Երեխային լոգարան տանելիս մայրիկը կարող է ականատես դառնալ փոքրիկի բացասական արձագանքին: Լոգանքը, միանշանակ, հաճելի է և հաղորդում է դրական լիցքեր, ուրեմն ինչու՞ բալիկը չի սիրում այն, լաց լինում ու հասկացնում՝ գործողությունն իրեն հաճույք չի պատճառում: Արդյո՞ք դա նորմալ է, կարիք կա՞ անհանգստանալու, ինչի՞ն ուշադրություն դարձնել: Մանկաբույժ Արփինե Հովակիմյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի այս հարցերին՝ մատնանշելով հնարավոր պատճառները և անհրաժեշտ քայլերը:
Փոքրիկի տրամադրությունը փոխվում է
Մանկաբույժի հավաստմամբ՝ լոգանքի ընթացքում բալիկի լաց լինելը նորմալ և ժամանակավոր երևույթ է: Տվյալ պարագայում էական է գտնել հավանական նախադրյալը: Ճշգրիտ պատճառի հայտնաբերումն ու լուծումը կարող են երեխաների մեծամասնության համար հարմարավետ դարձնել լողանալու փորձը:
◾ Եվ այսպես, պատճառներից առաջինը ջերմաստիճանային փոփոխությունն է: Փոքրիկին համեմատաբար սառը ջրի մեջ դնելը կարող է ցնցել նրան՝ առաջ բերելով արցունքներ:
◾ Երկրորդ՝ փոքրիկի աչքերի մեջ ընկել կամ ընկնում են սովորական ջուրը, օճառաջուրը, ինչն էլ, բնականաբար, անհանգստացնում է երեխային:
◾ Հաջորդ առիթը հոգնածությունը կամ քաղցն է: Եթե բալիկը լողանալուց առաջ հոգնած է և ուժասպառ, ապա նա, ամենայն հավանականությամբ, լաց կլինի լողանալու ժամանակ:
◾ Միգուցե լոգարանը կամ թասիկն են անհարմար:
◾ Հնարավոր է, որ փոքրիկը զայրանում է սառչելու պատճառով: Լոգանքից հետո երեխային երկար պահելը, սրբիչով չփակելը կարող են նպաստել մարմնի ջերմության կորստին: Վերջինս ստիպում է փոքրիկին լաց լինել լոգանքից անմիջապես հետո:
◾ Երեխաներն անգամ լաց են լինում, երբ հաճախ են լողանում:
Ինչպե՞ս վարվի մայրիկը
Նախ՝ պետք է ապահովել ջրի ճիշտ ջերմաստիճան: Ջրի ամենաապահով ջերմաստիճանը 37-38°C-ն է: Նախքան բալիկին դրա մեջ դնելը կարելի է արմունկով ստուգել, որ այն չափից դուրս տաք, սառը չլինի։
Կարևոր է, որ ծնողն ընտրի փոքրիկի լողանալու օրերը և ժամերը, պահպանի դա՝ ռեժիմ ձևավորելու, երեխայի համար պրոցեսը կանխատեսելի դարձնելու նպատակով: Երեխային շաբաթական երեք անգամ լողացնելը, յուրաքանչյուր լոգանքի միջև երկու օր ընդմիջում պահպանելը բավարար են առաջին տարվա ընթացքում: Եթե մայրիկը ցանկանում է երեխային ամեն օր լողացնել, կարող է տևողությունը կարճ պահել, լոգանքի հատուկ միջոց օգտագործել շաբաթվա կտրվածքով միայն երեք լոգանքի ժամանակ, իսկ մնացած լոգանքների պարագայում կիրառել ուղղակի ջուր: Առօրյային հավատարիմ մնալուց զատ հարկավոր է համոզվել, որ փոքրիկը սննդի կարիք չունի, առույգ է, էներգիան տեղում է, շուրջը հարմարավետ: Կերակրելուց հետո, բնականաբար, միանգամից լողացնել չի կարելի: Անհրաժեշտ է սպասել առնվազն 30 րոպե: Երեխային ապահովության զգացում փոխանցելու համար կարելի է օգտագործել փոքրիկ մանկական վաննա:
Առանձնակի ուշադրություն պետք է դարձնել մաշկի խնամքի միջոցներին: Խորհուրդ է տրվում վերցնել չեզոք pH-ով և առանց հավելումների մեղմ օճառ: Ցանկալի է օճառները քիչ օգտագործել, որպեսզի բալիկի մաշկը չչորանա։ Մաշկային խնդիրներ ունեցող բալիկները կարող են պահանջել ուրույն միջոցներ: Այդ դեպքում պետք է խոսել մանկաբույժի կամ մաշկաբանի հետ, որպեսզի ընտրվի ճիշտ օճառ և շամպուն: Լոգանքի ընթացքում արդեն համոզվել է պետք, որ օճառաջուրը չի անցնում երեխայի աչքերի, ականջների, բերանի ու քթի մեջ: Եթե փոքրիկին չափազանց անհանգստացնում է դեմքով հոսող օճառաջուրը, կարելի է օգտագործել մանկական լոգանքի գլխարկ: Եթե, այնուամենայնիվ, երեխայի աչքերի մեջ որոշ չափով ջուր հայտնվի, օգտագործեք չոր սրբիչ ու նրբորեն սրբեք դեմքը:
Լոգանքը ժամանց է ու խաղ
Մտապահեք, որ փոքրիկի լոգանքը միայն մաքրվելու համար չէ: Այն ջերմ, հանգստացնող ծես է: Պահպանեք շփումը երեխայի հետ լոգանքի ընթացքում, աչքերին նայեք, պատմեք բալիկին, թե ինչ է տեղի ունենում: Լոգանքի ժամանակն օգտագործեք որպես երեխայի հետ ժամանցի կազմակերպման հնարավորություն: Հանկարծ չլքեք սենյակը, որտեղ փոքրիկը գտնվում է: Ընթացքում երգեր երգեք, խաղեր խաղացեք: Գնեք լոգանքի հատուկ խաղալիքներ: Գովաբանեք և խրախուսեք բոլոր այն քայլերը, որոնք անում են բալիկները: Լոգանքի ժամանակը դրական դարձնելն իրապես օգնում է նվազեցնել բալիկի վախերը: Երբ այսքանից հետո լոգանքները շարունակեն սիրելի չլինել երեխայի համար, նա չափազանց նյարդայնանա, խորհրդակցեք անպայման մանկաբույժի հետ: