Օրական քանի՞ ժամ է թույլատրելի հեռուստացույց դիտել

Ժամանց

Եթե էկրանին սիրելի մուլհերոսը կամ մուլտֆիլմն է, երեխային անհնար է կտրել հեռուստացույցից։ Սակայն մեծահասակները լավ գիտեն՝ հեռուստացույցի առջև երկար նստելը ոչ միայն խրախուսելի չէ, այլև բացասաբար է անդրադառնում փոքրիկի վրա։ Ո՞ր տարիքից և օրական քանի՞ ժամ է թույլատրելի հեռուստացույց դիտել. ներկայացնում է հոգեբան Ռիմա Իգիթյանը։

Հեռուստացույցի երկարատև դիտումը բացասաբար է անդրադառնում երեխայի զարգացման վրա: Այն ազդում է երեխայի առողջության, վարքի, խոսքի զարգացման, մտածողության և երևակայության վրա: Հեռուստացույց դիտելու հետևանքով երեխան դառնում է անուշադիր, խանգարվում է երեխայի կենտրոնանալու ունակությունը: Հեռուստացույցի առջև երկար ժամանակ անցկացնելու հետևանքով երեխայի մոտ կարող է առաջանալ անքնություն:

Կախված մուլտֆիլմի բնույթից՝ երեխայի վրա ունեցած ազդեցությունը կարող է լինել և՛ դրական, և՛ բացասական: Առաջին հայացքից անմեղ թվացող մուլտֆիլմերը կարող են բացասական ազդեցություն ունենալ երեխայի վարքի ձևավորման վրա և հակառակը: Ինչպես գիտենք, շատ երեխաներ նմանակում են մուլտֆիլմի հերոսներին, և քանի որ այդ հասակում երեխաները չեն կարող ճիշտ գնահատական տալ մուլտֆիլմերի հերոսների վարքին, ուստի ծնողը պետք է համբերատար կերպով երեխային բացատրի հերոսների դրական և բացասական պահվածքը, քայլերը և դրանց հնարավոր վատ ու անթույլատրելի հետևանքները:

Առհասարակ 1.5-2 տարեկան երեխաների դեպքում ցանկալի չէ մուլտֆիլմերի դիտումը, դրա փոխարեն նախընտրելի են երեխաների ինտելեկտուալ զարգացմանն ուղղված խաղերը: 3-4 տարեկան  երեխաներին թույլատրվում է հեռուստացույց դիտել օրական 30 րոպե: Իսկ  5-6 տարեկան  երեխաների դեպքում հեռուսատացույցի դիտումը պետք է սահմանափակել մինչև 2 ժամ:

Անշուշտ ծնողները պետք է հետևողական լինեն, որ  երեխաները որքան  հնարավոր է ուշ ծանոթանան հեռուստաէկրանի հետ: Սակայն եթե երեխան արդեն կապվածություն է ձեռք բերել, և նրան հաճելի է հեռուստացույց դիտել, պետք չէ կոնֆլիկտի մեջ մտնել: Պետք է փորձել շեղել նրա ուշադրությունը և այլ հետաքրքրություն կամ զբաղմունք գտնել երեխայի համար։ Հարկավոր է հաշվի առնել, որ երեխաները սիրում են նմանակել, և նրանց վրա բարկանալուց առաջ պետք է յուրաքանչյուր ծնող փոփոխությունները սկսի  իրենից․ ցույց տվեք փոքրիկներին, որ կարելի է հեռուստացույց դիտելուց ավելի հետաքրքիր գործով զբաղվել:

 

Հեղինակ՝ Նորա Հայրապետյան