Ի՞նչ կոշիկ կամ հողաթափ ընտրել առաջին քայլերն անող փոքրիկի համար

Ժամանց

Շատ երեխաներ իրենց առաջին քայլերը սկսում են անել 8-10 ամսականում: Քանի որ նրանց մկանները և հյուսվածքները դեռևս զարգացման փուլում են, նրանց մոտ կարող է նկատվել հարթաթաթություն, ոտքի թեք կեցվածք, դեպի ներս ուղղվածություն, ինչն էլ ծնողներին մտահոգվելու առիթ է տալիս: 

Անհանգստանալու կարիք չկա. սովորաբար նմանատիպ խնդիրները երեխայի մեծանալուն զուգահեռ անցնում են, քանի որ ամրանում են նրա մկանները։  Այստեղ մեկ այլ հարց պետք է  հետաքրքրի ծնողներին. ի՞նչ կոշիկ կամ հողաթափ ընտրել նոր քայլող փոքրիկի համար: Այս հարցի պատասխանը փորձել ենք պարզել «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ի մանկաբույժ Մարի Դարակչյանի օգնությամբ։

Երբ երեխան սկսում է քայլել,  սկզբնական շրջանում  նա պետք է  ոտաբոբիկ քայլի կամ հնարավորինս բարակ ներբաններով կոշիկ հագնի: Բանն այն է, որ  երեխան, ոտքը գետնին հպելով, զգայական ինֆորմացիա է ստանում ոտնաթաթի օգնությամբ: Հաստ ներբաններով կոշիկ ընտրելով՝ մենք զրկում ենք փոքրիկին այդ զգայական ինֆորմացիան ստանալու հնարավորույթունից, որն օգնում է  զարգացնել  քայլելու ունակությունը:  Իհարկե, հնարավոր չէ երեխային կոշիկ կամ հողաթափ չհագցնել, քանի որ այն առաջին հերթին պաշտպանական  ֆունկցիա է կատարում՝ ոտքը պաշտպանում է սառնությունից, տաքությունից, վնասվածքներ ստանալուց։ Այստեղ կարևոր է ճիշտ սկզբունքով ընտրել թե՛ հողաթափը, թե՛ կոշիկը:

Ինչպես արդեն ասացինք, նոր քայլող երեխային անհրաժեշտ են բարակ ներբաններով կոշիկներ։ Այնուհետև, երբ երեխան մեծանում է, կարելի է ընտրել համեմատաբար ավելի հաստ ներբանով կոշիկ: Ընդ որում՝ կարևորը ոչ թե գեղեցկությունն է, այլ կոշիկի հարմարավետությունը, այսինքն՝ պետք է ընտրել ոտքի լայնքին և երկարությանը համապատասխան կոշիկ: Այս դեպքում օգնության է հասնում մետրաչափը։

Հիշե՛ք՝ բթամատերի համար անհրաժեշտ է բավարար չափով ազատ տարածություն, որովհետև բութը բավականին շարժուն է։ Այդ հատվածը սեղմող կոշիկը սահմանափակում է երեխայի մատների շարժունակությունը՝ հանգեցնելով դրանց սխալ աճին: Բացի դրանից, կոշիկի առջևի մասը պետք է լինի ավելի լայն, քան կրնկի հատվածը։ Կոշիկի կրնկային հատվածը պետք է լինի համեմատաբար նեղ՝ այնպես, ինչպես ոտքի կառուցվածքն է:

 

 Ի՞նչ տաքության պետք է լինեն կոշիկներն ու հողաթափերը

Եղանակով պայմանավորված՝ պետք է ընտրել համապատասխան  տաքության կոշիկներ կամ հողաթափեր:  Եթե  տանը 20-21 աստիճան տաքություն է, ապա  շատ տաք հողաթափերի կարիք չկա: Ավելին՝ ներսում  ավելորդ մորթիների առկայությունը կխանգարի երեխային ճիշտ քայլել։ Այստեղ ևս մեկ անգամ հիշենք, որ երեխան ներբանների միջոցով ստանում է զգայական ինֆորմացիա։ Որքան  բաց լինի նոր քայլող երեխայի ոտքը, այնքան ավելի արագ կլինի քայլքի ճիշտ ձևավորումը:

Լավ կլինի, որ կոշիկի ներսի հատվածը լինի բնական նյութից, որպեսզի այն չգրգռի փոքրիկի մաշկը՝ առաջացնելով առատ  քրտնարտնադրություն:  Մայրիկները հաճախ   ընտրում են հնարավորինս հաստ, ներսի փափուկ մակերեսով կոշիկներ, ինչի հետևանքով երեխաների ոտքերը սկսում են քրտնել: Բայց հիշենք, որ առանց այդ էլ շատ երեխաների դեպքում նկատվում է առատ քրտնարտադրություն։ Ներկայացնենք ավելի պատկերավոր․ երբ կոշիկի ներսի մակերեսը ոչ բնական մորթուց կամ կաշվից է, երեխայի ոտքերը քրտնում են, քրտինքը մնում է կոշիկի ներսում՝ ստեղծելով խոնավ միջավայր, որն էլ հրաշալի պայման է մանրէների համար։ Այսպիսով՝ կարող են առաջանալ ոտնաթաթի մաշկային խնդիրներ։ Այս պայմաններում կարող են առաջանալ նաև եղունգների աճի հետ կապված խնդիրներ: Այնպես որ, պետք է մաքսիմալ ճիշտ պահել դրսի  և ներսի ջերմաստիճանների  հավասարակշռությունը։

Ի դեպ, տարբերություն չկա՝ կոշի՞կ, թե՞ հողաթափ: Կարևորը՝ երկուսն էլ ընտրվեն  ճիշտ և նույն  սկզբունքով:   

Օրթոպեդ-վնասվածքաբան Կարեն Քոլոյանի խոսքով՝ կարևոր է, որ թե՛ հողաթափի և թե՛  կոշիկի ամենահետին հատվածը լինի ամուր, որպեսզի այն հետնամասում ամուր պահի ոտքը։ Սա կնպաստի ոտքի ճիշտ կառուցվածքի ձևավորմանը:

Կոշիկները պետք է ունենան կապիչներ, ձգող մասեր, որոնք կօգնեն ֆիքսել ոտքը կոշիկի մեջ։ Քոլոյանի  խոսքով՝ կոշիկ ընտրելիս կարևորը հարմարավետությունն է: Իսկ հարմարավետության առումով կոշիկ ընտրելիս նախապատվությունը կարելի է տալ սպորտային կոշիկներին:

Հիշե՛ք, սիրելի՛ ծնողներ, կոշիկի գինը միշտ չէ, որ որոշում է դրա որակը: Կոշիկ կամ հողաթափ ընտրելիս հարկավոր է կարևորել վերոնշյալ սկզբունքները։

 

Հեղինակ՝ Նորա Հայրապետյան