդ խաղերը դարձրեք հետաքրքրիր և հումորով, ապա փողոցում շարունակեք խաղը` երեխային հիշեցնելով կանոնները:

Եթե ձեր բացատրությունները չեն օգնում և այլևս որևէ բան չունեք փորձելու, դիմեք հոգեբանի խորհրդատվությանը, քանի որ երբեմն նման վարքագիծը հիպերակտիվության մասին կարող է վկայել: Այդ խնդրի դեպքում երեխաներին ծնողների բացատրությունները չեն օգնում և բավարար չեն: Անհրաժեշտ է մասնագիտական օգնություն: