Ծաղկակաղամբը երեխայի հավելյալ սննդի իդեալական տարբերակ է, քանի որ չի պարունակում ստամոքսի լորձաթաղանթը գրգռող կոպիտ մանրաթելեր, ունի բավականաչափ վիտամիններ և հանքանյութեր:
Այս բանջարատեսակը հարուստ է վիտամին C-ով, վիտամին H-ով և սպիտակուցներով, որոնք կենսական նշանակություն ունեն օրգանիզմի համար: Նրանում առկա է վիտամին К, որն օգնում է պահպանել արյան նորմալ ճնշումն ու սրտի առողջ ռիթմը, անփոխարինելի օգնական է կալցիումի ու վիտամին D-ի կլանման գործում: Ծաղկակաղամբի բուսական սպիտակուցներն ակտիվացնում են լյարդի և լեղապարկի գործունեությունը։ Այն հեշտությամբ մարսվում է ու երեխայի աղիներում չի առաջացնում արտահայտված գազագոյացում, հետևաբար չի հանգեցնում նաև ցավոտ կոլիկաների: Ծաղկակաղամբը հազվադեպ է փոքրիկների մոտ առաջացնում սննդային անհանդուրժողականություն, ընդհանրապես ալերգիկ չէ: Փոքրիկի համար խյուսը պատրաստելու համար անհրաժեշտ կլինի 100 գ ծաղկակաղամբ, կես թեյի գդալ ձիթապտղի ձեթ և ջուր:
Պատրաստման եղանակը
Ծորակի տակ լավ լվանում ենք ծաղկակաղամբի անհրաժեշտ չափաբաժինը և բաժանում փնջերի։ Կտրատված ծաղկակաղամբը շոգեխաշում ենք, որը կտևի 15 րոպե։ Այդ ժամանակահատվածը բավարար է, որպեսզի այն փափուկ դառնա։ Եփված ծաղկակաղամբը լցնում ենք բլենդերի մեջ, վերածում խյուսի։ Ավելացնում ենք կես թեյի գդալ ձիթապտղի ձեթ, որը կհարստացնի ուտեստը բուսական ճարպերով։ Եթե զանգվածը խիտ է ստացվել երեխայի համար, ավելացնում ենք մի քիչ եռացրած ջուր։
Բարի ախորժակ