Ինչպե՞ս հասկանալ, որ երեխան պատրաստ է գիշերը ևս անցկացնել առանց տակդիրի․ ծնողների հարցերին պատասխանում են մանկաբույժն ու հոգեբանը - մաս 4

Խնամք

Նյութի երրորդ մադը կարդացեք այստեղ։


-Պե՞տք է, արդյոք, սպասել, որ երեխան հասնի որոշակի տարիքի ու ինքը ցանկանա գիշերանոթ նստել, թե՞ պետք է պարտադրել կամ փոքր հասակից (6-7 ամսական) կեղտոտելուց պարբերաբար պահել գիշերանոթին, որպեսզի կարիքներն այնտեղ հոգալու սովորություն ձևավորվի։

Մանկաբույժ - Մենք՝ մանկաբույժներս, ասում ենք, որ երեխան  կարող է լիարժեք կառավարել միզարձակությունը և դեֆեկացիան 22-30 ամսականում (կախված է երեխայից և ընտելացնելու ինտեսիվությունից)։   Ծնողներն, իրականում, իրենց համար են  սովորեցնում երեխային գիշերանոթին նստել 6 ամսականից, այլ ոչ  թե երեխայի։ Երեխան լիարժեք պատրաստ է մտնել համագործակցության մեջ այն ժամանակ, երբ գիտակցաբար կարող է տալ ազդակներ և ասել ինչ-որ կերպ՝ ուզում է, թե ոչ։

Հոգեբան - Որքան մեծանում է երեխան, այնքան տակն անելու ռեֆլեքսն ամրապնդվում է, ու ավելի դժվար է դառնում տակդիրից գիշերանոթին անցում կատարելը։ Նորից եմ կրկնում, որ սա այնքան պարզ ու բնական գործողություն է, որ սրա վրա կենտրոնանալ ընդհանրապես պետք չէ։ 

 

-Ծնողներից մեկը նշում էր, որ իր երեխան, ով արդեն հասկանում է ու կարողանում է ասել, որ գիշերանոթի կարիք ունի, հատուկ անում է տակն ու սպասում իր արձագանքին։ Թվում է՝ այդ պրոցեսը վերածում էր խաղի, որից բավականություն էր ստանում։ Ինչպիսի՞ վարքագիծ ցուցաբերել այս պարագայում։ Արժե՞ բարկանալ կամ «պատժել» երեխային։

Մանկաբույժ - Այս դեպքում շատ կարևոր է ծնողի ռեակցիան․ եթե Դուք բարկանում եք երեխայի վրա, հնարավոր է, որ նա դարձյալ հակառակվի ու կրկնի նույն վարքագիծը։  Կարծում եմ՝ այս դեպքում ճիշտ տակտիկան  մի քիչ համբերատար լինելն է և ոչ մի դեպքում չպատժելը։

Հոգեբան - Դա հավանաբար այն տարիքն է, երբ երեխան փորձում է հակառակվել մեծին։ Իհարկե, երեխան գիտի, որ մայրիկը բարկանալու է ու սպասում է այդ արձագանքին։ Բայց մայրիկը չպետք է բարկանա և լուռ, առանց որևէ բան ասելու ու երկարացնելու, ուղղակի պետք է գնա ու լվանա փոքրիկին։ Այսինքն՝ որքան բարկանա, այդքան կխորանա պրոցեսը։

 

Արդյո՞ք գիշերանոթը պետք է հենակ ունենա, թե՞ ոչ։

Մանկաբույժ - Կարծում եմ՝ որևէ տարբերություն չկա։ Պարզապես հենակով ավելի հարմարավետ է լինում երեխաներին, սակայն բացասական կողմերից մեկն էլ նա է, որ հենակի դեպքում երեխան այն  օգտագործում է որպես աթոռ և երկար ու անտեղի նստում գիշերանոթին։

Հոգեբան - Հարմարավետությունը լավ է։ Իհարկե, «ճոխ» գիշերանոթները միգուցե ավելորդություն են,  բայց հենակ ունենալը կարևոր է, որպեսզի  երեխան ավելի հարմարավետ ու սիրով նստի այդ գիշերանոթին։

 

-Ինչպե՞ս հասկանալ, որ երեխան պատրաստ է գիշերը ևս անցկացնել առանց տակդիրի։

Մանկաբույժ – Ծնողները հիմնականում փորձում են  ամրապնդել ցերեկային առանց տակդիր կյանքը, նոր անցնել գիշերային ժամերին։  Կարծում եմ՝ դա պետք է անել  գրեթե միաժամանակ։ Երբ նկատում եք, որ ցերեկային ժամերին  որոշ չափով ստացվում է ձեր համագորձակցությունը, գտեք համարձակություն և արեք դա նաև գիշերը։ Սկզբանական շրջանում կարելի է օգտագործել միանգամյա օգտագործման  հատուկ սավաններ՝ տհաճ հետևանքներից խուսափելու համար։

Հոգեբան - Գիշերը ևս կոնկրետ ժամերի, օրինակ՝ 12։30-1։00, 3։30-4։00 ընկած ժամանակահատվածում,  հարկավոր է երեխային նստեցնել գիշերանոթին։ Այդ ժամանակ ծնողն ինքը կհասկանա՝ տակդիր հարկավոր է, թե ոչ։ Այս ճանապարհով ռեֆլեքս պետք է ձևավորել նաև գիշերը։

 

-Լինում են դեպքեր, երբ երեխան գիշերանոթում միզում է, սակայն կղելու ցանկության դեպքում թաքնվում և տակն է անում, քանի որ նրան կանգնած դիրքով հարմար է։ Ի՞նչ լուծում կա այս պարագայում։

Մանկաբույժ - Եթե երեխան արդեն կայուն կարողանում  է կառավարել միզարձակությունը, ապա դուք արդեն մոտ եք վերջնակետին, մի քիչ համբերություն է պետք։

 Հոգեբան- Սա վկայում է այն մասին, որ միգուցե բոլորն ընկել են երեխայի հետևից, հատուկ ուշադրություն են դարձնում, հոգեբանական ճնշում գործադրում, որպեսզի երեխան նստի ու կեղտոտի։

Հնարավոր է նաև, որ գիշերանոթը այնպիսի տեղ է դրված, որ բոլորը ականատես են լինում, և երեխան ուղղակի ամաչում է․ չէ՞ որ դա այնպիսի գործընթաց է, որ պարտադիր չէ բոլորը տեսնեն, ընդհակառակը՝ պետք է առանձնացած վայրում լինի և այլն։

Հնարավոր է նաև՝ հետանցքին լինեն ճաքեր և կանգնած դիրքով նրան ավելի հարմար լինի կղելը։ Հաջորդ տարբերակը, որ երեխան ուղղղակի սովոր է տակդիրին և անում է տակը, իսկ անկյուն մտնում է, որպեսզի բոլորի աչքից հեռու, աննկատ կատարի այդ գործողությունը։