Հեքիաթ տղայի մասին, որն ուտել չէր ցանկանում․ ներկայացնում է հոգեբանը

Դաստիարակություն

Երեխաների չուտելու հոգեբանական ու ֆիզիոլոգիական պատճառները միշտ էլ հնարավոր է գտնել, վերանայել, փոփոխել և շտկել: «Այդ հարցում հատկապես օգտակար են թերապևտիկ հեքիաթները, երբ գործ ունենք երկու տարեկան և ավելի մեծ տարիքի բալիկի հետ, որի մոտ, կարծես, արմատավորվել է դիմադրությունը սննդի նկատմամբ:

Հեքիաթն արդյունավետ է, երբ ծնողները դերային խաղարկումներ են անում, «մտնում» հեքիաթի կերպարների մեջ: Բայց եթե տանն առկա է ուտելու անառողջ մշակույթ, ցավոք, որևէ հեքիաթաթերապիա չի օգնի»,- ասում է կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ, երեխաների քնի խորհրդատու Էմմա Արզիևան և շեշտում՝ հարկավոր է բալիկին անպայման ներգրավել սնունդը պատրաստելու, սեղանը գցելու և ձևավորելու պրոցեսի մեջ: Այդ ամենը ևս դրականորեն կանդրադառնա երեխայի ախորժակի բարձրացման վրա: 

Ստորև մասնագետը ներկայացնում է հեքիաթ, որը ցանկության դեպքում կարելի է փոփոխել՝ հարմարեցնելով բալիկին:

 

Լինում է, չի լինում մի տղա, որի անունը Լեո էր: Նա այնքան տարեկան էր, որքան դու: Մի օր Լեոն հերթական զբոսանքից հետո տուն եկավ, ձեռքերը լվաց, ինչից հետո մայրիկը կանչեց նրան խոհանոց` ուտելու ամենահամեղ ապուրը: Լեոն սկսեց բողոքել, որ չի ցանկանում ուտել, քաղցած չէ: Մայրիկը ոչինչ չասաց: Տղան գնաց իր սենյակ և լացի ձայն լսեց: Շուռ եկավ, ոչ ոք չկար: Նորից լսեց, թե ինչպես է ինչ-որ մեկը լալիս: 

- Այդ ո՞վ է,- գոռաց Լեոն:

- Քո փորիկը,- լսվեց խուլ ձայն:

- Ինչու՞ ես լալիս, ի՞նչ է պատահել, ո՞վ է քեզ նեղացրել,- սկսեց հարցուփորձ անել տղան:

- Կոկորդն այսօր ինձ ուտելու ոչինչ չի տվել,- պատասխանեց փորիկը:

- Ինչպե՞ս թե: Կոկո՞րդ: Ինչու՞ ոչինչ չես տվել փորիկիս, հիմա նա սոված է:

- Քանի որ ինձ էլ բերանը չի կերակրել,- տխուր պատասխանեց կոկորդը և շարունակեց,- ի դեպ, ես էլ եմ գայլի պես սոված:

- Բերա՛ն, չե՞ս ամաչում, ես առավոտյան քեզ կոնֆետ էի տվել, պետք էր կիսել այն ընկերների հետ,- բարկացած նախատեց Լեոն:

- Այդ կոնֆետը նույնիսկ ինձ չհերիքեց, մինչև դրեցի բերանս, հալվեց ու գնաց,-պատասխանեց փոքրիկ բերանը: 

Այդ ժամանակ նորից, ավելի ուժգին լսվեց փորիկի լացի ձայնը:

Լեոն այնքան խղճաց նրանց: Ստացվում էր՝ նրանք սոված են մնացել իր պատճառով ողջ օրը: Ուստի գլխակորույս վազեց խոհանոց: Սեղանին դեռ սպասում էր գոլացած ճաշիկը: Սկսեց ուտել: Մի քանի գդալ ուտելուց հետո հարցրեց.

- Կշտացա՞ր փորիկ:

- Վա՜յ, չէ, դեռ բան չի հասել ինձ: 

Լեոն դատարկեց ափսեն՝ մտածելով, թե իսկապես ինչ համեղ է մայրիկի պատրաստածը:

- Իսկ հիմա՞,- հարցրեց անհանգստացած Լեոն:

- Այ հիմա, ոնց որ թե մի բան ուզում եմ հասկանալ,- պատասխանեց կիսասոված փորիկը: 

Լեոն խնդրեց մայրիկից երկրորդ ափսեն:

Սկսեց հանգիստ, առանց շտապելու ուտել, որ բերանն ու կոկորդն էլ հասցնեն փորիկին:

Երկրորդ ափսեից հետո արդեն փորիկը չէր կարողանում խոսել, այլ ուրախ ձայներ էր հանում: Լեոն գոհ վեր կացավ աթոռից ու դիմեց մայրիկին.

- Մայրի՛կ, փորիկս քեզ շնորհակալություն է հայտնում ամենահամեղ ապուրի համար:

Մայրիկը ջերմ ժպտաց ու համբուրեց տղային: