Ներկայացված խաղերը կօգնեն զարգացնել երեխայի մանր մոտորիկան, խոսքը, ուշադրությունը, մտածողությունը, կոորդինացիան, հետևողականությունը, հույզերի արտահայտումը կյանքի առաջին տարում։
- Կարելի է զարգացնել երեխայի մանր մոտորիկան, մտածողությունը, կոորդինացիան և ուշադրությունը` սկսած 4 ամսականից։
Երբ երեխան սկսում է ակտիվ թափահարել թաթիկներն ու ոտիկները (զարգանում է ակտիվության կոմպլեքսը), կարելի է երեխային մոտեցնել վառ գույնով փուչիկ (քիչ փչած), որ ուսումնասիրի։ Եթե երեխային հետաքրքրում է փուչիկը, ապա այն դրեք երեխայից մի քիչ հեռու, բայց երեխայի համար տեսանելի հատվածում և ծայրին կապեք գունավոր ժապավեն, իսկ ժապավենի մյուս ծայրը դրեք երեխայի թաթիկի մեջ, մի քանի անգամ ժապավենից քաշեք և ցույց տվեք, որ ժապավենը շարժելու դեպքում շարժվում է նաև փուչիկը:
Այս խաղը կարելի է խաղալ ավելի մեծ տարիքի երեխայի հետ, եթե հետաքրքրում է։
2․ Կարող եք վերցնել հաստ ժապավեն, վրան անցկացնել առարկաներ, որոնք մեջտեղում անցք ունեն (օղակներ, անգամ կարող եք չորաբլիթներ օգտագործել (бублик))։ Այնուհետև երեխային տեսանելի կերպով դանդաղ հանեք օղակներից մեկը, ապա փոքրիկին առաջարկեք մեկ-երկուսը հանել միասին, հետո մի փոքր սպասեք և թույլ տվեք՝ երեխան ինքնուրույն փորձի։ Օգնեք, եթե բարկանում է կամ դիմում Ձեր օգնությանը, բայց միանգամից մի միջամտեք, ժամանակ տվեք՝ մտածի։ Բոլորը հանելուց հետո օղակները դարձյալ միասին անցկացրեք ժապավենի վրա։ Երբ երեխան մինչև վերջ կհանի կամ կշարի, խրախուսեք, գովեք, շոյեք նրան, որպեսզի ճիշտ կատարած աշխատանքը դրական հույզեր արթնացնի երեխայի մոտ և փորձի միշտ գործն ավարտին հասցնել։
Նմանատիպ խաղեր կարելի է խաղալ 8-9 ամսականից սկսած: Այն կնպաստի մանր մոտորիկայի, մտածողության, ուշադրության զարգացմանը։
3․ Այս խաղը կարելի է խաղալ 6-7 ամսականից սկսած: Այն կզարգացնի երեխայի մանր մոտորիկան, ուշադրությունը և խոսքը։ Երեխայի սիրելի խաղալիքը փաթաթեք մի քանի շերտ գունավոր թղթի մեջ և տվեք նրան։ Օգնեք դանդաղ բացել առաջին շերտը, որպեսզի երեխան տեսնի՝ ինչ է անհրաժեշտ անել։ Շարունակեք բացել հաջորդ շերտերը, եթե երեխան ինքնուրույն չի բացում։ Երբ բացվում է վերջին շերտը, ասեք խաղալիքի անվանումը։ Կարելի է փաթաթել նաև տիկնիկ և հենց տիկնիկի մարմնի որևէ մասը երևա, անվանեք այն, այնուհետև մարմնի նույն մասը ցույց տվեք երեխայի, մայրիկի վրա:
4․ Վերցրեք երկու տարա (պարտադիր չէ խաղալիք), մեկի մեջ լցրեք տարբեր ձև ունեցող մանր առարկաներ՝ գնդակ, խորանարդիկ, լոբի, կոճակ, փոքրիկ խաղալիքներ, և երեխային սովորեցրեք 3 մատիկով (բթամատ, ցուցամատ, միջնամատ) առարկաները բռնել և տեղափոխել մյուս տարայի մեջ։ Ընթացքում առարկաները փորձեք նկարագրել։
-Տե´ս, փոքրիկ գնդակ է։
-Օ՜, մի հատ էլ կոճակ։
Ուշադրություն, քանի որ խաղի դետալները մանր են, անհրաժեշտ է միշտ ուշադիր հետևել խաղին, ոչ մի րոպե չհեռանալ կողքից։ Կարելի է գդալ տալ, որպեսզի երեխան առարկաները հատիկ-հատիկ գդալով տեղափոխի մյուս տարայի մեջ: Դրա միջոցով երեխան ավելի հեշտ կսովորի ինքնուրույն գործածել գդալը, կկարողանա ավելի հեշտ կենտրոնանալ, ուշադիր լինել, խաղը կզարգացնի նաև մանր մոտորիկան։
Ներկայացրեց «Երկուսով» հոգեբանական կենտրոնի հոգեբան Մարիամ Պետրոսյանը: