11 զվարճալի ու օգտակար զբաղմունք այն երեխաների համար, ովքեր հատել են 1 տարեկանի սահմանը - մաս 1

Ժամանց

1-ամյա փոքրիկն այն փուլում է, երբ նոր-նոր սկսում է քայլել, ինչպես նաև զարգացնել լեզվական կարողությունը: Մյուս կողմից`սա հենց այն փուլն է, երբ պետք է շատ շփվել փոքրիկի հետ: Դա շատ կարևոր է, քանի որ հենց շփումն է նպաստում փոքրիկի զարգացմանը:

«1-2 տարեկանում երեխաները ձգտում են ինքնուրույնության՝ փորձելով ամեն բան անել ինքնուրույն՝ հետևելով, այսպես կոչված, «պատճառներին ու հետևանքներին և մյուսներին ակտիվորեն ներգրավելով իրենց միջավայր»,-ասում է գիտությունների թեկնածու, երեխաների և պատանիների հոգեբան, Երեխայի զարգացման ինստիտուտի հիմնադիր Ռոբերտ Մայերսը:

Ըստ նրա՝ ծնողները կարող են շփումներով, սովորեցնելով, տարիքին համապատասխան մարտահրավերներ նետելով, փորձելու հնարավորություն տալով նպաստել երեխայի զարգացմանը: Բայց դա չի նշանակում, որ պետք է  խաղալիքների ամբողջ պահարանը դատարկել, պարզ գործողությունները ևս կարող են զվարճալի լինել փոքրիկի համար: «Ես կարող եմ նստել փոքրիկի կողքին խորանարդների մի տուփով և 100 տարբեր զբաղմունքներ հորինել դրանով: Հարկավոր է միայն շփման ու խաղալու ցանկություն ունենալ»,-ասում է «Եկեք խաղանք ու սովորենք միասին» գրքի համահեղինակ, գիտությունների թեկնածու Ռոնի Քոհեն Լեյդերմանը:

Այնուամենայնիվ, չգիտե՞ք որտեղից սկսել: Ստորև կգտնեք փոքրիկի հետ զբաղմունքի զվարճալի և հեշտ տարբերակներ:

 

  1. Փոքրիկ թմբկահար

Ինչ է հարկավոր՝ չխկչխկան խաղալիքներ, գդալներ, կաթսա ու թավա, զանգ, թմբուկ  

Ինչպե՞ս խաղալ՝  վերոնշյալ իրերը օգտագործելով՝ երաժշտություն ստացեք: Կարող եք նաև երաժշտություն միացնել, որը համահունչ կլինի ձեր տեմպին: Խաղացեք փոքրիկի հետ, բայց նաև խրախուսեք նրան դա անել ինքնուրույն:

Հմտություններ՝ կենտրոնացում, լսելու հմտություններ և երաժշտության հետազոտում

 

  1. Տուն-տունիկ

Ի՞նչ է հարկավոր՝ մեծ ստվարաթղթե տուփեր կամ տնակներ, կտորե խողովակ-թունելներ   

Ինչպե՞ս խաղալ՝  ձեռքի տակ եղած իրերով փորձեք ամրոց կառուցել կամ թունելի համար ելք ու մուտք որոշեք և օգնեք փոքրիկին ներս ու դուրս անել: Միգուցե անհրաժեշտ լինի՝ առաջինը դուք ցույց տաք՝ ինչպես մտնել ու դուրս գալ: Դոկտոր Մայերսն առաջարկում է, օրինակ, թակել դուռը և հարցնել` ով կա տանը:

Հմտություններ՝ սոցիալական հմտություններ, խոշոր մոտորիկայի զարգացում, շրջապատի հետազոտում

 

  1. Հեռախոսազանգ

Ինչ է հարկավոր` խաղալիք հեռախոս կամ հին հեռախոս

Ինչպե՞ս խաղալ՝  մի հեռախոսը տվեք երեխային, մյուսը ձեզ մոտ պահեք: Ձևացրեք` զանգեր եք անում և զրուցում մտացածին մարդկանց հետ:  Զվարճալի կերպարներ ստեղծեք ու նրանց հետ ծիծաղելի ձայնով զրուցեք:

Խաղի տարբերակներ՝ կարող եք ձայնագրել ձեր և փոքրիկի ձայնն ու միացնել, լսել, այդպես ավելի զվարճալի կլինի:

Հմտություններ` լեզու և սոցիալականացում

 

  1. Լողափի զվարճանք

Ինչ է հարկավոր`ավազ, ջուր, դույլ, գդալ, բահիկ, պլաստմասե բահիկ, մեծ թաշտ

Ինչպե՞ս խաղալ՝  ավազով ու ջրով խաղերը հրաշալի տարբերակ են, եթե փոքրիկը  հասնում է 18 ամսականին: Թաշտի մեջ լցրեք ավազ ու ջուր և թույլ տվեք փոքրիկին անել՝ ինչ ուզում է` փորել, թափել, լցնել...: Դոկտոր Մայերսն ասում է. «Երբ խաղում եք երեխայի հետ, խոսեք կամ երգեք: Թող նա կրկնօրինակի ձեզ, նույնը դուք արեք` կրկնօրինակելով նրան»:

Եվ հիշեք, որ փոքրիկին չի կարելի մենակ ու աչքից հեռու թողնել նմանօրինակ խաղերի դեպքում:

Խաղի տարբերակներ` կարող է նաև մեկ այլ երեխա միանալ խաղին

Հմտություններ՝ ստեղծագործականություն, մոտորիկայի զարգացում, շոշափելիքի զարգացում, սոցիալական զարգացում:

 

Աղբյուրը՝ babycenter.com

Գովազդ