Երիտասարդ մայրերը հաճախ լսում են, որ փոքրիկի գլխի տակ հարկավոր է որևէ բան դնել, թեկուզև տափակ բարձ։ Բալիկների համար օրթոպեդիկ բարձերի օգտակարության մասին նույնպես շատ է նշվում, ինչը վերջնականորեն «ստիպում» է մտածել՝ միգուցե բարձն իսկապե՞ս անհրաժեշտություն է երեխայի անկողնում։
Հաշվի առնելով երեխայի կառուցվածքային առանձնահատկությունները՝ մասնագետները հավաստում են, որ բարձն առողջ մանկիկի համար ոչ միայն անօգուտ է, այլև վտանգավոր: Կյանքի առաջին երկու տարում փոքրիկի ողնաշարը զարգացման ակտիվ փուլում է։ Պարանոցային ողերն ամրապնդվում և ողնաշարին բնորոշ կորությունները ձևավորում են աստիճանաբար։ Այս ընթացքում երեխան բարձի կարիք չի զգում, քնում է պարզապես հարթ, ոչ փափուկ մակերեսի վրա։ Բարձի անպատեհ կիրառումը կարող է, նախևառաջ, ծանրաբեռնել ողնաշարի պարանոցային հատվածը։ Հավանական է, որ քնած ժամանակ երեխայի կզակը սեղմվի ներքև, ինչի հետևանքով տուժեն պարանոցի շրջանում տեղակայված անոթներն ու նյարդերը: Եվ ամենամեծ վտանգը՝ փոքրիկը կարող է քթով շրջվել դեպի բարձը և շնչահեղձ լինել թթվածնի մուտքի արգելափակման պատճառով։
Այնուամենայնիվ, երեխաները երբեմն ունենում են բժշկական ցուցումներ, որոնց պարագայում հատուկ բարձի օգտագործումը թույլատրվում է։ Այդպիսի ցուցումներ են ծուռվզությունը (ինչպես բնածին, այնպես էլ ձեռքբերովի), մկանային հիպոտոնուսը և հիպերտոնուսը, ներգանգային հիպերտենզիան (գլխի բարձր վիճակը թույլ է տալիս կարգավորել արյան հոսքը), գանգի դեֆորմացիան, ռեֆլյուքսը, ռախիտը: Այս տեսակ պաթոլոգիկ վիճակների ժամանակ մասնագետն ուղղորդում է՝ ինչ տեսակի բարձ ընտրել ու որքան ժամանակ կիրառել: Ցուցումների բացակայության դեպքում մինչև 1․5-2 տարեկան հասակը բարձ օգտագործել անհրաժեշտ չէ։