Արագ ընկալում, երևակայության զարգացում, վախերի հաղթահարում. ի՞նչ խնդիրներ է լուծում հեքիաթը

Զարգացում

«Պայմանավորվենք՝ հիմա քեզ մի հեքիաթ կպատմեմ լուսերես արքայադստեր ու վայելչադեմ արքայազնի մասին, իսկ դու ընթացքում աչքերդ կփակես»․ մայրիկները շատ հաճախ փոքրիկներին հեքիաթ պատմում են միայն քնեցնելիս, ինչը ոչ այլ ինչ է, քան կարծրացած պատկերացում։

Մայրիկին լսելն անշուշտ հաճելի է, սակայն առաջնահերթ պետք է տեղ հասցնել պատմության  ասելիքը։ «Հեքիաթներն օգնում են զարգացնել փոքրիկի երևակայությունը, արտահայտել ճնշված հույզերն ու վերհանել ուժեղ կողմերը։ Բալիկը կարողանում է խոսել միջանձնային և ներընտանեկան հարաբերությունների մասին՝ գործելով հերոսի անունից»,-ասում է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Լուսինե Գրիգորյանը և  ավելացնում՝ արտթերապայի ճյուղ հանդիսացող հեքիաթաթերապիայի միջոցով է հենց հնարավոր լինում բացահայտել փոքրիկի ներքին ռեսուրսները, հաղորդել ինքնավստահություն և աջակցել հոգեբանական խնդիրների հաղթահարման հարցում։ Հեքիաթների դրական ուժն այնքան մեծ է, որ դրանք կարելի է պատմել դեռևս պրենատալ՝ նախածննդյան փուլում: Այս երևույթը յուրատեսակ կապ կստեղծի երեխայի և մայրիկի միջև։

Հոգեբանն ընդգծում է, որ խոսքի զարգացման ընթացքում արդյունավետ է ոչ միայն առկա հեքիաթների կիրառումը, այլև երեխայի հետ նոր հեքիաթի ստեղծումը, որտեղ նա պրոյեկցիաների միջոցով կարտահայտվի ու կգտնի իր հարցերի պատասխանները։ Հեքիաթը պետք է ունենա սկիզբ, ընթացք և ելք։ Փոքրիկը մեծահասակի օժանդակմամբ լուծում կառանձնացնի գլխավոր կերպարի խնդրի համար, որն էլ կդառնա պատմության ելքը։

«Այս ամենի օգնությամբ հնարավոր կլինի նաև երեխայի մոտ ձևավորել պատասխանատվություն, աշխատասիրություն, հարգանք ու այլ որակներ։ Բալիկը, հեքիաթը լսելով և վերլուծելով, անձամբ կհասկանա՝ ինչ հատկանիշի կարիք ունի կերպարը։ Օրինակ՝ եթե հերոսը վատ արարք է կատարել, կարելի է առաջարկել երեխային տարբերակներ փնտրել` հետագայում նույն իրավիճակին այլ կերպ արձագանքելու համար»,- նշում է Լուսինե Գրիգորյանն ու շեշտում՝ մեծահասակները հենց այսպիսի մեթոդներ պետք է կիրառեն երեխաներին սովորեցնելու համար և ոչ թե ամաչեն նրանց պահվածքից ու փորձեն «դաստիարակել» այլ մարդկանց մոտ։

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան

 

Գովազդ