«Իմ փոքրիկ»-ը զրուցել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Օլգա Ասատրյանի հետ:
Ինչի՞ կարող է հանգեցնել դեղերի տեսքով վիտամինների չարաշահումը:
Դեղորայքի միջոցով վիտամինների ընդունումը կարող է առաջացնել բազմաթիվ կողմնակի էֆեկտներ: Առաջին և ամենից պարզ հետևանքը քաշի ավելացումն է: Երկրորդ՝ այդ դեղերը կարող են ալերգիայի առաջացման պատճառ դառնալ, որոշ դեպքերում էլ հանգեցնել նյութափոխանակության խանգարման: Այն կարծիքը, որ իմուն համակարգի բարձրացման նպատակով կարելի է հենց այնպես դեղերի տեսքով վիտամիններ ընդունել, ճիշտ չէ: Առողջ երեխային դա պետք չէ: Եթե նույնիսկ հիվանդացել է, ապա վիրուսին դիմակայելու համար էլ տալ պետք չէ: Վիտամինները երեխան պետք է ստանա միայն սննդի միջոցով:
Ի՞նչ պետք է հաշվի առնեն ծնողները վիտամինների ընդունման հարցում:
Խնդիրներից խուսափելու հիմնական բանալին սննդի կուլտուրայի ներմուծումն է: Երբեմն մայրիկներն ասում են՝ երեխան չի ուտում: Դա ծնողից է գալիս․ ծնողը պետք է հստակ հաջորդականություն սահմանի: Հարկավոր է նախաճաշ, ճաշ՝ լիարժեք բանջարեղենով, մսային ապուրներով, ապա՝ հետճաշիկ և ընթրիք: Եթե երեխային տրվում է ճիշտ հերթականությամբ, վիտամիններով ու միկրոէլեմենտներով հարուստ սնունդ, ապա վիտամինների նշանակման կարիք չի լինի: Պետք է հնարավորինս շատ մրգեր, բանջարեղեն, մսամթերք ու կաթնամթերք օգտագործել: Փոքրիկին պետք է սովորեցնել՝ սկզբում միրգն ու բանջարեղենը, հետո միայն՝ քաղցրավենիքը, այդ էլ՝ որպես նվեր: Եթե երեխայի մեջ այս մշակույթն առկա է, ապա նա հաստատ վիտամինների պակաս չի ունենա:
Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան