Ինչու՞ մինչև երկու տարեկան երեխաներին շոկոլադ չի կարելի․ մասնագետի պարզաբանումն ու խորհուրդները

Սնունդ

Որպես կանոն՝ փոքրիկները շատ են սիրում շոկոլադ, մայրիկներն էլ  հաճախ փորձում են  շոկոլադի օգտագործումը նվազագույնի հասցնել` վախենալով դրա վնասակար ազդեցությունից: Այս առումով երեխաներին շատ հաճախ երես են տալիս տատիկները՝ մայրիկից գաղտնի շոկոլադե սալիկ կամ կոնֆետ տալով փոքրիկին՝ պատճառաբանությամբ, թե «մեղք է, աչքը չմնա մեջը»։

Մանկաբույժ Ասիա Ներսիսյանը նշում է, որ շոկոլադն ունի թե՛ դրական, թե՛ բացասական հատկանիշներ, պարզապես պետք է այն ճիշտ կիրառել:

«Մինչև 2 տարեկան երեխաներին խորհուրդ չի տրվում  շոկոլադ տալ, հատկապես եթե նրանք  ալերգիա ունեն,- ասում է մանկաբույժ  Ներսիսյանը,- Այն նպաստում է  քաշի ավելացմանը, կարիեսի առաջացմանը, թարախաբշտերի և այլ հիվանությունների ի հայտ գալուն»:

Ըստ մասնագետի՝ մինչև երկու տարեկան երեխաների մոտ շոկոլադը կարող է նաև անքնություն առաջացնել և պատճառ դառնալ, որ գիշերը և՛ մայրիկը, և՛ փոքրիկը չքնեն:  Մանկաբույժը նշում է, որ փոքրիկների մոտ շոկոլադը կարող է առաջացնել  նաև փորկապություն, ուստի ցանկալի է մինչև երկու տարեկան հասակը հնարավորինս խուսափել շոկոլադ օգտագործելուց: 

Շատ մայրերի հուզում է հարցը, թե արդյոք շոկոլադը փչացնում է ատամները: Բժիշկ Ներսիսյանը նշում է, որ ատամների համար վնասակար է շաքար պարունակող շոկոլադը։ «Կակաոյի փոշին ունի այնպիսի հատկություն, որը մինչև անգամ կանխում է կարիեսի առաջացումը, բնականաբար սա վերաբերում է դառը շոկոլադին, իսկ շաքարը, որ օգտագործվում է շոկոլադե սալիկների պատրաստման ժամանակ, իսկապես վնասում է ատամները»,-ասում է նա:

Որպեսզի նվազեցվի շաքարի ազդեցությունն ատամների վրա, ըստ մանկաբույժի, պետք է  քաղցր օգտագործելուց հետո անպայման լվանալ ատամները:

«Եթե ոչ մի կերպ չէք  կարողանում Ձեր փոքրիկին զրկել այդ հաճույքից, քանի որ նա մի քանի անգամ արդեն փորձել է և չի դիմանում գայթակղությանը, ուրեմն մատուցեք փոքր չափաբաժնով և աստիճանաբար հասցրեք նվազագույնի»,-խորհուրդ է տալիս մասնագետը՝ միաժամանակ նշելով, որ իրական կաթնային շոկոլադը, որը չունի շաքարային հավելում, մինչև անգամ կարող է օգտակար լինել փոքրիկի օրգանիզմին, քանի որ նաև կալցիում է պարունակում, սակայն բավական բարդ է գտնել մաքուր շոկոլադ: