Ինչպե՞ս մատուցել բրինձը փոքրիկին․ ստեղծագործ մոտեցում

Սնունդ

Ածխաջրերով և սպիտակուցներով, B խմբի վիտամիններով հարուստ բրինձը պետք է լինի երեխայի սննդակարգում: Այս մասին կարող ենք պնդել բոլորս, բայց ի՞նչ ելք առաջարկել, երբ երեխան այդքան էլ չի ցանկանում ուտել բրնձի շիլան:

Մայրիկներին կարող են օգնության հասնել սնունդը յուրօրինակ ձևով մատուցելու եղանակները: Որքան գունագեղ պատրաստի նա ուտելիքը, այնքան մեծ կլինի հետաքրքրությունը սննդի նկատմամբ, ու երեխան չի սպասի նույնիսկ հրավերի:

Շիլան պատրաստելուց առաջ սեղանի մի անկյունում դրեք խնձոր, պանիր, գազար, սալորաչիր, կանաչի: Հիմա ձեզ կպատմենք, թե ինչպես կտրատեք նշված բաղադրիչները՝ ուտելիքի վրա մուլտհերոս կատվի դեմք ստանալու համար: Բրնձի պատրաստի շիլան լցրեք միջին խորության, փոքր ափսեի մեջ: Խնձորից հանեք երկու եռանկյունաձև կտոր, որոնք կդառնան փիսիկի ականջները: Սալորաչրի մանր կտորների միջոցով կստանաք աչքերը, որոնց ներքևում գազարի կտորներով կարող եք այտերի շրջանն ընդգծել կամ պանրի բարակ շերտերով՝ բեղիկները: Կանաչու օգնությամբ էլ ստացեք քթիկի հատվածը:  

 

Բարի ախորժակ