«Խնդրում եմ, մի՛ գնա». ինչու՞ փոքրիկը բաց չի թողնում մայրիկին և ի՞նչ անել

Զարգացում

«Մենք արդեն 10 շաբաթական ենք», «Շարժվում ենք», «Ծնվելու ենք սեպտեմբերին». այս ու «մենք»-ով կազմված նման այլ արտահայտություններ հաճախ կարելի է լսել մայրիկներից: Նրանք այդ կերպ մատնանշում են իրենց՝ երեխայի հետ միությունը, ինչը լիովին բնական երևույթ է:

«Ճիշտ է, ծնվելուց հետո փոքրիկը ֆիզիոլոգիապես անկախանում է մայրիկից` դառնալով առանձին կենսաբանական էակ, սակայն շարունակում է սերտ հոգեբանական կապի մեջ մնալ նրա հետ: Երեխան մայրիկին դիտարկում է սնման, ապահովության ու հանգստության գրավական, և նրանք կարծես կապված են մնում անտեսանելի պորտալարով»,- ասում է «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կլինիկական հոգեբան Էմմա Արզիևան: Մասնագետի խոսքով՝ փոքրիկը մայրիկի հետ ունեցած սիմբիոտիկ կապը կոտրելու առաջին փորձը կատարում է 1 տարեկանում, որն էլ հայտնի է ճգնաժամային լինելով: Բայց հեռանալով երեխան կարող է անապահովություն զգալ, կրկին ետ վազել նրա մոտ, և այսպես ցիկլն անընդհատ ձգվի:

«Բալիկի ապագա վարքը կախված է նրանից, թե մայրիկն ինչպիսի արձագանք կտա նրա անկախացման փորձերին: Օրինակ՝ եթե հենց սկզբից հանգիստ լինի ու շարունակ փոքրիկին թողնի հարազատների մոտ, երեխան կարող է սուր ընկալել այդ իրողությունը և այլևս չցանկանա մայրիկին բաց թողնել: Կարող է լինել նաև հակառակը. մայրիկը չխրախուսի երեխայի անկախացման փորձերը, ձգտի իրենից կառչած պահել, ու նորից ձևավորվի ախտաբանական սիմբիոտիկ կապ»,- մանրամասնում է նա: Բացի այդ, եթե բարենպաստ պայմաններ չստեղծվեն բալիկի ազատության համար, հաշվի չառնվեն տարիքային առանձնահատկությունները, շփման պահանջմունքը հասակակիցների ու այլ մեծահասակների հետ, մեծ հավանականությամբ երեխան կունենա ադապտացիայի խնդիրներ:

Ուստի, էական է երեխային սովորեցնել կարճ ժամանակով բաժանվել մայրիկից,  և իհարկե, դա անել ճիշտ ձևով: Այսպես՝ մայրիկը խնդրում է տատիկին զբաղեցնել փոքրիկին, իսկ ինքն աննկատ հեռանում է, որպեսզի վերջինս չտեսնի իրեն ու լաց չլինի: Ավելի ուշ բալիկը բացահայտում է, որ նա չկա և համակվում է տագնապով: «Միայն մեզ համար է ակնհայտ, որ մայրիկը վերադառնալու է: Փոքրիկն այդ պահին դա չի ընկալում, նրան թվում է՝  մայրիկը կորել է անվերադարձ: Նմանատիպ դեպքերից հետո երեխան նույնիսկ տան ներսում մայրիկի ետևից կքայլի ամենուր, որպեսզի տեսադաշտից չկորցնի»,- շեշտում է հոգեբանը: Ըստ նրա՝ հարկավոր է խուսափել այդպիսի անարդյունավետ ճանապարհներից: Միշտ պետք է երեխային նախապապատրաստել, ասել՝ «մայրիկը շուտով գնալու է ինչ-որ գործերով, բայց անպայման վերադառնալու է»: Ցանկալի է ժամացույցի սլաքների վրա ցույց տալ, թե կոնկրետ երբ է գալու կամ բաժանման հատուկ ծես մշակել և գնալուց առաջ անպայման հրաժեշտ տալ: Նշել՝ ում հետ է մնալու, ինչով է զբաղվելու։ Եթե անգամ մայրիկին թվա՝ բալիկը փոքր է ու շատ բան չի հասկանում, չի կարելի անտեսել նախապատրաստական փուլը: Այն անհրաժեշտ է, որպեսզի ապագայում երեխան վախի ու տագնապի զգացողություններ չունենա:

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան