Ե՞րբ և որքա՞ն մեղր տալ փոքրիկին. օգուտներն ու վտանգները

Սնունդ

«Իմ փոքրիկ»-ը զրուցել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի բժիշկ-սննդաբան Վարդանուշ Պետրոսյանի հետ:

 

Մեղրի բաղադրիչները

Մեղրը հնուց ի վեր օգտագործվել է և՛ որպես բնական քաղցր սննդատեսակ, և՛ որպես դեղամիջոց: Բաղադրության և էներգետիկ արժեքի մեծ մասը՝ մոտ 95-97 տոկոսը, կազմում են ածխաջրերը: Առավելապես ֆրուկտոզն ու գլյուկոզն են, որոնք էլ պայմանավորում են մեղրի քաղցր համը և հիմնական քիմիական հատկությունները։ Հիշենք՝ մեղրը մոտ 25 անգամ քաղցր է շաքարից։ Մեղրի հիմանական բուժիչ հատկությունները պայմանավորված են հակաօքսիդանտների բարձր պարունակությամբ։ Այն բնական հակաօքսիդանտներով հարուստ սննդատեսակներից է։ Պարունակում է նվազ քանակությամբ հանքային աղեր, սպիտակուցներ, օրգանական թթուներ:

 

Օգտակար հատկությունների ու դերերի մասին

Հակաօքսիդանտների մեծ քանակի ու բազմազանության շնորհիվ մեղրը պաշտպանում է բջիջների թաղանթները և պայքարում ազատ ռադիկալների դեմ: Մեղրի հիմնական հակաօքսիդանտներն են ֆլավոնոիդները, պոլիֆենոլները, ալկոլոիդները, գլիկոզիդներն ու անտրաքինոնը, և այս նյութերի քանակը կարող է փոփոխվել՝ կախված նրանից, թե ինչ տարածքում է պատրաստվել մեղրը: Հակաօքսիդանտ հատկությունը կապվում է նաև գույնի հետ: Որքան մուգ է մեղրի գույնը, այնքան բարձր է նրա հակաօքսիդանտ հատկությունը: Սա կօգնի ընտրել առավել առողջարար մեղր:

Մեղր օգտագործելիս հաշվի են առնում նախ նրա հակամանրէային ազդեցությունը: Կոնկրետ հետազոտություններ ապացուցել են՝ էշերիխիա կոլի և ոսկեգույն ստաֆիլոկոկ հարուցիչների զարգացումը կարելի է կանխարգելել մեղրի օգնությամբ: Այն ցուցաբերում է ակտիվ հակամանրէային գործունեություն ոչ միայն տվյալ բակտերիաների, այլև՝ սնկերի, վիրուսների և ուրիշ մանրէների դեմ օրգանիզմի բնական պայքարում:

Հաջորդ դերերը, որոնք վերագրվում են մեղրին, հակաբորբոքայինն ու հակաուռուցքայինն են: Պատկերացնենք՝ ուռուցքային բջիջների աճը վերահսկողությունից դուրս է գալիս և բջիջները բազմանում են՝ առաջացնելով նորագոյացություններ: Մեղրն ընդգրկվում է այն նյութերի շարքում, որոնք օգտագործվում են այդ բջիջների աճը, անառողջ բազմացումը կանգնեցնելու նպատակով: Մեղրը հաճախ են գործածում նաև վերքերի, այրվածքների բուժման համար:

 

Երեխային առաջարկում ենք մեղր

Արգելվում է մինչև մեկ տարեկան փոքրիկներին մեղր տալ: Մեղրը շատ լավ համակցվում է հացի և քիչ քանակով կարագի հետ: Նույնիսկ կարելի է օգտագործել ամբողջահատիկ շիլաների, մրգերի կամ բանջարեղենի հետ, սակայն չափաբաժինը սահմանափակ է՝ օրվա ընթացքում 1-2 թեյի գդալ:

 

Զգուշացում

✓ Քանի որ մեղրը ջերմային մշակման չի ենթարկվում, այն համարվում է հում սննդատեսակ և կարող է կրել բոտուլիզմի սպորներ: Մեծահասակների մարսողական համակարգը զարգացած է, ի վիճակի է քայքայել այդ սպորները, իսկ շատ փոքր տարիքի երեխաներինը՝ ոչ: Այդպես փոքրիկները մեղրի միջոցով կարող են մանկական բոտուլիզմով վարակվել և հիվանդանալ։ Դրա համար չի թույլատրվում մինչ մեկ տարեկան երեխաներին մեղր առաջարկել։

✓ Մեղրը նաև արտահայտված ալերգեն է: Ծնողները պետք է ուշադիր լինեն և հետևեն՝ այն ընդունելուց հետո երեխայի մոտ դիտվու՞մ են ալերգիկ ռեակցիաներ, թե՞ ոչ:

✓ Պետք է խուսափել մեղրը խմելուց, հատկապես քաղցած ստամոքսին։ Այն վտանգում է ինսուլինային համակարգը։

✓ Մեղրը չի կարելի ենթարկել ջերմային մշակման, քանի որ որոշ օգտակար նյութեր տվյալ պարագայում դառնում են վնասակար: Այսինքն՝ չի կարելի եռացնել, եփել, եռացող թեյի մեջ լցնել, օգտագործել թխվող խմորների մեջ:

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան