Ճի՞շտ է երեխային կրծքով քնեցնելը․ ներկայացնում է մասնագետը

0-3ամիս

Ներկայացնում է կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ, երեխաների քնի խորհրդատու Էմմա Արզիևան: 

Երեխային կրծքով կերակրմամբ քնեցնելն ամենից հաճելի, բնական ու ներդաշնակ տեսարանն է, որ կարելի է վայելել։ Կրծքով կերակրվող փոքրիկների մեծամասնությունը քնում է հենց այս եղանակով։ Շատ հաճախ, սակայն, ծնողներն անորակ քնի մեղավորությունը տեսնում են տվյալ մեթոդի կիրառման մեջ և նույնիսկ որոշում են երեխային կտրել կրծքից, որպեսզի քունը կարգավորվի։ Դա, անկասկած, ճիշտ մոտեցում չէ։

Կրծքով կերակրումը քնելու պրոցեսից անջատելու կարիք չկա, եթե երեխան երկու հավասարազոր պահաջմունքն էլ բավարարում է՝ թե՛ քաղցի, թե՛ քնելու։ Բալիկը  կարող է կրծքով կերակրվել ու որակյալ քուն ունենալ միաժամանակ։ Այդ երկու ընթացակարգերը միմյանց երբեք չեն խանգարել։ Որակյալ քնի համար պատասխանատու են քնի արտաքին պայմանները, քնի հիգիենան, կազմակերպման ոճը, տարիքին համապատասխան ռիթմը և այլն։

Այդուհանդերձ, կրծքով կերակրմամբ քնեցնելը կարող է անարդյունավետ լինել, երբ երեխան քունն ասոցացնում է  միայն կրծքի հետ և առանց կրծքի անհնար կամ շատ դժվար է դառնում քնեցնելը։ Անարդյունավետ է նաև հետևյալ իրավիճակներում՝ փոքրիկի ցերեկային քունը միայն կրծքի վրա է հնարավոր երկարացնել, երեխան քնի ֆազաների արանքում արթնանում է ու առանց կրծքի անընդունակ է լինում վերջիններս իրար միացնել, փոքրիկին կրծքով քնեցնելուց հետո անհնար է դառնում նրան մահճակալի մեջ պառկեցնել կամ կողքից հեռանալ, երեխայի գրաֆիկն ու քնի արտաքին պայմանները տարիքին համապատասխան են, բայց, միևնույն է, գիշերն առկա են քրոնիկ բնույթի արթնացումներ՝ կրծքով քնելու պահանջով։ Միայն թվարկված դեպքերում կարելի է մտածել քունը կրծքով կերակրումից տարանջատելու մասին, այն էլ՝ ռեժիմն ու այլ ասպեկտները հասկանալուց հետո։ Իսկ եթե մայրիկը և բալիկը գոհ են քնի որակից, ապա բնավ կարիք չկա այդ անջատումն իրականացնելու։

 

Աղբյուր՝ Էմմա Արզիևայի ինստագրամյան էջ