Ցերեկվա ընթացքում մայրիկը փոքրիկին պառկեցնում է քնելու, իսկ բալիկն ընդամենը 20 րոպե անց բացում է աչքերը։ Ի՞նչն է պատճառը, որ բալիկի ցերեկային քունը երկար չի տևում և անհանգստություն է առաջացնում մայրիկի մոտ։
«Միգուցե երեխայի առօրյայում շատ են էկրանները: Բալիկը հեռուստացույցի, պլանշետի, հեռախոսի միջոցով ստանում է մեծ տեղեկատվություն, անընդհատ փոփոխվող կադրեր, վառ լույսեր, ինչի արդյունքում առաջանում է գերգրգռված, գերլարված վիճակ և կարճ ցերեկային քուն: Հնարավոր է, որ երեխային քնեցնում են ոչ թե հոգնածության առաջնային նշանները հաշվի առնելով, այլ երբ երեխան արդեն լացում է հոգնածությունից: Կամ էլ փոքրիկին քնեցնում են ուժեղ ասոցիացիաներով՝ օրորել, ծծակ տալ, գրկած քայլել»,- նշում է կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ, երեխաների քնի խորհրդատու Էմմա Արզիևան: Անդրադառնալով վերջինին՝ նա ընդգծում է, որ այդ ասոցիացների պարագայում քնի մի ցիկլի ավարտից հետո փոքրիկն ունենում է միկրոարթնացում և չի կարողանում ինքնուրույն քնել, այլ պահանջում է նույն գործողությունը կրկին քուն մտնելու համար: Ծնողը պետք է աշխատի փոխել այդ ասոցիացիաները և ուշադրություն դարձնի այն հանգամանքին, որ երեխային արթուն չպահեն ավելի շատ, քան թույլատրվում է՝ տարիքով սահմանված:
Կան դեպքեր, երբ կարճ քունը կարող է այդքան էլ անհանգստացնող չլինել: Քնի խորհրդատուի խոսքով՝ երեխայի քնի կառուցվածքի փոփոխման պարագայում նրան ժամանակ է հարկավոր՝ նոր իրավիճակին հարմարվելու համար: Մայրիկները պետք է ձգտեն պահել անհրաժեշտ կանոնները և հիշեն՝ երեխան սովորում է սահուն քնել, ինչպես սովորում է քայլել, ուտել, խոսել: Պարզապես մի երեխայի մոտ դա շուտ է ստացվում, մյուսի մոտ` մի փոքր ուշ:
Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան