10 բան, որ պետք չէ արգելել երեխային - մաս 1

Դաստիարակություն

Ինքնուրույն ուտել. Իհարկե, ձեր օգնությամբ երեխան ուտում է ավելի մաքուր, և շատ ծնողներ իրենք են կերակրում երեխաներին հենց այս պատճառով: Սակայն փոքրիկի համար գդալ բռնելը, դրանից օգտվելն այնքան էլ բարդ գործընթաց չէ:

Սա ոչ միայն զարգացնում է փոքրիկի ֆիզիկական կարողությունը, այլեւ թույլ է տալիս իրեն ինքնավստահ զգալ: Եթե երեխան այնքան էլ մաքուր չի ուտում, պարզապես կարելի է մանկական գոգնոց կապել: Եվ փոքրիկն իրեն հերոս կզգա:

Օգնել ձեզ. Մենք հաճախ ենք լսում՝ «Դի՛ր, կթափվի», «կկոտրվի» և նմանատիպ այլ արտահայտություններ: Ծնողների հիվանդագին ուշադրությունը մի քանի տարի անց մեծ խնդիրների պատճառ է դառնում, որի արդյունքում երեխան ինքնուրույն ոչինչ անել չի կարողանում: Փոքրիկին անհրաժեշտ է իրեն կարևոր զգալ, և առավել կարևոր է լսել մոր գովասանքները:  Փորձեք միշտ երեխային կանչել ձեզ օգնության և հաճախ կրկնեք, որ առանց նրա գործն առաջ չէր գնա:

Նկարել ջրաներկով. Ցավոք, քչերն են թույլ տալիս  փոքրիկին արտահայտել իրենց հույզերն ու երևակայությունները նկարելու միջոցով: Եթե անգամ փոքրիկը նկարի սեփական հագուստի վրա, ապա պետք չէ արգելել նրան օգտվել ներկերից՝ բացառությամբ քիմիական բաղադրությամբ ներկերի: Նկարչությունը զգացմունքներն արտահայտելու ամենավառ դրսևորումն է:

Հանել հագուստը. Շատ հաճախ երեխաները մեկը մյուսի հետևից հանում են իրենց հագուստը: Ծնողները, անխոս, անհանգստանում են, որ նրանք կմրսեն: Այստեղ կոպիտ սխալ է բռնանալ նրանց ցանկությանը: Մի պահ մտածեք՝ գուցե փոքրիկը շոգում է: Իսկ գուցե  հավատանք հանրահայտ Նիկիտինի խոսքերին. նա ասում էր, որ պետք չէ բթացնել երեխայի մարմինն ավելորդ հագուստով:

Ճչալ, բղավել և թռչկոտել տանը. Այսպես երեխաներն արտահայտում են իրենց զգացմունքները: Երեխայի համար սա խաղի միջոց է, որով նա դուրս է բերում իր էներգիան:  Պետք է պարզապես երեխային բացատրել, որ նույն կերպ իրեն չի կարող դրսևորել հասարակական վայրերում: Իսկ տանը թույլ տվեք, որ երեխան իրեն պահի այնպիսին, ինչպիսին իր էությունն է:

 

Շարունակելի