Ինչպե՞ս երեխայի մոտ ձևավորել գիշերանոթից օգտվելու սովորություն․ ծնողների հարցերին պատասխանում են մանկաբույժն ու հոգեբանը - մաս 2

Խնդիրներ

Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ։




-Նպատակահարմա՞ր է երեխային միանգամից սովորեցնել զուգարանակոնքին՝ հաշվի առնելով, որ հետագայում երբեմն խնդիր է դառնում անցումը գիշերանոթից զուգարանակոնքին:

Մանկաբույժ - Կախված է երեխայից։ Կան հատուկ հարմարանքներ՝  միանգամից զուգարանակոնքին  սովորեցնելու համար: Եթե զգում եք, որ երեխան ավելի հարմար է զգում իրեն զուգարանակոնքին, կարող եք միանգամից փորձել այնտեղ սովորեցնել։ Այդպես միանգամից երկու փուլ կանցնեք` հաղթահարելով նաև գիշերանոթից զուգարանակոնք անցումը:

Հոգեբան - Գիշերանոթից կամ զուգարանակոնքից օգտվել սովորեցնելը, ռեֆլեքս ձևավորելը այնքան բարդ գործ չէ, որքան որ ծնողներն են պատկերացնում, ծանրացնում ու դարձնում լուրջ գործընթաց։ Կարծում  եմ՝ դժվար է միանգամից զուգարանակոնքին սովորեցնելը, քանի որ երեխան փոքրամարմին է, և կոնքամանը հարմար չի լինի նրան։ Գիշերանոթից զուգարանակոնք անցումն էլ է հեշտ լինում, եթե ծնողները դա չեն սարքում շատ լուրջ ու կարևոր գործ, այլ դրան նայում են որպես բնականոն ընթացք։ Այսինքն՝ երբ երեխան մեծանում է, նրան սկսեք նստեցնել զուգարանակոնքին՝ առանց երկար-բարակ խոսակցությունների։

 

- Ինչպե՞ս երեխայի մոտ ձևավորել գիշերանոթից օգտվելու սովորություն: Օրինակ՝ արդյունավետ կլինի՞, եթե ամեն առավոտ՝ արթնանալուց հետո, երեխային նստեցնենք գիշերանոթին՝ անկախ նրանից կարիքներ ունի, թե ոչ։

Մանկաբույժ - Երեխան սկզբնական շրջանում ազդակներ է տալիս, որ կարիք ունի։  Երբեմն նրանք գիշերանոթն օգտագործում են որպես աթոռ և շատ երկար են  նստում, ինչը ցանկալի չէ: Ավելի գրագետ կլինի, որ երեխան նստի գիշերանոթին այն ժամանակ, երբ այդ ազդակը տալիս է:

Հոգեբան - Այո՛, ռեֆլեքսը ձևավորվում է երեխաների մոտ՝ նրանց նստեցնելով գիշերանոթի։ Այսինքն՝ երբ արթնանում է, այսպես, թե այնպես միզապարկում մեզ կլինի, կեղտը հավաքված կլինի աղիներում, ուստի արթնանալուց անմիջապես հետո նրան նստեցնում ենք գիշերանոթին։ Եվ պարտադիր չէ, որ երեխային անպայման ասենք, որ գնում ենք, նստենք զուգարանակոնքին՝ նրա ուշադրությունը սևեռելով դրա վրա։ Խնդիրը շատ ժամանակ առաջանում է հենց այստեղից, երբ ծնողը անընդհատ նշում է, թե երեխան ինչ պիտի անի ու ֆիքսում նրան դրա վրա։ Երեխան արդեն սկսում է մտածել՝ անի դա, թե չանի։ Միգուցե, երբ ծնողը շեշտում է այդ մասին, երեխան տեսնում է նրա տագնապը, ու այստեղից սկսվում են խնդիրները։ Ուղղակի պետք է նրան գրկել ու նստեցնել գիշերանոթին։ Ելնելով նրանից, որ երեխաները կոնկրետ ժամեր են ունենում կղելու և միզելու՝ խորհուրդ եմ տալիս երեխային գիշերանոթին նստեցնել առավոտյան, քնելուց առաջ, ամեն ուտելուց հետո։ Հիմնականում դրանք են այն ժամերը, երբ երեխան կարիքներ է ունենում։

 

-Արդյունավե՞տ կլինի, եթե փոքրիկը տեսնի՝ ինչպես են իրենից մեծ երեխաներն օգտվում գիշերանոթից:

Մանկաբույժ – Այո՛, միանշանակ, նույն սեռի երեխաների դեպքում  իդեալական  կլինի, քանի որ երեխաները մեծերից ընդօրինակում են ցանկացած բան: Այն երեխանները, որոնք ունեն  մեծ քույր կամ եղբայր, ավելի արագ են ադապտացվում գիշերանոթին:

Հոգեբան - Այս հարցն ավելի հեշտ է լուծվում մանկապարտեզում, որտեղ բոլոր երեխաները գիտեն, որ միասին ուտում են, օգտվում են գիշերանոթներից, լվացվում են և այլն։ Այսինքն՝ ռեֆլեքսն ավելի հեշտ է ձևավորվում խմբում։ Երեխաների պարագայում կարող է օգնել, բայց խորհուրդ չէի տա, որ ծնողը նստեր զուգարանակոնքին և ցույց տար։

Գովազդ