Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ։
-Շատ ծնողներից կարելի է լսել, որ փոքրիկը հագուստով հանգիստ նստում է գիշերանոթին, բայց երբ կարիքներ է ունենում, լացում ու փախչում է։ Ինչո՞վ է դա պայմանավորված և ինչպե՞ս շտկել իրավիճակը։
Մանկաբույժ - Մի՛ փորձեք բացատրել երեխային, որ այդպես սխալ է․ միևնույն է, չի ստացվի Ձեզ մոտ: Երեխան պետք է ընտելանա նոր իրին՝ լինի դա հագուստով, թե առանց։ Այդ անցումը շատ արագ կարող է լինել, եթե չկենտրոնանաք այդ հարցի վրա։ Եթե այլ վառ օրինակ չունեք, ապա կարող եք խաղալիքների և տիկնիկների օգնությանը դիմել։
Հոգեբան - Այս խնդիրը հիմնականում առաջանում է 3 տարեկանի ճգնաժամի դեպքում, երբ նոր-նոր փորձում ենք սովորեցնել գիշերանոթին։ Այսինքն՝ երեխան ավելի շատ ոչ թե գիշերանոթից է փախչում, որքան հակառակվում է ծնողին։ Այդ պատճառով ավելի հեշտ է լինում, երբ երեխային փորձում ենք սովորեցնել մինչև այդ ճգնաժամը, այսինքն՝ 2,5-4 տարեկանը։ Գիշերանոթից փախչելու պատճառներից մեկն էլ կարող է ֆիզիկական լինել, օրինակ՝ մեկ անգամ արել է գիշերանոթում, ցավ է զգացել, ինչի պատճառով խուսափում է նստել։ Պետք է նաև հասկանալ՝ ցավի՞ց է փախչում, հակառակվու՞մ է ծնողին, թե՞ իրեն պարզապես դուր է գալիս տակն անել։
-Հաճախ հանդիպում են դեպքեր, երբ երեխաները, տարվելով իրենց խաղերով, չեն ցանկանում կտրվել դրանից ու օգտվել գիշերանոթից: Արդյունքում՝ թրջում են տակը: Ինչպե՞ս համոզել երեխային կարիք ունենալու պարագայում կտրվել խաղից ու օգտվել գիշերանոթից:
Մանկաբույժ - Այդ սովորությունը պահպանվում է նաև այն ժամանակ, երբ երեխաներն ամբողջությամբ հրաժարվել են տակդիրներից, այսինքն՝ երեխաները խաղով ընկնելով պահում են մեզը այնքան, որ ինչ-որ չափ թրջվում է ներքնաշորը։ Քանի որ գիշերանոթին սովորեցնելը պետք է ուղեկցվի միայն խաղերով, այլ ոչ թե սաստելով, պարզապես պետք է այդ խաղերը շատ սահուն տեղափոխել դեպի գիշերանոթ։
Հոգեբան - Այս խնդրի լուծումը կարող է լինել հետևյալ կերպ․ օրինակ՝ երեխյին փորձեք այսպես համոզել՝ «Վերցրու՛ խաղալիքդ, գնանք, գիշերանոթիդ նստի, հետո կգաս, կշարունակես» կամ «Խաղալիքին ասա, որ քեզ սպասի։ Ի՞նչ ասեց խաղալիքը, կսպասի քեզ, չէ՞։ Դե արի գնանք, նստիր գիշերանոթին և հետ գանք»։ Այսինքն՝ պետք է երեխային մեկ ճիշտ նախադասությամբ կտրել մի իրավիճակից, որպեսզի նա կարողանա անցում կատարել մյուսին։
-Եթե երեխան տակն է արել, նրան որոշ ժամանակ այդպիսի անհարմար վիճակում թողնելը կստիպի՞ կարիքներ ունենալու դեպքում մայրիկին տեղյակ պահել:
Մանկաբույժ – Իհարկե, դա շատ անհատական է, բայց երեխաների մեծ մասը հիմնականում այդպես էլ սովորում է․ որոշ ժամանակ թաց թողնելուց հետո երեխան, զգալով անհարմարությունը, հաջորդ անգամ ավելի ուշադիր է լինում։
Հոգեբան - Այստեղ փոքր-ինչ այլ խնդիրներ են առաջանում։ Կախված է նրանից, թե երեխան քանի տարեկան է։ Եթե նա դպրոցահասակ է, ապա նա ուղղակի հակառակվում է, «պատժում է» ծնողին նման ձևով։ Եթե երեխան փոքր է, ապա չարժե նրան թողնել այդ վիճակում, պետք է անմիջապես մաքրել։ Եթե նա այն տարիքում է, որ կարող է ինքնուրույն մաքրել, լվանալ իրեն, ապա անպայման ասում ենք՝ գնա և ինքդ փորձիր լվացվել, փոխել ներքնաշորերդ և այլն։ Այսինքն՝ կախված նրանից, թե ինչու է տակն արել, տարբեր են նաև մոտեցումները։ Միգուցե երեխան ուղղակի հիվանդ է, լուծ է օրինակ։ Այսինքն՝ նախ դիտարկեք պատճառը, ապա՝ լուծումը։