Երբեմն փոքրիկը բողոքում է, որ սառը, տաք հեղուկներ խմելիս կամ ուտելիք փորձելիս ատամների շրջանում տհաճ զգացողություն է ունենում:
«Երեխայի մոտ նման ցավային դրսևորման պատճառների շարքում առաջինը կարիեսի առկայությունն է: Կարող են ատամների վրա ճաքեր լինել, որոնք նույնպես գերզգայունության պատճառ կլինեն: Մյուս պատճառներից է ատամների ախտաբանական մաշվածությունը»,- նշում է «France med»-ի ստոմատոլոգ Աշխեն Մաշուրյանը:
Նրա խոսքով՝ նման զգացողություններ կարող են ի հայտ գալ նաև այն ժամանակ, երբ փոքրիկը կրճտացնում է ատամները կամ ունեցել է ուժեղ հարված ատամնաշարին: Կարիեսի առաջացման դեպքում ատամը դանդաղ սկսում է փտել: «Ատամը կարող է արտաքինից որևէ փոփոխություն չկրել, սակայն արդեն իսկ կարիեսով ախտահարված լինել ու դառնալ ցավի աղբյուր: Նվազագույնը վեց ամիսը մեկ անհրաժեշտ է փոքրիկին տանել պրոֆիլակտիկ հետազոտման ստոմատոլոգի մոտ: Այդպես ի հայտ կգան նույնիսկ փոքր կարիեսային խոռոչները և խնդիրը ժամանակին կլուծվի: Հաճախ փոքրիկները տարբեր սուր իրեր են մոտեցնում ատամներին: Ծնողները պետք է ուշադիր լինեն և վերացնեն նմանատիպ վատ սովորությունները: Հակառակ դեպքում` կզարգանա ատամների ախտաբանական մաշվածություն»,- ասում է ստոմատոլոգը:
Նա հորդորում է չմոռանալ բերանի խոռոչի հիգիենայի մասին: Անհրաժեշտ է օրը երկու անգամ մաքրել ատամները /2-3 րոպե/: Ցանկալի է խաղային երանգ տալ ատամների մաքրման պրոցեսին, որպեսզի փոքրիկն ավելի հաճույքով այն կատարի: Պետք է կարևորել մաքրելու ձևը և ատամի խոզանակը: Մաքրելիս կոպիտ շարժումներ չի կարելի անել, իսկ խոզանակի ընտրությունը հարկավոր է կատարել ստոմատոլոգի խորհրդով: