Թեև շաքարավազն օրգանիզմի համար էներգիայի աղբյուր է, ներմուծել այն մինչև երկու տարեկան երեխաների սննդակարգ չի թույլատրվում:
Կրծքի կաթը և մանկական կաթնախառնուրդները, վեց ամսականից հետո օգտագործվող միրգն ու բանջարեղենը պարունակում են այնքան շաքար (գլյուկոզա, ֆրուկտոզա, սախարոզա), որ օրգանիզմի պահանջը լիովին բավարարվում է:
Երեխայի սննդակարգում շաքարավազի վաղ ու մեծ քանակության կիրառումը կարող է հանգեցնել մի շարք խնդիրների: Դրա հետևանքով, նախևառաջ, խանգարվում է աղեստամոքսային տրակտի բնականոն աշխատանքը, աղիներում սրվում են խմորման պրոցեսներն ու առաջ բերում գազագոյացում, փքվածություն: Հաճախ ձախողվում է նյութափոխանակությունը, խաթարվում է այնպիսի կենսական տարրերի կլանումը, ինչպիսիք են կալցիումն ու վիտամին B-ն, իմունիտետն «ընկնում» է: Շաքարի օգտագործումը կարող է ծանրաբեռնել երիկամները, լյարդը և հորմոնալ համակարգը, հանգեցնել երեխայի արյան մեջ գլյուկոզայի ու լիպիդների քանակի ավելացմանը, նույնիսկ՝ փորլուծության պատճառ դառնալ: Չափից ավելի շաքարի կիրառումը ծնում է ճարպակալման և շաքարային դիաբետի, կենտրոնական նյարդային համակարգի փոփոխությունների զարգացման վտանգ, բերում է ատամների էմալի քայքայման: Խնդիրն այն է, որ բերանի խոռոչում բակտերիաներ կան, որոնք պարզ ածխաջրերի հետ սերտորեն փոխազդում են ու առաջացնում թթուներ: Թուքը պարունակում է նյութեր, որոնք ունակ են չեզոքացնել այդ թթուն, բայց երբ քաղցրավենիքի միջոցով անընդհատ «լրացվում է» թթվի պաշարը, օրգանիզմը պարզապես չի կարողանում հաղթահարել ստեղծված վիճակը, և էմալը սկսում է ոչնչանալ: Կաթնատամների դեպքում տվյալ ազդեցությունն առավել արտահայտված է լինում:
Միայն կալորիաների հաշվին չէ, որ քաղցրավենիքը տանում է քաշի արագ ավելացման։ Նաև խանգարվում է գրելինի՝ քաղցի հորմոնի արտադրությունը, որի հետևանքով երեխան դժվարանում է կարգավորել կերած սննդի քանակն ու ժամանակին կանգ առնել։ Խաթարվում է փոքրիկի սննդային վարքագիծը, փոխվում են ու բթանում նրա համային զգացողությունները: Բալիկի համար սովորական սնունդը դառնում է անհամ և դրդում անգամ հրաժարվել սովորական ջրից։ Շաքարավազը «խաղում է» երեխայի տրամադրության հետ նուրբ կենսաքիմիական մեխանիզմների միջոցով։ Այն փոքրիկների մոտ կախվածություն է առաջացնում: Երեխան, ստանալով գլյուկոզայի չափաբաժին, զգում է էմոցիոնալ վերելք, դառնում է կենսուրախ և ակտիվ: Բայց հենց արյան մեջ շաքարի մակարդակն իջնում է և հասնում նորմալ մակարդակի, առաջ են գալիս անտարբերություն ու ձանձրույթ: Ուստի երեխան ինքն է սկսում խնդրել, հետագայում նաև պահանջել քաղցր հավելում: Քաղցր սնունդը երեխայի մոտ ստեղծում է հագեցվածության «պատրանք», քիչ թխվածքաբլիթ ուտելուց հետո արդեն փոքրիկը հրաժարվում է հիմնական սննդից: