Ի՞նչ դեր ունի կաթնամթերքը փոքրիկի զարգացման հարցում. ներկայացնում է սննդաբանը

Սնունդ

Ծնողները երեխայի կերակրացանկում փորձում են ընդգրկել կաթնամթերքի բազմաթիվ տեսակներ, քանի որ գիտեն դրանց օգտակարության մասին: Ըստ սննդաբան, բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանի՝  կաթից ստացված մթերքներ կարող ենք ներմուծել երեխայի սննդակարգ սկսած 1 տարեկանից․ դրանք  փոքրիկների համար կալցիումի, սպիտակուցի, յոդի, վիտամին B2-ի, B12-ի աղբյուր են:

«Ունենք հետազոտություններ, որոնք ապացուցում են՝ տվյալ մթերքները նպաստում են երեխաների աճին և զարգացմանը, պաշտպանում կալցիումի դեֆիցիտից: Երկու մեծ խումբ երեխաների շրջանում կատարվել են ուսումնասիրություններ: Մի խումբը կաթնամթերքն օգտագործում էր բավարար քանակությամբ, մյուս խումբը՝ ոչ: Առաջին խմբում նկատվել էր ավելի լավ զարգացած մկանային համակարգ, ոսկրերը ավելի խիտ են եղել, բնականաբար ավելի ցածր է եղել նաև վնասվածքների և կոտրվածքների ռիսկը»,- նշում է նա: Բժիշկ-դիետոլոգի խոսքով՝ պետք է սկսել կաթնամթերքի այն տեսակներից, որոնք ընտանիքում շատ են օգտագործվում, այլապես երեխան չի ուտի: Օրինակ՝ ընտանիքում երբեք կաթնաշոռ չեն ուտում, բայց փոքրիկին ստիպում են ուտել, քանի որ օգտակար է: Այս տարբերակը չի աշխատի:

«Առհասարակ, խորհուրդ է տրվում կաթնամթերք ուտել օրական 2-3 բաժին: 1 բաժինը ներառում է 100-150 գրամ կաթնաշոռ, 15-30 գրամ պինդ պանիր, 100-150 մլ կաթ/ մածուն/ կեֆիր»,-ասում է Լիդիա Այվազյանը: Խոսելով կաթի մասին՝ նշում է, որ նպատակահարմար չէ կենդանական ծագման կաթը  փոխարինել բուսականով, քանի որ դրանք համարժեք սննդարար արժեքներ չունեն: Փոքրիկներին, որոնք ունեն կաթի նկատմամբ անտանելիություն, կարելի է առաջարկել վերամշակված կաթնաթթվային մթերքներ, իսկ կաթի սպիտակուցի նկատմամբ ալերգիա ունեցող երեխաներին՝ կալցիումով հարստացված բուսական կաթ կամ հացահատկային նախաճաշեր` կրկին հարստացված կալցիումով: Նա հորդորում է փոքրիկի սննդակարգում չչարաշահել կարագը: Այն հանդիսանում է էներգիայի, վիտամին E-ի աղբյուր ու դրա չափաբաժինը մոտ 1 ճ/գ է:

Բժիշկ-դիետոլոգն ընգծում է, որ կաթնաթթվային մթերքները նաև մեծ քանակությամբ «լավ» բակտերիաներ են պարունակում, շատ արդյունավետ են աղիների միկրոբիոտայի հարստացման համար: Վերջինիս նորմավորումը բարելավում է իմունային համակարգը: Հնարավոր է, որ փոքրիկը չցանկանա մածուն ուտել, իսկ ծնողը մտածի՝ գուցե քաղցր համ հաղորդել մածնին: Լիդիա Այվազյանը շեշտում է, որ չի կարելի փոքր տարիքի երեխաների սնունդը քաղցրացնել շաքարով, որպեսզի նրանք ուտեն այս կամ այն ուտելիքը: Այդպես ծնողներն ավելի կխորացնեն «չուտող երեխայի» համախտանիշը: Փոքրիկը պետք է հասկանա՝ երբ է ուտում քաղցր դեսերտ, երբ՝ այլ ուտելիք: Այլապես կկարծի, որ սնունդը միայն քաղցր համ պետք է ունենա:  

 

Աղբյուրը՝ Լուիզա Աբրահամյան