10 արտահայտություն, որ պետք է բացառել ծնողների բառապաշարից

Դաստիարակություն

Մանկական հոգեբանները խորհուրդ են տալիս հրաժարվել որոշ արտահայտություններից, որոնք կարող են փոքրիկի համար տրավմատիկ լինել:

1. Քեզ մոտ ոչինչ չի ստացվում, տուր ես անեմ

Հոգեբանները հավաստիացնում են, որ այս արտահայտությունը իջեցնում է փոքրիկի ինքնագնահատականը և տրամադրում անհաջողության: Նա իրեն անպիտան է զգում, իսկ ապագայում վախենում է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել` մտածելով, որ իր մոտ, միևնույն է, ոչինչ չի ստացվի:

2. Վերցրու՛, միայն թե հանգստացիր

Ծնողներին դժվար է դիմանալ ժամեր տևող նվնվոցին` «լավ էլի, տուր, դե տուր»: Բայց համաձայնելով փոքրիկին տալ այն, ինչ նա ցանկանում է՝ ծնողները սովորեցնում են փոքրիկին, որ լացելով, նվնվալով և համոզելով կարելի է հասնել ամեն ինչի, իսկ մայրիկի «ոչ»-ին կարելի է լուրջ չվերաբերվել: 

3. Մի անգամ էլ տեսա, չփոշմանես

Ինչպես ցույց է տվել փորձը, սպառնալիքից այն կողմ գործը չի հասնում: Ո՛չ մայրիկը, ո՛չ հայրիկը չեն անում այն, ինչի մասին զգուշացնում են։ Այս արտահայտությունը փոքրիկի մոտ միայն վախ ու անհուսալիություն է առաջացնում: Մի՛ վախեցրեք ձեր փոքրիկին:

4. Ասացի` հենց հիմա վերջացրու

Պետք չէ այդքան կտրուկ լինել փոքրիկի հետ, չէ՞ որ նա դեռ երեխա է և ձեզ նման աշխարհի երեսին չի ապրել մի քանի տասնյակ տարի։  Նրան տվեք խելամիտ ժամանակ, հարկ եղած դեպքում օգնության ձեռք մեկնեք։

5. Դու պետք է հասկանաս, որ…

Փոքրիկները քարոզներ չեն ընկալում, և նրանց մոտ արթնանում է ինքնապաշտպանական ռեակցիա: Հիշե՛ք, որ փոքրիկը նույնպես մարդ է, որի մոտ ևս կարող է խնդիր առաջանալ, և այդ պահին նա ձե՛ր կարիքն ունի, այլ ոչ քարոզի:

6. Տղաները (աղջիկները) իրենց այդպես չեն պահում

Անընդհատ այս արտահայտությունը կրկնելով՝ ծնողները երեխայի մոտ սերմանում են որոշակի կարծրատիպեր: Եվ մեծանալով՝ տղան արդեն չի կարողանում ադեկվատ ընկալել իր հուզականությունը կամ հանգամանքը, որ տնային գործերով, ինչու ոչ, ինքն էլ պետք է զբաղվի։ Նույնը, բայց այլ հանգամանքներում կարող է պատահել աղջիկների հետ։

7. Մի՛ նեղսրտիր մանրուքների պատճառով

Գուցե փոքրիկի համար դա բնավ էլ մանրուք չէ: Հիշե՛ք ձեզ մանուկ հասակում: Այո՛, փոքրիկը կարող է նեղսրտել, եթե իր տնակը փլվել է կամ խաղալիք մեքենան փչացել է: Չէ՞ որ իր փոքրիկ աշխարհում տնակն ու մեքենան արդեն իսկ շատ կարևոր են:

8. Խնայի՛ր առողջությունս

Մայրիկները հաճախ են այդպես ասում: Բայց հիշեք` վաղ, թե ուշ այդ ամենը դադարում է լուրջ ընկալվել, և մայրիկի վատ ինքնազգացողությանը փոքրիկն արդեն լուրջ չի վերաբերվում: Նա մտածում է, որ մայրիկն այդպես է ասում, որպեսզի ինքը դադարի թռչկոտել, աղմկել, խաղալ և այլն:

9. Ո՛չ, մենք դա չենք գնի, փող չկա, թանկ է

Դժվար է փոքրիկին բացատրել, թե ինչու չի կարելի ամեն ինչ գնել, բայց ստացվում է, որ երբ մայրիկի կամ հայրիկի մոտ փող լինի, կարելի է ամեն ինչ գնել: Փոքրիկը հենց այդպես է հասկանում այդ արտահայտությունը: Ավելի լավ է ասել` «դու արդեն նման խաղալիք ունես» կամ «այսքան շոկոլադը վնաս է»:

10. Բոլորը նորմալ երեխաներ ունեն, իսկ ես…

Այսպիսով դուք պիտակավորում եք երեխային, իջեցնում նրա ինքնագնահատականն, ու փոքրիկն իսկապես սկսում է մտածել, որ իր մոտ ամեն բան կարգին չէ: