Լոգոպեդ-ծնող գործակցության 6 կարևոր խորհուրդ

Զարգացում

Եթե երեխայի ներդաշնակ և առողջ զարգացումը կախված է ընտանիքից, ծնողից, այն միջավայրից, որում մեծանում է երեխան, ապա լոգոպեդական աշխատանքում երեխայի խոսքի զարգացումը կախված է ինչպես ճիշտ և գրագետ կազմակերպված շտկողական աշխատանքից, այնպես էլ լոգոպեդ-ծնող գործակցությունից։

Ձեզ ենք ներկայացնում մի քանի պարզ խորհուրդ, որոնց պետք է ուշադրություն դարձնել, եթե երեխան հաճախում է լոգոպեդի մոտ։

Որպեսզի լոգոպեդական աշխատանքի ընթացքում ուսուցանվող նյութն ամրապնդվի և հեշտ, արագ յուրացվի երեխայի կողմից, ապա անհրաժեշտ է տնային աշխատանքների մշտական կատարում (նախապես լոգոպեդի կողմից մշակված),

Տանը ծնողի կողմից երեխայի հետ աշխատանքը (10-15ր.) պետք է կազմի օրվա ռեժիմի մի մասը։ Նման ռեժիմի պահպանումը նպաստում է ոչ միայն ուսուցանվող նյութի ամրապնդմանը, այլ նաև ձևավորում և զարգացնում է երեխայի մեջ կարգապահությունը,

Շատ կարևոր է որոշել՝ ընտանիքի անդամներից ով է մշտական կատարելու լոգոպեդի կողմից տրված հանձնարարականներ։ Ընտանիքի անդամները պետք է մշակեն միասնական պահանջների շարք, որոնք կներկայացնեն երեխային, որպեսզի երեխայի համար պարզ լինի, թե ինչ է իրենից պահանջվում, ինչ պետք է անի և ինչպես: Ուստի միասնական մոտեցումն ու աջակցումը խրախուսվում է և գործում՝ ի շահ ձեր երեխայի:

Սիրելի՛ ծնոնղներ առաջադրանքները ստանալիս ուշադիր ծանոթացեք բովանդակությանը, հստակ համոզվեք, որ այն ձեզ հասկանալի է։ Դժվարությունների առաջացման դեպքում անպայման խորհրդակցեք ձեր լոգոպեդի հետ։

Կարևոր է ճիշտ ընտրել այն խաղային նյութը, որը ձեզ պետք կգա առաջադրանքը կատարելիս, կամ կարող եք մտածել թե ինչ դիդակտիկ նյութ կպատրաստեք երեխայի հետ միասին տրված հանձնարարականի շրջանակում,

Շատ կարևոր է լինել համբերատար երեխայի հետ, ուշադի՛ր եղեք երեխայի նկատմամբ առաջադրանքը կատարելիս։ Աշխատանքի ընթացքում դուք ինքներդ պետք է ամբողջովին ներգրավված լինեք այդ գործընթացում, ամբողջ ընթացքը պետք է հետաքրքիր լինի երեխային, միևնույն ժամանակ պետք է պահանջկոտ լինեք։

Երբեք մի՛ մոռացեք խրախուսել, գովել երեխային իր հաջողություններ համար՝ լինեն փոքրիկ, թե մեծ։


Հեղինակ՝  «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի լոգոպեդ Աննա Հոսեփյան